
Մանկապարտեզներում ամենաշատ խախտումներն Արարատի մարզում են, ամենաքիչը՝ Երևանում (ինֆոգրաֆիկա)
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2013-2017թթ առաջին եռամսյակ ընկած ժամանակահատվածում երբևէիցե բողոքներ չի ստացել Երևանի և մարզերի մանկապարտեզների սննդի որակի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, նշված ժամանակահատվածում տուգանվել են 179 մանկապարտեզներ՝ մոտ 12 մլն ՀՀ դրամի:
«Հետք»-ն ուսումնասիրել է այդ ժամանակահատվածում ՍԱՊԾ կատարած ստուգումները և պարզել, որ ամենաշատ խախտումները մանկապարտեզներում լինում է Արարատի մարզում, ամենաքիչը՝ Երևանում: Խախտումների մեծ մասն էլ վերաբերում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պահանջների, ինչպես նաև՝ մակնշումների խախտմանը։
Մանկապարտեզներում պետական վերահսկողությունը ՍԱՊԾ-ն իրականացնում է ստուգումների և դիտարկումների միջոցով։ Մասնավորապես՝ «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներով և 2013թ N 338-Ն որոշմամբ հաստատված «Հանրային սննդի կազմակերպությունների համար» ստուգաթերթի հարցերի շրջանակներում։
Նմուշառում և լաբորատոր փորձաքննություն իրականացվում է՝ ելնելով կոնկրետ դեպքերում եղած անհրաժեշտությունից։
Մանկապարտեզներում ՝ ՍԱՊԾ կողմից կատարվող ստուգումների հաճախականությունը սահմանված է «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով, իսկ դիտարկումները կատարվում են՝ ըստ անհրաժշտության։
ՍԱՊԾ՝ «Հետք»-ին տրամադրած տեղեկության համաձայն՝ այս տարիների ընթացքում մանկապարտեզների սննդի որակի վերաբերյալ երբևէ բողոքներ չեն ստացել:
2013-2017թթ առաջին եռամսյակի ընթացքում Երևանում և մարզերում իրականացված ստուգումների արդյունքում խախտում է հայտնաբերվել 179 մանկապարտեզում: Արդյունքում այդ մանկապարտեզների նկատմամբ կիրառվել է 12 030,000 մլն ՀՀ դրամի տուգանք։
3 խախտում Երևանում, 33 Արարատում
Մանկապարտեզներում 2013-2017թթ արձանագրված 179 դեպքից միայն 3 են եղել Երևանում՝ «Երևանի թիվ 53 մանկապարտեզ»-ում, «Մանկիկ նախակրթարան»-ում և «Ժպիտ նախակրթարան»-ում. մնացածը 176 խախտումը մարզերում է եղել:
Ամենաշատ խախտումները եղել են Արարատի մարզում՝ 33 դեպք, հաջորդն Արմավիրն է՝ 31 դեպք: Մարզերում ամենաքիչ խախտումը Վայոց Ձորում է, ընդամենը՝ 8 դեպք:
179 խախտում 183 տուգանք
Նշված ժամանակահատվածում ՍԱՊԾ-ն տուգանել է 179 մանկապարտեզի՝ շուրջ 12 մլն ՀՀ դրամով:
Նշանակված տուգանքներից նվազագույնը եղել է 20 000 դրամ, առավելագույնը՝ 150 000 դրամ:
Մասնավորապես արձանագրվել է 183 խախտում՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» խախտման 3 հոդվածների մասով:
Խախտումների կեսում՝ 92 դեպքում, խախտվել են առևտրի իրականացման վայրի կազմակերպչի, առևտրի, հանրային սննդի վաճառողի եւ կենցաղային ծառայություններ կատարողի կողմից օրենքով սահմանված պահանջները ( ՎԻՎՕ 158-րդ հոդված): Սրա մեջ են մտնում նաև մանկշման խախտումներ, մասնավորապես՝ առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքները:
Մնացած 90-ում խախտվել են ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները, պարտադիր սերտիֆիկացման կանոնները, չափումների միասնականության ապահովման նորմատիվ փաստաթղթերի պահանջները ( ՎԻՎՕ 188-րդ հոդված): Մասնավորապես՝ սննդամթերքին առնչվող անհրաժեշտ փասթաթղթերի բացակայությունը, ինչպես նաև՝ եղած փաստաթղթերը չտրամադրելը:
Եվ 183 դեպքից միայն մեկում է արձանագրվել սանիտարահիգիենիկ նորմերի խախտում ( ՎԻՎՕ 112-րդ հոդված): Նման դեպք գրանցվել է Երևանի «Մանկիկ նախակրթարան»-ում. մանկապարտեզը տուգանվել է 150 000 դրամով:
Մեկնաբանել