
«Եթե ոսկու հանքը խանգարելու է մեր մալինային, նշանակում է՝ ամեն ինչի կխանգարի». ուսումնասիրվելու են Շեկաղբյուրի ոսկու պաշարները
Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020թթ. նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ:
«Միռամ» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարություն է ներկայացել երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը:
«Միռամ» ՍՊԸ-ն երկամսյա պատմություն ունի. գրանցվել է այս տարվա մայիսի 10-ին: Ընկերության ամենամեծ բաժնետերը Արայիկ Սամվելի Զադոյանն է: Նրան է պատկանում բաժնեմասի 34 %-ը: Արայիկ Զադոյանը նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար, վանաձորցի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենն է: Մնացած 33 %-ական տոկոս բաժնեմասերի տերերը վանաձորցի Անահիտ Շավարշի Դանիելյանն է և ՌԴ քաղաքացի Հենրիկ Մեսրոպի Գևորգյանը: Վերջինս նաև ընկերության տնօրենն է:
Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումը գտնվում է Լոռու մարզի կենտրոնական մասում՝ Լեջան-Լալվար լեռնաշղթայի հարավային լանջին, Մղարթ գյուղից 3.2 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Հովնանաձորից՝ 2.9 կմ դեպի արևելք: Հանքերևակման տարածքն ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ 200 հա մակերես: Ընդգրկում է երկու համայնքների՝ Մղարթի 54 հա և Արդվի 146 հա տարածքները: Բացի այս երկու գյուղերից, մոտակա բնակավայրերն են նաև Հովնանաձոր, Յաղդան Կողես և Օձուն գուղերը: Լեռնագրական տեսակետից հանքերևակման տարածքը հարում է Ջավախքի լեռնաշղթային մինչև Դեբեդի կանիոնը 73 կմ երկարությամբ ձգվող Վիրահայոց լեռների հարավային լանջերին:
Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային երևակման շրջանի հիմնական ջրագրական միավորը Կաճաճկուտ գետն է՝ Դեբեդի ձախ վտակը:
Բնապահպանության նախարարության ներկայացված նախագծի համաձայն՝ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային երևակման շրջանում բուսածածկը ներկայացված է 2 հիմնական տիպերով՝ լայնատերև անտառային բուսականություն՝ հաճարենու, կաղնու, բոխու մասնակցությամբ, ինչպես նաև տափաստանային հացազգային և տարախոտա-հացազգային բուսականություն՝ Festuca, Koeleria, Stipa տեսակների բույսերի մասնակցությամբ:
Երևակման շրջանի կենդանական աշխարհը հարուստ է տարբեր տեսակներով: Երկկենցաղներից հանդիպում է լեռնային գորտը, սողուններից՝ ժայռային մողեսը: Առավել տարածված թռչուններն են ալպիական ճայուկները և արտույտները, իսկ կրծողներից հանդիպում են սովորական և ձյան դաշտամուկը: Մորեխներից հայտնի է պսորոդոնտուսները, երկակնճիթներից՝ օտիորինոխուս սեռի տեսակները, Բիբերեշտեյնի կառաբուսը: Թիթեռներից բնորոշ են ապոլոնները, սատիրները, կապտաթիթեռները և սատուռնիան :
Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային երևակման շրջանում բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան: Երկրաբանական ուսումնասիրության համար նախատեսված տարածքում ՀՀ Կարմիր գրքերում գրանցված բուսական և կենդանական տեսակներ չեն արձանագրվել:
Շրջակա միջավայրի պահպանության տեսակետից որևէ ռիսկային և բացասական գործողություն ընկերությունը չի կանխատեսել: Իսկ բնապահպանական միջոցառումների համար նախատեսել է հատկացնել տարեկան 350 հազար դրամ:
Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կիրականացվեն վերգետնյա լեռնային փորվածքների, սյունակային խորքային հորատանցքերի, երկրաքիմիական աշխատանքների, երկրաբանահանութային երթուղիների միջոցով նմուշարկման զուգորդմամբ՝ նպատակ ունենալով տալ որակական ու քանակական գնահատական հայտնաբերված օգտակար հանածոյի պաշարների վերաբերյալ:
Հուլիսի 26-ին Լոռու մարզի Արդվիի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Միռամ» ՍՊԸ-ի ներկայացրած երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը:
Հիշեցնենք, որ Մղարթում 2005 թվականից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ՍՊԸ-ն արդեն իսկ շահագործում է ոսկու հանքավայրը: Իսկ հետախուզվող տարածքը հեռու է Մղարթի ոսկու հանքավայրից 2,5 կմ: Արդվի համայնքի ղեկավար Սամվել Կիրակոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ «Մուլտի գրուպ»-ը տարիներ առաջ իրենց համայնքում ուսումնասիրություններ իրականցրել է ոսկի գտնելու ակնկալիքով, սակայն հետո դադարեցրել է. ըստ ամենայնի՝ սպասելիքները չեն արդարացել: Գյուղապետը հիշում է, որ դրանից հետո ևս մեկ ընկերություն է հետաքրքրվել իրենց համայնքի վարչական տարածքում առկա ոսկու պարունակությամբ:
«Միռամ» ՍՊԸ-ի նախագծին գյուղացիները ծանոթ չեն, համայնքը դեռևս որևէ գրավոր համաձայնություն չի տվել: Սամվել Կիրակոսյանն ասում է՝ երբ նախագիծը ներկայացնեն, համապատասխան անձանց ու ավագանու հետ խորհրդակցելուց հետո համայնքն իր խոսքը կասի: Առայժմ ոչնչից տեղյակ չեն:
Գյուղապետը պատմեց, որ իրենց 240 բնակիչ ունեցող գյուղում կոոպերատիվ է ստեղծվել: Ազնվամորու աճեցման համար 6 հա տարածք է հատկացվել գյուղի 8 ընտանիքի: Ներդրումներ են նախատեսում իրականացնել և սկսել մշակումը: Գյուղապետի հաշվարկներով՝ այս կոոպերատիվի գործունեությունը հնարավորություն կտա սեզոնին 50-60 աշխատատեղ ապահովել՝ 3000-5000 դրամ օրավարձով: Ջերմոցներում կաշխատեն նաև ձմռանը:
«Եթե ոսկու հանքը խանգարելու է մեր մալինային, նշանակում է՝ ամեն ինչի կխանգարի,- ասում է գյուղապետը,- եթե մասնագետները կճշտեն, որ թունավոր արտանետումներ են ունենալու՝ ռադիոակտիվ և այլն, մենք կաշխատենք արգելել: Եթե բնակչությունը դեմ եղավ, ինձ թվում է՝ օրենքը թույլ կտա, որ դա (նկատի ունի՝ հանքավայրը-հեղ.) չլինի»:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել