HY RU EN

Արաքս Մամուլյան

Ութ ամիս շարունակ պաշտպանը չի կարողանում միջնորդել փոխել գլխուղեղի կաթված ստացած իր պաշտպանյալի խափանման միջոցը

Զինված խմբի գործով դատական նիստի ընդմիջման ժամանակ ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանի՝ ազատամարտիկ Ապարի առողջական վիճակը վատացել էր, և նրա համար շտապօգնություն էր հրավիրվել: Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ներսիսյանի պաշտպան Կարմեն Պողոսյանը:

Փաստաբանը բարձրաձայնեց այն մասին, որ արդեն 8 ամիս է՝ ինքն, ինչպես նաև գործով մյուս պաշտպանները չեն կարողանում իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել:

Պողոսյանն ասաց, որ իր պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում գլխուղեղի կաթված է ստացել, և այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն դատական բոլոր նիստերը ավարտվում են շատ արագ, ու հերթը չի հասնում խափանման միջոցների քննության հարցին:

Հիշեցնենք, որ այսօր այս գործով նշանակված էր դատական նիստ, որը մեկնարկից շուրջ տասը ռոպե հետո ընդմիջվել էր. Վահան Շիրխանյանը դահլիճ չէր բերվել, և պաշտպան Հայկ Ալումյանը լքել էր նիստերի դահլիճը: Դրանից հետո դատավոր Արմեն Բեկթաշյանը երկու ժամով ընդմիջում էր հայտարարել:

Ընդմիջումից հետո մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդեց Ալումյանի նկատմամբ սանկցիա կիրառել և դիմել Փաստաբանների պալատ՝ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Ըստ Արամյանի՝ Ալումյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ:

Ապա փաստաբաններ Արմինե Ֆանյանն ու Սյուզան Խչեյանը դատարանին միջնորդեցին դատական նիստերի դահլիճ վերադարձնել Վահան Շիրխանյանին, որպեսզի Հայկ Ալումյանը ևս վերադառնա:

Արմինե Ֆանյանն ընդգծեց, որ այս գործով կալանքի տակ գտնվող տասից ավելի անձ կա, իսկ դատական նիստերը շարունակ ձգձգվում են: Սյուզաննա Խչեյանն էլ նշեց, որ եթե դատարանը համարում է, որ Շիրխանյանին հեռացրել է 3 դատական ժամով, իսկ այս գործով դատական նիստերը տևում են ընդամենը տասը րոպե, ապա դատարանը դեռ երկար ժամանակ չի անցնի դատաքննության:

«Եթե այսպես շարունակվի, 2018-ի գարնանը նոր կանցնենք դատաքննության»,- ասաց Սյուզաննա Խչեյանը:

Բեկթաշյանը պատասխանեց, որ փաստաբանների միջնորդությունը չի կարող քննվել, քանի որ Ալումյանը ներկա չէ նիստին:

«Այդ դեպքում ինչո՞ւ եք Ալումյանի բացակայությամբ քննում դատախազի միջնորդությունը»,- նկատեց Խչեյանն ու իբրև դատավորի հետ անհամաձայնության նշան ինչ-որ բան ասաց:

«Ինչո ՞ւ եք ճպցնում»,- դիմելով Խչեյանին՝ ասաց Արմեն Բեկթաշյանն ու դատախազի միջնորդության վերաբերյալ առանց կողմերի կարծիքը լսելու որոշում կայացրեց դիմել Փաստաբանների պալատ:

Նշենք որ նախորդ դատական նիստին Ալումյանի նկատմամբ ևս մեկ սանկցիա է կիրառվել նիստերի դահլիճը լքելու համար:

Դատական հաջորդ նիստը հուլիսի 21-ին է: