HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Գուրզադյան

Ճշմարտածնության էպիկենտրոնում

Հարկադրված կեղծ պետականությունից «սեփականաշնորհված» պետականության անցման հոգեվարքը, պատմահոգեբանական բարդ իրադրության մեջ նետելով մարդկանց, ժամանակների հասունացման հերթական, պատմական այս փուլում անհրաժեշտաբար դնում է խնդիրներ, որոնց լուծումից են կախված լինելու տվյալ հասունության կերպն ու հյուսվող պատմության տրամաբանությունը:

Այս փուլում անհրաժեշտ է նորից վերանայել անցյալում իրական պետականությունից հրաժարվելու, պետությունը լքելու եւ անհատական գոյության անցնելու մեր ոդիսականը:

Դրա ոչ միայն արտաքին, այլեւ ներքին դրդապատճառները: Անկասկած, դրանք ծայրաստիճան բարդ են, բազմաբնույթ ու բազմարժեք: Սա գիտապատմական, հասարակագիտական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային-հոգեբանական կոմպլեքս հետազոտության թեմա է, որի լուծումից է կախված մեր ազգային ինքնագիտակցության եւ աշխարհընկալման էությունը: Բնականաբար, նաեւ մեր դերը արդի աշխարհում:

Հունական քաղաքակրթության «Ճանաչիր ինքդ քեզ» հայտնի կարգախոսը հիմնաքարային է հատկապես քրիստոնեական աշխարհի ինքնազգացողության համար:

Պարզունակ թվացող այս պահանջը արմատներ է նետում թե՛ Երկիր, թե՛ Երկինք: Որովհետեւ ճանաչելով ինքդ քեզ' դու չես կարող խուսափել ո՛չ Երկրի, ո՛չ էլ Երկնքի ճանաչողությունից:

Աշխարհը մարդու հետ միասին է միայն ամբողջական: Այդ ամբողջությունը չքանդելու համար սիրիր քո մերձավորին եւ կողակցին, որ ճանաչես նրան, ինքդ քեզ ճանաչելու համար, եւ հակառակը: Արդեն բոլորովին նոր, քրիստոնեական կտրվածքով այստեղ մուտք է գործում սիրելու ֆունկցիան, որը դառնում է ճանաչողության նախապայմանն ու հետեւանքը:

Սիրելու ֆունկցիան, քրիստոնեական աշխարհընկալման առանցքային այդ հասկացությունը պատահականորեն չի մտնում ճանաչողության ոլորտ:

Այն մուտք է գործում տիեզերական հաշտության գլոբալ նպատակով, քանզի ճանաչողությունն առանց սիրո պետք է ավելի շատ տաներ մարդկանց պառակտման' լիովին ատոմականացնելով աշխարհը:

Սակայն տիեզերական սիրո մարմնավորումից 2000 տարի անց իրադրությունը ոչ միայն չի փոխվել, այլեւ ահռելի զարգացման փուլեր անցնելով եւ աննախադեպ ունակություններ ձեռք բերելուց հետո' մարդկությունը նորից ելակետային դիրքերում է, նորից անկանխատեսելի անհայտության առջեւ, բայց այս անգամ արդեն ազատության եւ անկախության դրոշների ներքո:

Ազատությունն ու անկախությունը վերջին հարյուրամյակների հիմնական քաղաքական խմորումների թթխմորն են:

Ժամանակակից մարդու, ազգերի եւ պետությունների առանց այլեւայլության ինքնըստինքյան հասկանալի համարվող հավակնությունը ազատությունն ու անկախությունն են:

Յուրաքանչյուր ոք իրեն իրավունք է վերապահում ուրիշից ազատություն եւ անկախություն պահանջել՝ առանց որեւէ ջանք թափելու այդ նախադրյալները բավարարել ինքնուրույն եւ իր ինքնության մեջ դառնալ այդպիսին:
Առաջանում է աղետալի մի վիճակ:

Բոլորն իրարից անկախություն են պահանջում, երբ փաստորեն գտնվում են ահռելի փոխկախվածության եւ փոխներգործության ոլորտում:

Առաջանում են բացահայտ սեպարատիստական տենդենցներ' մի կողմից, եւ չուզենալով, ինտեգրման հարկադրված քայլեր, մյուս կողմից, բնականաբար, ոմանց դիմակայելու հաշվենկատությամբ:

Սա արդյունք է ազատության եւ անկախության գերխնդրին անհատական հոգեւոր-ճանաչողական լուծում տալու եւ համապատասխան մակարդակի վրա մարմնավորելու փաստի բացակայության: Այդ լուծումն անպայմանորեն ենթադրում է ամենօրյա ինտենսիվ ճանաչողություն, ինքնաճանաչողություն եւ սեր:

Վերջինս այն մոգական ուժն է, որ պահում է մարդուն եւ աշխարհը անընդհատ ուղեկցող կործանարար, աղետաբեր տրոհումից: Սակայն սիրո խնդիրը ոչ թե տրոհվող աշխարհի մեխանիկական, քանակական պահպանումն է, այլ դրա որակական, էական, էութենական տրանսֆորմացիան գոյող, ապրող, ստեղծագործվող աշխարհի, ուր ազատությունն արդեն օդում է' ներշնչվող եւ արտաշնչվող մթնոլորտում, ոչ թե իրավաբանական օրենքներում:

Դրսից տրված օրենքները ներսից ծննդաբերող մարդն է առաքում ազատության շունչը, եւ ոչ թե օրենքները տառակերորեն կատարող անդեմ կամ դիմակավորված մահկանացուն, կամ էլ կամայականությամբ դրանք մերժող անարխիստը:

Ծննդաբերությունն ինքնին ստեղծագործության վկայություն է: Իսկ ստեղծագործությունը հասունանում է երեւակայության հղիությունից: Երեւակայությունն իր հերթին սնվում է ճանաչողությունից:

Ճանաչողության հիմնական դրդապատճառը ճշմարտության որոնումն է: Ճշմարտության որոնումը, մարդու ամենանախնական այդ բնազդը, զարգացման այն փուլում, երբ ճանաչողությունը հղիացնելով երեւակայությունը' վեր է ածվում ստեղծագործության, աստիճանաբար դառնում է ճշմարտածնություն, որը եւ իրական ազատության նախապայմանն է:

Այս ուղին, բնականաբար, ուղղագիծ չէ, այն անցնում է ելեւէջներով, անկումներով եւ վերելքներով, քանզի ճշմարտությունն ունի հակառակորդ՝ ի դեմս հակաճշմարտության, ստի: Դա մեծ փորձությունների ուղին է, որի դիալեկտիկան էլ բերում է ճշմարտածնության:

Ճշմարտությունն անհնար է պատկերացնել ստատիկ, ֆիքսված ձեւով: Դա դինամիկ որակ է, որ ձգտում է ամեն կոնկրետ դեպքում անհատական բնույթ ստանալու, անհատական մարմնավորման:
Անհատապես մարմնավորված, ստեղծագործված ճշմարտությունն է ճշմարտության իրականությունը:

Եվ այդ ստեղծագործումն է, որ լուծում է իրականության եւ կյանքի պրոբլեմը, մեծացնում դրանց ինտենսիվությունն ու վեհությունը, իմաստն ու քաղցրությունը:

Սոսկ գոյատեւելու ռեժիմից մարդն անցնում է ապրելու արվեստին: Ճշմարտածնության էպիկենտրոնում կյանքը դառնում է արվեստի ստեղծագործություն: Նման դիրքորոշում եւ կեցվածք ունեցող մարդկանց համակեցությունն, անկասկած, այլ պտղատվություն է խոստանում:

Ազատության մեջ ընկալող, ճանաչող եւ ստեղծագործող անհատների միությունը դառնում է ընկալողության, ճանաչողության եւ ստեղծագործության որակապես ավելի հզոր մի օրգան' գաղափարների մշակման եւ առաքման կենտրոն:

Նման քայլերից է կախված ժողովրդի, հասարակության, պետականության ապագան: Նման քայլերից է կախված «դարվինիզմի» հաղթահարումը ազատ շուկայում եւ հասարակական կյանքում: Նման քայլերից է կախված ազատության եւ անկախության կերպը ահռելի փորձությունների այս դարաշրջանում:

շարունակելի 

«Ռուբիկոն» ամսագիր, 1/11/2007

Մեկնաբանություններ (1)

Միքայէլ Հայրապետեան
Հրաշալի է, ուսանելի է: Հայ միտքը սրնո’վ է պետք խմորել: Շնորհակալություն կայքին` այսպիսի հրապարակում հրամցնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter