
62 միլիոն դրամ՝ ջրային տնտեսության պետական կոմիտեին
Մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարության պահուստային ֆոնդից ջրային տնտեսության պետական կոմիտեին կհատկացվի ավելի քան 62 միլիոն դրամ։
Մասնավորապես գումարը կհատկացվի՝ Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում նախագծանախահաշվային և ներքին ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքների համար։
Կառավարությունը այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման Դավիթ Լոքյանի առաջարկով հաստատեց որոշման այս նախագիծը։
Կվերանորոգվի Լոռու մարզի Սարահարթ համայնքի պոմպակայանը, որը տարածաշրջանը սպասարկող ջրօգտագործողների ընկերության կողմից շահագործվել է մինչև 2004թ-ը: Նախարարության փոխանցմամբ՝ այժմ այն գտնվում է թալանված վիճակում: Անհրաժեշտ է վերականգնել էլեկտրական ենթակայանը, պոմպակայանի շենքը, մոտեցնող ջրանցքը, ավազանը, ինչպես նաև ձեռք բերել պոմպեր և շարժիչ, այլ սարքավորումներ: Վերանորոգված պոմպակայանը հնարավորություն կտա ոռոգել շուրջ 60 հա հողատարածք:
Իսկ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքում կվերանորոգվի ջրամբարի 4500 մ երկարությամբ մոտեցնող ջրանցքը։ Այն ամբողջությամբ քայքայված է, ընդհանուր շուրջ 150մ երկարությամբ հատվածներում՝ փլուզված: Ջրանցքի տեխնիկական վիճակով պայմանավորված ոռոգման շրջանում ջուրը չի հասնում ջրամբար, որի պատճառով հողատարածքներում ոռոգման այլընտրանքային ջրաղբյուր չկա: Ավելի ցածր նիշերում ընկած հողատարածքներում ոռոգման ջրամատակարարումն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով, էլեկտրաէներգիայի մեծ ծախսով շահագործվող խորքային հորից:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհը։ Պատճառը ոռոգման ջրի բացակայությունն էր։ Ինչպես մեզ հայտնել էր Աստղաձորի համայնքապետ Ռոբերտ Խաչատրյանը` ոռոգման սեզոնին ընդառաջ «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությունը չէր նորոգել պոմպերը։
Տավուշի մարզում կվերանագորվի Ներքին Ծաղկավան համայնքի 40 հա տարածք զբաղեցնող տնամերձերի ոռոգման ներքին ցանցը։ Այն նույնպես ամբողջությամբ քայքայված է և չի շահագործվում: Ներքին ցանցի հիմնանորոգման նպատակով 2014 թվականին ջրային տնտեսության պետական կոմիտեի նախաձեռնությամբ «Հայջրնախագիծ ինստիտուտ»-ի կողմից իրականացվել են նախագծանախահաշվային աշխատանքներ և աշխատանքների արժեքը գնահատվել է շուրջ 54,4 մլն դրամ:
«Ոռոգման համակարգերի անխափան շահագործում, որը կբերի ոռոգվող հողատարածքների ավելացմանը, ջրի պահանջարկի ապահովմանը, որը մեր հանրապետության պետական քաղաքականության գերակայություններից է»,-ասվում է նախագծում։
Մեկնաբանել