
«Սասնա ծռերի» անդամ Սերգեյ Կյուրեղյանը դատարան տեղափոխվելու ժամանակ գլխին վնասվածք է ստացել
«Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատական նիստը վերսկսվելուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը դատարան տեղափոխվելու ընթացքում գլխին վնասվածք է ստացել :
«Մեքենայից իջեցնելու և շենք մտնելու ժամանակ դիպել է մեքենայի երկաթե ամրակի ծայրին և ստացել վնասվածք»,- այս էր գրված ուղեկցող գումարտակի արձանագրության մեջ, որը դատավորն ընթերցեց: Սերգեյ Կյուրեղյանը նիստի դահլիճ բարձրացվեց և պնդեց, որ որևէ մեկն իր նկատմամբ բռնություն չի գործադրել: Դատավորը նշեց, որ դեպքի առիթով հետաքննություն է կատարվելու՝ պարզելու հանգամանքները:
Մինչև նիստը վերսկսելը Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանին դատական կարգադրիչները թույլ չէին տալիս երկրորդ անգամ մտնել նիստերի դահլիճ: Պատճառը թղթապանակի զննության ընթացքում մետաղաորսիչից հնչող ձայներն էին: Փաստաբանը պնդում էր, որ թղթապանակի մեջ որևէ արգելված իր չկա: Նա ասում էր, որ առաջին անգամ անարգել մտել է նիստերի դահլիճ: Փաստաբան Լուսինե Սահակյանը Մոնիկա Մարգարյանի պայուսակից հանեց գրիչ և մաստակ, որոնք մետաղորսիչով անցակցնելու ժամակ ձայներ արձակեցին:
Ձայներ էին արձակում նաև թղթապանակի ծայրերի մետաղյա ամրակները: Կարգադրիչները համոզվելուց հետո, որ փաստաբանի թղթապանակում չկա որևէ արգելված իր թույլատրեցին մտնել նիստերի դահլիճ:
Իսկ նիստը սկսելուց հետո Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նորից փորձեց միջնորդություն ներկայացնել, սակայն դատավորը թույլ չտվեց և նորից գնաց խորհրդակցական սենյակ՝ փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար որոշում կայացնելու: Նիստն անորոշ ժամանակով ընդմիջվեց:
Մեկնաբանել