HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայծակը հարվածել է Օձուն գյուղի բնակչի տանը. գյուղացին նյութական մեծ վնասներ է կրել

Հուլիսի 15-ի երեկոյան` ժամը 20:15-ի սահմաններում, կայծակը հարավածել է Օձուն գյուղի բնակիչ Սամվել Փերիխանյանի տանը. «Հեռուստացույցով վերջին լուրերն էինք նայում: Ես ու կինս բազմոցին նստած էինք, մեկ էլ հեռուստացույցը սենյակի ներսում 1,5-2 մետր օդ բարձրացավ, ապա ընկավ հատակին և ուժեղ տրաքեց: Անսպասելի բան էր, ինձ թվաց տանը ռումբ պայթեց: Տունը լցվեց ծխով: Կինս խեղդվում էր ծխից: Լավ էր` տան միջանցքի դուռը բաց էր, էդ վալնան մի հրե գունդ էր, գնաց դեպի խոհանոց` շարքից հանելով սառնարանը, լվացքի մեքենան և ամբողջ էլեկտրական գծերը այրելով դուրս եկավ խոհանոցի օդանցքից»,- պատմեց Սամվելը:

Վերջինիս խոսքով, հրե գունդն ընկել է տան կենտրոնում. «Ոնց որ սվարկի ուժեղ բոց լիներ, տունը միանգամից  մթնեց ու հեռուստացույցը պայթեց: Եթե մենք նստած լինեինք հեռուստացույցի առաջ, հիմա չէինք լինի»,-պատմեց ահաբեկված տանտերը:

Սամվելի խոսքով, տան հետևի պատի փոքրիկ ճեղքը կայծակի հարվածից մեծացել է: Նա կայծակից հետո, երբ դուրս է եկել  պատշգամբ, նկատել է, որ  տան մոտով անցնող  գազի  խողովակին տեղադրված հաշվիչից հրդեհ է բռնկվել: Հարևանները հասել և կանխել են հրդեհը:

Կայծակից հետո պոլիէթիլենով մի կերպ ծածկել են տանիքը՝ մինչև առավոտ անձրևից պաշտպանվելու համար:

Կայծակի հարվածից շարքից դուրս են եկել Սամվել Փերիխանյանի բնակարանի  սառնարանը, հեռուստացույցը, համակարգիչը, լվացքի մեքենան, DVD-ին:

«Հիմա ոչ մի բան այլևս չկա, լրիվ այրվել են»,- ասաց նա:

Տանիքի 60-ից ավելի «շիֆեր» էր ջարդվել: Սամվելը էդ «շիֆերի» մի մասը փոխարինաբար ճարել է, մի մասն էլ աջակցել են համագյուղացիները: Տանիքից ժամանակավոր լույս էին  միացրել:

Կայծակահարությունից հետո դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները և Թումանյանի հրշեջ ծառայության աշխատակիցները: Նրանք արձանագրել և նկարել են Ս. Փերիխանյանի բնակարանին կայծակի հասցրած վնասները:

Դեպքի վայրում եղել է նաև Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը: Մեր այցելության պահին համագյուղացիները, ընկերները և հարազատները աջակցում էին Ս.Փերիխանյանին՝ տան տանիքը արագ վերականգնելու համար:

«Անսպասելի բան  էր,  սա բնական աղետ ա: Ու էս մարդիկ  էսքան վնաս են կրել: Ընկերական շրջապատի օգնությունը մի ուրիշ բան է,  բայց գյուղապետարան ունենք, մարզպետարան ունենք, պետք է օգնել էս մարդուն, թե չէ, կայծակը էս մարդու տան դուրսն էլ, ներսն էլ ավերակ է սարքել»,-ասաց հարևան Ս. Մակիչյանը:

Օձունի գյուղապետը մեզ  հայտնեց, որ  դեպքի մասին համապատասխան մարմիններին վաղը տեղյակ կպահեն. «Չգիտեմ` բնական աղետի դեպքում Սամվել Փերիխանյանին փոխհատուցում կտրվի, թե՝ ոչ: Նրա տունը և տան գույքն ապահովագրված չէ, եթե ապահովագրված չէ, չեմ  կարծում, որ փոխահատուցում կտան:  Իմ կարծիքով, օգնություն և ֆինանսական  աջակցություններ կլինեն»,-ասաց գյուղապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter