
Բավրայի հնդկացորենի վերամշակման գործարանը պաշտոնապես գործարկվեց
«Նոր հատիկ» անվանումով հայկական հնդկաձավարը շատ շուտով հնարավոր կլինի փնտրել ու գտնել վաճառակետերում: Ե՞րբ, ի՞նչ ժամկետներում` դեռեւս հայտնի չէ, բայց որ պատրաստ են բավրացի ֆերմերները ձեռնոց նետել հայկական շուկան ողողած ներկրվող հնդկաձավարին՝ արդեն իրողություն է: Այսօր, Աշոցք խոշորացված համայնքի Բավրա գյուղում, տեղի ունեցավ «Նոր հատիկ» անվանումը կրող հնդկացորենի գործարանի պաշտոնական բացումը: Հանրապետությունում նմանատիպ գործարան Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում բացվել էր 2016թ-ի դեկտեմբերի 6-ին, իսկ արդեն մարտ ամսին հայտարարվել էր արտադրանքը շուկա հանելու մասին: Սակայն բնական գազի բացակայությունը ժամանակավոր պարապուրդի է մատնել Ծովագյուղի գործարանը:
Չգազիֆիկացված Բավրա գյուղում նույն խնդրի առաջ չկանգնելու համար հնդկաձավարի կեղեւն այրելու միջոցով բարձր ջերմային մշակումն ապահովելու նպատակով փայտի փոխարեն առայժմ բրիկետ են (բիովառելիք-հեղ.) օգտագործում: Բիովառելիքը բերում են Արմավիրի մարզից, սակայն ծրագիր կա հետագայում այն տեղում արտադրելու հնդկացորենի կեղեւից՝ ապահովելով անթափոն արտադրություն:
Բավրայում հնդկացորենի վերամշակման գործարանը կառուցվել է արգենտինահայ բարերարներ Դեւեճիէան, Էքզերճիան ընտանիքների եւ Քրիքոր Շիմշիրօղլուի ֆինանսավորմամբ, «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ:
Հնդկացորենի վերամշակման ծրագիրը Հայաստանում իրականացնում է «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագիրը» (ENPARD): Կազմակերպությունը 2015 թ-ից աշխատում է առաջնային արտադրող եւ վերամշակող 53 կոոպերատիվների հետ՝ տրամադրելով սարքավորումներ եւ իրականացնելով ֆերմերների մասնագիտական վերապատրաստում: Բավրայի գործարանի կառուցման եւ տեխնիկապես վերազինման համար ծախսվել է 200 հազար եվրո գումար: Նույնքան գումար արժեցել է նաեւ Ծովագյուղի գործարանը:
Սերգեյ Մաթեւոսյանը
ENPARD ծրագրի համակարգող Սերգեյ Մաթեւոսյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում նախորդ տարի 5 մարզում ցանվել էր 520 հա, այս տարի մոտ 500 հա ցանվել է հանրապետության այլ մարզերում, այդ թվում եւ հեռավոր Սյունիքում: «Նրանք, ովքեր փորձանական 1 հա են ցանել նախորդ տարի, այս տարի 10-ից 20 անգամ ավելացրել են տարածքները,- ասում է Սերգեյ Մաթեւոսյանը,- մեր ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանի ներքին սպառումը կազմում է մոտ 8000 տոննա տարեկան, եւ անհրաժեշտ է մոտ 6000 հա հնդկացորեն մշակել՝ պահանջված հումքը ստանալու համար: Սա լավ հնարավորություն է անմշակ հողերը եւս օգտագործելու, որովհետեւ հնդկացորենը պահանջկոտ չէ: Էստեղ կլիմայական պայմաններն են կարեւոր, բույսը չի սիրում շոգ եղանակ, շուտ է փչանում, դրա համար էլ հիմնականում ցանում են բարձրադիր վայրերում»:
Բավրայի գործարանը համախմբում է 28 կոոպերատիվ (շուրջ 430 ֆերմեր) Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերից: Բավրայի գործարանի ղեկավար Կորյուն Սումբուլյանն այսօր խնդիրներից չխոսեց, թեեւ ամիսներ առաջ բարձրաձայնում էր չորանոցի, սերմազտիչի եւ ժամանակակից կոմբայնի մասին: Նա դրանք փորձում էր գործարանի համար ապահովել կառավարության միջոցով եւ հարցը բարձրացրել էր նախընտրական շրջանում Աշոցքում վարչապետի այցի ժամանակ՝ ստանալով բացասական պատասխան: Կորյուն Սումբուլյանի փոխանցմամբ՝ ինքը փորձելու է դիմել այլ կազմակերպությունների՝ պակասող սարքավորումներն ու տեխնիկան ձեռք բերելու համար:
«Ես միայն կասեմ, որ հնդկացորենի արտադրությունը նոր մշակույթ է Հայաստանի համար եւ շահավետ, ուղղակի պետք է մի փոքր համբերել, ամեն ինչ միանգամից չի լինում: Հնդկաձավարին զուգահեռ մեղվաբուծությունը կարող է զարգանալ, որովհետեւ բերքատվությունը 70 տոկոսով կարող է ավելանա հենց փոշոտման շնորհիվ: Ամեն հա-ի համար մոտավորապես 3-4 մեղվաընտանիք է պետք, ամեն մեղվաընտանիքը կարող է 100 կգ մեղր ապահովել հնդկացորենի դաշտերից, այնպես որ մոտավորապես 18-20 հազար էլ մեղվաընտանիք է պետք: Ընդամենը պետք է հավատան, որ այս ամենի մեջ ապագա կա: Երբ տեսան առաջին արտադրանքը խանութներում, հավատացեք՝ շատերն են հնդկացորենի մշակությամբ զբաղվելու»,- ասում է Կորյուն Սումբուլյանը:
Կորյուն Սումբուլյանը
Փաթեթավորված «Նոր հատիկ»-ը սպառողի գրպանին մատչելի կլինի, վստահեցնում են պատասխանատուները: «Մենք արհեստական բաներ չենք անի, ասենք գինը սահմանենք 300 դրամ, որ նեղենք ներկրողին՝ դա կհարվածի նաեւ մեր արտադրողին: Դեռ հստակ ու վերջնական գին չենք որոշել, բայց կարծում եմ 500 դրամը չի գերազանցի: Իմիջիայլոց, մենք նաեւ կանաչ հնդկաձավար ենք արտադրելու, ալյուր ենք ստանալու հացաթխման համար, կեղեւը օրթոպեդիկ բարձերի համար կարող ենք օգտագործել եւ այլն»,- նկատում է Կորյուն Սումբուլյանը:
Բավրայի նորաբաց գործարանը ներկայում ունի 7 աշխատակից, սակայն հետագայում թիվն ավելանալու է:
Մեկնաբանել