HY RU EN

Արաքս Մամուլյան

Դատավորը պատրաստվում է Վահան Շիրխանյանի համար հանրային պաշտպան ներգրավել գործում

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ գործով դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր երկու ժամով հետաձգեց նիստը՝ հայտարարելով, թե այդ ընթացքում կլուծի Շիրխանյանի հանրային պաշտպանի հարցը: Դատավորը նման որոշում կայացրել է այն բանից հետո, երբ Շիրխանյանի պաշտպան Ալումյանը լքեց նիստերի դահլիճը:

Այսօրվա դատական նիստին, ինչպես նախորդին, Շիրխանյանը դատական նիստերի դահլիճ չէր ներկայացվել:

Դատավորի նիստերի քարտուղարը դատավարության կողմերի ներկայանալ կամ չներկայանալու վերաբերյալ դատավորին զեկուցելիս դարձյալ չանդրադարձավ Շիրխանյանի՝ դահլիճում չգտնվելու հանգամանքին: Երբ Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը բարձրաձայնեց այդ հարցը, Արմեն Բեկթաշյանը նշեց, թե Շիրխանյանը դատական նիստերի դահլիճից երեք ժամով հեռացված է: Նշենք, որ Շիրխանյանը դահլիճից 3 ժամով հեռացվել է դեռևս երկու շաբաթ առաջ տեղի ունեցած դատական նիստին՝ հուլիսի 1-ին, և դատավորը այդ երեք ժամը հաշվարկում է ըստ դատական ժամի, մինչդեռ ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանը պնդում է, որ օրենքում որևէ կերպ ամրագրված չէ, որ խոսքը դատական ժամի մասին է:

«Եթե դատարանը համարում է, որ իմ պաշտպանյալը դեռևս իր որոշման հիման վրա հեռացված է նիստերի դահլիճից, ապա ասեմ, որ դատարանը կոպիտ կերպով խախտում է քրեական դատավարության օրենսգիրքը»,- ասաց Ալումյանն ու, հղում կատարելով քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածին, հավելեց, որ «ժամկետը ժամերով հաշվելիս հաշվի չի առնվում միայն այն ժամը, որից սկսվում է ժամերի ընթացքը, իսկ մնացած ժամերը հաշվվում են»:

Այսինքն, Ալումյանի պնդմամբ, Շիրխանյանի դահլիճից հեռացված լինելու երեք ժամն արդեն վաղուց լրացել է:

Չնայած Ալումյանի առարկությանը՝ դատավոր Բեկթաշյանը շարունակեց դատական նիստն ու ցանկանում էր պարզել, թե արդյոք դատավարության կողմերը բացարկի միջնորդություն ունեն գործում նոր ներգրավված դատախազներից մեկին: Ալումյանը, սակայն, դատավորին հայտնեց, որ ինքը պետք է նաև իր պաշտպանյալի դիրքորոշումն իմանա հարցի վերաբերյալ:

«Ես գտնում եմ, որ այս դատավարությանն այժմ առանց Շիրխանյանի շարունակելը օրենքի կոպտորեն խախտում է»,- հայտարարեց Հայկ Ալումյանը:

«Շիրխանյանը հեռացված է»,- դարձյալ հիշեցրեց Արմեն Բեկթաշյանը, և Ալումյանը հետաքրքրվեց, թե արդյոք Շիրխանյանը զրկված է նաև կարծիք արտահայտելու իրավունքից:

«Դուք պաշտպանն եք, Դուք Ձեր կարծիքն ասեք»,- պատասխանեց Արմեն Բեկթաշյանն ու հարց ուղղեց, թե արդյոք Ալումյանի նպատակը դատական նիստերը ձգձգելն է:

«Ես գտնում եմ, որ դատարանն է ցանկանում ձգձգել նիստերը: Դատարանը 6 ամիս ձգձգեց նիստերն, իսկ հիմա, շատ լավ իմանալով, որ ես առանց Շիրխանյանի չեմ մասնակցելու դատական նիստին, նման վիճակ է ստեղծում»,- ասաց Ալումյանն ու կարծիք հայտնեց, որ դատավոր Բեկթաշյանը ցանկանում է ձգձգել նիստերն ու տպավորություն ստեղծել, թե դրա պատճառը մեղադրյալներն ու պաշտպաններն են:

Որպես այդպիսի օրինակ` Ալումյանը նշեց, որ չնայած դատավոր Բեկթաշյանը շատ լավ գիտի, որ Շիրխանյանը չի կարողանում ոտքի կանգնել, դա դիտարկում է անհարգալից վերաբերմունք:

«Դուք սրա համար իրեն հանեցիք նիստերի դահլիճից, այդ օրը դատական նիստը ձախողեցիք,- ասաց Ալումյանը, և դատավոր Բեկթաշյանը դա վիրավորանք ընկալեց:

Ալումյանը ևս մեկ անգամ պահանջեց, որպեսզի իր պաշտպանյալը բերվի դահլիճ, սակայն դատավորը դարձյալ չզլացավ հիշեցնել, որ Շիրխանյանը հեռացված է, որից հետո Ալումյանը հայտնեց, որ այդ դեպքում ինքը ևս չի կարող մնալ նիստերի դահլիճում:

«Դա Ձեր իրավունքն է»,- պատասխանեց Բեկթաշյանը, բայց երբ Ալումյանը լքում էր նիստերի դահլիճը, արձանագրեց, որ պաշտպանը խոչընդոտում է դատական նիստի բնականոն ընթացքը և շարունակվող դատական նիստին հեռանում դահլիճից:

«Դուք նոր ինձ պարզաբանեցիք, որ դա իմ իրավունքն է»,- այս խոսքերն ասելով՝ Ալումյանը դուրս եկավ, և դրանից հետո Բեկթաշյանը երկու ժամով հետաձգեց նիստը:

Նշենք, որ եթե անգամ դատական նիստը վերսկսվի, և հանրային պաշտպան ներկայանա, ապա վերջինս չի կարող գործում ներգրավվել առանց Շիրխանյանի համաձայնության: Ալումյանը վստահ է, որ եթե անգամ Շիրխանյանին բերեն դահլիճ, որպեսզի նրա ներկայությամբ հանրային պաշտպանին ներգրավեն, վերջինս չի համաձայնի, ինչպես նաև կհայտարարի, որ ինքը վճարունակ է և հանրային պաշտպանի կարիք չունի: