Հարթագյուղի գյուղապետը չի վերացրել անցած տարի հայտնաբերված խախտումը
Գայանե Սարգսյան
Սպիտակ-Գյումրի մայրուղու հարևանությամբ գտնվող Հարթագյուղ համայնք տանող ճանապարհն անմիջապես գրավում է մեր ուշադրությունը. ասֆալտապատ, հարթ ճանապարհը Վանաձորի բազմաթիվ փողոցներից էլ լավ վիճակում է: Չնայած նրան, որ գյուղ տանող ճանապարհով երթևեկն այնքան էլ ակտիվ չէ, այդուհանդերձ, ճանապարհին նաև «պառկած ոստիկան» է տեղադրված՝ բարձր արագությամբ երթևեկը խոչընդոտելու համար: Ճամփեզրին ճանապարհային նշաններ են, որոնք ցույց են տալիս ուղղությունը:
Պարզվում է` այստեղ ոչ միայն գյուղի անվանմամբ մի քանի ցուցատախտակներ կան (ինչը Լոռու շատ գյուղերում բացակայում է կամ գտնվում է անհրապույր վիճակում), այլ նաև գյուղապետարանի ուղղությունը ցույց տվող հատուկ ցուցատախտակ է տեղադրված:
Գյուղապետարանի շենքը նույնքան գրավիչ է, որքան մեր անցած ճանապարհը: Գյուղապետարանի բակում սպասող համայնքապետ Անդրանիկ Հարությունյանը պատմում է, որ շենքի կառուցման համար տարբեր ծրագրերից կատարված հատկացումների հաշվին ծախսվել է շուրջ 165 մլն դրամ:

Մոտ 1400 բնակիչ ունեցող գյուղի համար գյուղապետարանի շենքն ու ներքին կահավորանքն իսկական ճոխություն է թվում: Այս շենքում են տեղակայված ոչ միայն գյուղապետարանի աշխատակազմը, այլև գյուղացիների ժամանցի համար նախատեսված հանգստի սենյակը, հանդիսությունների ու տարբեր պարապմունքների համար նախատեսված դահլիճը, բուժկետը:
Առաջին հարկի նախասրահում տեղադրված ցուցատախտակը գրեթե դատարկ է: Մեծ ցուցատախտակին միայն Սպիտակի հրշեջ ծառայության հեռախոսահամարներն ու 2016թ.-ի աշնանացանի համար առաջարկած ցորենի սերմացուի հայտարարություններն են:
Քիչ այն կողմ էլ փակցված են տարբեր ուղեցույցներ ու վարկային կազմակերպության բուկլետներ:
![]() |
![]() |
Դիտարկմանս, որ ավագանու հայտարարությունները ցուցատախտակին չկան, համայնքապետը կես կատակ-կես լուրջ է արձագանքում. «Մեր գյուղացիներից ում հետաքրքրում է ավագանու որոշումները, ինտերնետով, ֆեյսբուքով են նայում»:
2016թ-ին Հարթագյուղում իրականացված վարչական հսկողության արդյունքում Լոռու մարզպետարանի վարչական վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը համայնքի ղեկավարի գործառույթների մասով արձանագրել էր խախտումներ: Մասնավորապես, խախտված է եղել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի դրույթն, ըստ որի` համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի առնվազն երկու հազար բնակչի համար մատչելի տեղերում հայտարարություն փակցնելու միջոցով ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ ապահովել տեղեկության առկայություն՝ ավագանու նիստի ժամանակի, վայրի և օրակարգի վերաբերյալ:
Հանձնաժողովը հանձնարարել է արձանագրված խախտումն ընդունել ի գիտություն ու վերացնել այն: Ստուգումից մեկ տարի անց, սակայն, համայնքի ղեկավարը չի վերացրել արձանագրված խախտումը: Ցուցատախտակը դատարկ է, տեղադրված չեն թե´ ավագանու առաջիկա նիստի մասին հայտարարություն, թե´ ընդունված որոշումները:

Անդրանիկ Հարությունյանը
Ցուցատախտակն ավագանու որոշումները հրապարակայնացնելու համար չօգտագործելու հանգամանքը համայնքապետը բացատրում է այսպես. «Ճիշտն ասած` էն նախկին գյուղապետարանում մենք մեծ ցուցատախտակ ունեինք, ուզում էինք տեղափոխենք, էդպես էլ մնաց, չբերեցինք: Հիմնականում էդտեղ էինք փակցնում, ամբողջ գյուղը էդտեղից էր օգտվոմ: Ճիշտն ասած ուզում էի նորը պատվիրեի, որ նոր շենքում նորը լիներ. ոչ էն հինը բերեցինք, ոչ նորը պատվիրեցինք»:
Հին ու նոր Հարթագյուղ
Գյուղացիները Հարթագյուղը պայմանականորեն բաժանել են երկու մասի՝ հին ու նոր: Հին Հարթագյուղում հիմնականում մինչ 88-ի երկրաշարժը կառուցված տներն են, նորում՝ հետերկրաշարժյան շրջանում կառուցվածները: Նոր Հարթագյուղը գտնվում է մայրուղուն ավելի մոտ: Գյուղի այս հատվածում են բոլոր կարևոր կառույցները. դպրոցը, բուժկետը, գրադարանը, դահլիճը, գյուղապետարանը:
Հին Հարթագյուղն աչքի է ընկնում պատմական ու մշակութային հուշարձաններով, որոնցից ամենահայտնիները Սուրբ Հովհաննես մատուռն ու Սուրբ Նարեկ կիսավեր եկեղեցին են:

Սուրբ Նարեկ եկեղեցին
Գյուղացիների հաջորդ հպարտությունը գյուղի տարածքում հայտնաբերված ծիսական խոյն է:
Թե հատկապես որ թվարկության է այն, պատմաբան Սամվել Հունանյանը դժվարացավ ասել. դեռևս ուսումնասիրման կարիք կա: Մի հարցում վստահ է՝ հայտնաբերված ծիսական խոյերի թիվը Հայաստանում փոքր է: «Իմ բոլոր հյուրերին ես տանում, ցույց եմ տալիս խոյին: Խոյը պտղաբերության խորհուրդ ունի իր մեջ, ասում եմ՝ նստեք վրան, որ տղա ունենք»,- ասում է Սամվելը:

Վերջինիս խոսքով` գյուղի արևմտյան մասում դամբարանադաշտ կա, որն ուսումնասիրման կարիք ունի:
Հայերեն անվանմամբ Հարթագյուղը հիմնադրվել է 1926թ-ին: Մինչ այդ նույն տեղում գտնվող գյուղն անվանվել է Ղալթախչի, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է թամբ, թամբագործ: Ըստ պատմական աղբյուրների` 1920 թվականին գյուղը շրջապատվել է թուրքերի կողմից, բնակչությունը ենթարկվել է համատարած սպանդի, բնակիչների ունեցվածքն էլ թալանվել է թուրքերի կողմից: Գյուղից ստացած ավարն այնքան մեծ է եղել, որ թուրքերն այն անվանակոչել են Քյուչուկ Իստամբուլ՝ փոքր Ստամբուլ:
Մասնագիտությամբ պատմաբան Սամվել Հունանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղի տարեցների պատմելով` թուրքերը չեն կարողացել գտնել միայն հարթագյուղցի մեծահարուստներից մեկի պահած 50 կգ ոսկին: Տարիներ անց այդ ոսկու պահուստները փորձել են հայտնաբերել սովետական կարգերի ժամանակ, սակայն կրկին ապարդյուն:
Ընդհանրապես, մինչ 88-ի երկարաշարժը հարթագյուղցիներն աչքի են ընկել իրենց աշխատասիրությամբ ու ցուցաբերած բարձր արդյունքներով: Մինչ օրս գյուղում հպարատությամբ են հիշում, որ 1959թ-ին հանրապետությունում միլիոնատեր ճանաչված 7 կոլտնտեսությունների թվում նշվել է նաև Հարթագյուղի անունը:
«Էն ժամանակ կանալ ունեինք, 9 գյուղով անցնում էր: Պատերազմի տարիներին էր կառուցվել: Էդ կանալը գալիս էր ամբողջ գյուղը կրուգ էր տալիս, հողին ուժ էր տալիս, բերք էինք ստանում: 900 լիտր ջուր էր գնում էդ կանալով, հիմա մի գրամ էլ չի գնում: Երկրաշարժից հետո փակվել ա»,- ասում է ճանապարհին մեզ հանդիպած Ազատ Սահակյանը։ Նա երկար տարիներ գյուղսովետի գործկոմի նախագահի պաշտոնն է զբաղեցրել:

Ազատ Սահակյանը
Ոռոգման ջրի պակասի մասին բարձրաձայնում են մեզ հանդիպող բոլոր հարթագյուղցիները: Դրա պատճառով գյուղի հողերի մի զգալի մասը ներկայումս չի մշակվում:
«Նախկին 400 հեկտար ոռոգվող հողատարածքներից հիմա ոռոգվում է ընդամենը 130 հեկտարը: Եթե չի ոռոգվում, բնականաբար, բերքատվությունը ցածր է լինում, մարդիկ էլ ստիպված բանջարաբոստանային կուլտուրաներ չեն մշակում»,- նշում է համայնքապետը:
Հարթագյուղցիներին հուզող մյուս հարցը մանկապարտեզի կառուցման անհրաժեշտությանն է վերաբերում: Գյուղում այդ տարիքի մոտ 5 տասնյակ երեխա կա: Ա. Հարությունյանի խոսքով` տարիներ շարունակ փորձել է ֆինանասավորման աղբյուրներ գտնել շենքի կառուցման համար, սակայն ապարդյուն:
«Մի քանի անգամ դիմել ենք, հանրապետության նախագահին էլ դիմեցի Լոռու մարզ կատարած այցի ժամանակ, սոցներդրումների հիմնադրամից պատասխանեցին, որ ներկայումս Լոռու մարզին հատկացված գումարները սպառվել են, առաջիկայում կվերանայենք: Էս արդեն 3 տարի ա, դիմում եմ, չի ստացվում»,- նշում է համայնքապետը` հավելելով, որ մանկապարտեզ ունենալու դեպքում այդտեղ կարող էին հաճախել նաև հարևան Խնկոյան ու Լուսաղբյուր համայնքների երեխաները:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել