HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Փաստաբան․ «Վարորդներին կօգնեմ բեկանել կարմիր գծերի ակտերը»

Երեւանում վճարովի ավտոկայանատեղիների սակագների վերաբերյալ քննարկումները չեն դադարում։ Դրանք սոցցանցերից ու մամուլից տեղափոխվել են տարբեր հարթակներ։

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան, «Խաչատուրով» ապահովագրական ընկերության նախագահ Արտակ Խաչատրյանը կարմիր գծերի ակտերի բողոքարկման մեծ փորձ ունի։

«Կարմիր գծերի համար ակտերը հնարավոր է բեկանել։ Մեծ հաճույքով կբեկանենք բոլորի ակտերը, ով կբողոքարկի, քանի որ էս ամբողջ գործընթացն անօրինական է իրականացվում»,- այսօր «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Խաչատրյանը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը, գտնում է, որ քաղաքը հեղեղված է կարմիր գծերով, բայց բավականաչափ տերմինալներ չկան, եւ վարորդին հասանելի չեն վճարման մատչելի եղանակները։

Մյուս կողմից, Չիլինգարյանի խոսքով, քաղաքապետարանը պետք է հատուկ տարածքներ դարձնի ավտոկայանատեղի, ոչ թե՝ երթեւեկելի մասի վրա կարմիր գծանշումներ կատարի եւ այն դարձնի վճարովի։

Խաչատրյանը համակարծիք է Չիլինգարյանին, որ տերմինալների թիվը բավարար չէ՝ պնդելու համար, որ վարորդները հնարավորություն ունեն վճարելու ավտոկայանատեղիների համար։

«Հետք»-ի հարցին՝ ի՞նչ սխեմայով է պետք տեղադրել տերմինալները, որպեսզի վարորդներն այս առումով քննադատելու առիթ չունենան, Խաչատրյանը պատասխանեց․ «Ավտոկայանատեղիների դեղին ցուցանակներից յուրաքանչյուրի մոտ տեղադրելով՝ հարցը կլուծվի»։

Իսկ քանի դեռ այս հարցը լուծված չէ, Արտակ Խաչատրյանը գտնում է, որ բազմաթիվ քաղաքացիներ չեն վճարելու կարմիր գծերի համար, եւ Հայաստանի օրենսդրությունն էլ անհնարինության սկզբունքի առումով քաղաքացիների կողմն է։ Այսինքն՝ դատարանը համարում է, որ քաղաքացու վճարելու համար անհնարին պայմաններ են եղել։

Անկախ նրանից, թե ինչ լուծում կստանա վճարովի ավտոկայանատեղիների համար sms հաղորդագրության միջոցով վճարելու հարցը, ոլորտում խնդիրները շատ են՝ ասում է Խաչատրյանը։

«Մի բան այն չէ, լավ չեն աշխատացնում։ Եթե լավ աշխատացնեին, 50 դրամով էլ կարող էին սպասարկել։ Երեւանի կենտրոնի կարգավորման խնդիրը թողած, էդ նկարչությունը հասել է ծայրամասեր, որտեղ դրա կարիքը չկա։ Դու ծառայություն ես վճարում եւ չես ուզում էդ գումարից նաեւ ծախսեր անես։ Ասում ես՝ քաղաքացիներ, եկեք ԱԱՀ-ն ու միջնորդավճարը վերցրեք ձեզ վրա։ Եթե քաղաքապետարանը չի կարողանում գլուխ հանել էս ծառայությունից, ապա պետք է այն փոխանցի այն մարմնին, որը կարողանում է սպասարկել»,-հայտարարեց Խաչատրյանը։

Նա պատմեց, որ կարմիր գծերը շատ դեպքերում գծվել են ճանապարհային երթեւեկության խախտումներով՝ կայանելու համար չթույլատրված վայրում։ Վարորդներն ավտոմեքենան կայանում են գծերի մեջ, իսկ ՃՈ-ն վարչական տույժի է ենթարկում։

«Հետք»-ի հարցին՝ ո՞րն է պատճառը, որ կարմիր գծերի համակարգը մոտ 5 տարի է` գործում է, սակայն ոլորտում բացերը չեն պակասում, իրավաբանը պատասխանեց. «Քաղաքացին խնդրի առաջ է կանգնել, որովհետեւ որակ չպահանջեց։ Իսկ մասնավորից դեպի համայնքայինին գնալը ավելի վատ անդրադարձավ սպասարկման որակի վրա։ Բայց կա նաեւ հասարակական կազմակերպությունների մեղքը, քանի որ այս խնդիրները հրապարակայնորեն քննարկվում են առիթից առիթ։

Ես համաձայն եմ, եթե կենտրոնում 1 ժամվա վճարը լինի անգամ 300 դրամ, որպեսզի կենտրոնը բեռնաթափվի։ Բայց դրսից էս գաղափարը վերցրել, աղավաղել են»։

Կարեն Չիլինգարյանը հույս հայտնեց, որ Երեւանը քայլեր կձեռնարկի վարորդների վրա լրացուցիչ բեռ չդնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը հուլիսի 7-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 1-ից 1045 եւ 5045 համարներին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի վճար կատարելիս կգանձվի համապատասխանաբար 149 եւ 748 դրամ՝ ներկայիս 100 եւ 500 դրամի փոխարեն:

«Հետք»-ը պարզել էր, որ «կարմիր գծերի» գոյությունից այս կողմ բջջային օպերատորների կողմից սահմանված են եղել նույն միջնորդավճարներն ու ԱԱՀ-ն, որը օգոստոսի 1-ից իրենց գրպանից կվճարեն վարորդները` օգտվելով sms հաղորդագրություն ուղարկելու հնարավորությունից: «Փարկինգ սիթի սերվիսը», որն ընդամենը մի քանի ամիս առաջ դարձել է համայնքային կազմակերպություն, իսկ մինչ այդ մասնավոր ընկերություն էր, բոլոր ժամանակներում sms-ով կատարված վճարումների մոտ 50 տոկոսը վերադարձրել է բջջային օպերատորներին՝ որպես միջնորդավճար եւ ԱԱՀ:

Իսկ երբ ընկերությունը դարձել է համայնքային ՓԲԸ, եւ ավտոկայանատեղիների դիմաց վճարվող գումարները, որպես տեղական վճար, փոխանցվում են քաղաքապետարանին, վերջինս հավաքագրած տեղական վճարներից որեւէ դրամ չի հատկացրել բջջային օպերատորներին` դրա համար ունենալով իր պատճառները: Փոխարենը դա արել է «Փարկինգ սիթի սերվիսը», որը շարունակում է քաղաքապետարանից պատվիրակված ծառայություն իրականացնել` դրա դիմաց վճարվելով քաղաքապետարանի կողմից: Հիմա էլ ընկերությունը, վերագնահատելով իրավիճակը, որոշել է ֆինանսական այդ բեռից հրաժարվել:

Երեւանի քաղաքապետարանն այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ մտահոգված լինելով խնդրով` գրավոր դիմել է բջջային կապի օպերատորներին՝ քննարկելու SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի գանձման ձեւաչափում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը, ինչը հնարավորություն կտա վերացնելու լրացուցիչ ԱԱՀ-ի վճարման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ էապես կնվազեցնի գանձման հետ կապված հավելյալ այլ ծախսերը։ Նախնական քննարկումների արդյունքում խնդիրը բոլորի համար ընդունելի պայմաններով լուծելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter