«Հայփոստը» Սյունիքում 3 բաժանմունք է արդիականացրել
«Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ը շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման ծրագիրը: Այսօր տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքների փոստային մասնաճյուղերի և բաժանմունքների, ինչպես նաև Տաթև գյուղի փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ինչպես նաև տեղի բնակիչները:
Շնորհակալություն հայտնելով «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ին և «Հայփոստ» ՓԲԸ-ին՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշեց, որ «Հայփոստ»-ն այսպիսով «կոնկրետ համայնքում լուծում է կոնկրետ խնդիր»:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր հերթին նշեց, որ բաժանմունքները հնարավորություն են տալիս մեկ վայրում կատարել վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց: Տաթև գյուղում բաժանմունքի վերաբացման արարողության ժամանակ մարզպետը նշեց, որ սա բնակիչների համար ևս մեկ կապ է աշխարհի հետ. «Սա պատուհան է դեպի աշխարհ»:
«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանն իր հերթին նշեց, որ շուտով «Հայփոստ»-ի բաժանմունքներում հնարավոր կլինի նաև կնքել ԱՊՊԱ պայմանագիր:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, տեղեկացնելով «Փոստ Եվրոպա»-ի ղեկավար և ֆրանսիական ազգային փոստային օպերատոր «Լա պոստ»-ի միջազգային տնօրեն Ժան-Պոլ Ֆորսվիլի հետ տեղի ունեցած հանդիպման մասին, ներկայացրեց համագործակցության ծրագրերը Ֆրանսիայի և Իտալիայի ազգային փոստային օպերատորների հետ:
Ֆրանսիական «Լա պոստ»-ի հետ համագործակցությունը պայմաններ կստեղծի փոստային գործառույթների արդիականացման և ծառայությունների որակի բարձրացման համար՝ հաճախորդների համար ստեղծելով հարմարավետ և վստահելի միջավայր:
Այս համագործակցության շրջանակներում Խ.Պ. Գեչիջյանը խոսեց նաև այն համակարգերի և ծրագրերի մասին, որոնք «Հայփոստը» կներդնի առաջիկայում: Աշխարհում մի շարք առաջատար երկրների փոստային օպերատորներն արդեն աշխատում են այս ծրագրերով:
Խուան Պաբլո Գեչիջյանը լրագրողներին ներկայացրեց նաև Ռուսաստանի փոստի հետ համագործակցության նոր հեռանկարները, ինչի արդյունքում Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորները կզարգացնեն երկու երկրների միջև արագ փոխանցումները և կմեծացնեն փոխանցումների ծավալը: Արագ դրամական փոխանցումների կազմակերպման և փոստային փոխանակման կատարելագործման նպատակով կստեղծվի երկու աշխատանքային խումբ:
Նախատեսվում է ակտիվացնել արդեն գործող մեխանիզմները երկու երկրների փոստային օպերատորների միջև, որի արդյունքում դրամական փոխանցումները, ծանրոցները, նամակները և փոստային մյուս առաքանիներն ու ծառայությունները ավելի արագ և օպերատիվ կհասնեն հասցեատիրոջը:
«Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում «Հայփոստ»-ի պատշաճ ներկայությանն ու փոստային և հարակից ծառայություների զարգացմանը: Նորոգված, նոր բրենդին համապատասխանեցված բաժանմունքները ոչնչով չեն տարբերվում մայրաքաղաքում վերաբացված փոստային բաժանմունքներից ոչ ծառայությունների, ոչ սպասարկման որակի մակարդակով:
Սյունիքի այս բաժանմունքներում ևս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:
Նոր ենթակառույցների և օնլայն ցանցի կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել Սիսիանի, Գորիսի և Տաթևի բնակիչներին:
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային և ֆինանսական ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:
Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվեն ինտերնետային ծառայություններ, պատճենահանում, տպագրություն և ֆաքսիմիլային կապ:
Մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացված բաժանմունքների թիվը հասցնել է 104-ի` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:
«Հայփոստ թրասթ մենեջմենթ» Բ.Վ.
«Հայփոստ» ՓԲԸ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել