
Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը դրական եզրակացություն է ստացել
Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծին:
Լիճքվազ-թեյի ոսկու հանքավայրը գտնվում է Սյունիքի մարզում, Մեղրի գետի միջին հոսանքի աջ ափին, Վարդանաձոր գյուղից 4 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Երևան-Մեղրի-Իրան ավտոմայրուղուց 2.5 կմ և Մեղրի երկաթգծի կայարանից 20 կմ հեռավորության վրա: Հանքավայրը տեղադրված է Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան հատվածի 1200-1700 մ բացարձակ բարձրությունների վրա:
Համաձյան նախագծի՝ հանքը շահագործվելու է ստորգետնյա եղանակով՝ օգտագործելով արդի գիտական փորձը, շրջակա միջավայրի նվազագույն վնաս հասցնող տեխնոլոգիաների կիրառումով և բացառելով բաց եղանակով շահագործումը: Ստորգետնյա փորվածքներն, այդուհանդերձ, իրականացվելու են հորապայթեցմամբ, ինչպես նաև ենթահարկային շտրեկներից պոկման համակարգի և ինքնագնաց մեքենաների կիրառմամբ: Նախատեսվում է արդյունահանել և տեղափոխել հանքաքարը՝ վերամշակելու Կապանի հարստացուցիչ գործարանում:
Բնապահպանության նախարարություն նախագիծը ներկայացրել է «Լիճքվազ» ՓԲԸ-ն: Համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ընկերությունն ավելի քան 620 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունի: Բաժնետեր է մեկ այլ՝ Հայաստանում գրանցված և ավելի քան 12 մլրդ դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «ՊոլիԱրմ» ՍՊԸ-ն: Վերջինն էլ իր հերթին երկու օտարերկրյա գրանցում ունեցող բաժնետեր ունի՝ 99,21 % բաժնեմասի սեփականատեր է Կիպրոսում գրանցված «ՓիԷմԹիԷլ հոլդինգ» ՍՊԸ-ն, իսկ 0,79 %-ինը՝ Նիդեռլանդներում գրանցված «ՓիԷմԹիԷլ Նիդեռլանդներ» ՍՊԸ-ն:
Համաձայն Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի, բաժնեմասը պատկանում է Ջերսիում գրանցված, բայց ռուսական ակունքներ ունեցող Polymetal International plc-ին, որին ավելի վաղ անդրադարձել էինք, երբ վերջինս ձեռք էր բերել Կապանի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը: Հիշեցնենք՝ այն ժամանակ էլ ընկերությունը Լիճքվազի տեղամասը հեռանկարային էր որակել:
Հանքաքարի հաշվեկշռային պաշարները 2009թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են 2 995 85,0 տոննա, C1 կարգի՝ 2 375 41O.0 տ, C2 կարգի՝ 620 440.0 տ:
Հանքավայրի ստորգետնյա շահագործման արդյունքում 4 հանքուղիների հանքաբերաններում կազմակերպվելու են լցակույտային տնտեսություններ, որի հետևանքով կխախտվի 2 հա-ի չափ տարածք:
Հանքի արտադրական ջրերի մի մասը և տնտեսակենցաղային կեղտաջրերը մաքրումից հետո ուղղվելու են Մեղրի գետ:
179 մարդ է աշխատելու հանքավայրում:
Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացությունը տվել է պարտադիր կատարման փորձաքննական մի շարք պահանջներով: Դրանք են՝
-սահմանված կարգով ստանալ համապատասխան համաձայնություններ և թույլտվություններ, այդ թվում՝ ջրօգտագործման թույլտվություն,
-նախատեսվող գործունեության իրականացման և շահագործման աշխատանքների ընթացքում, ելնելով տեղանքի յուրահատկություններից, անհրաժեշտ է խստագույնս հետևել ՇՄԱԳ հաշվետվությունում և նախագծային փաստաթղթերում ամրագրված տեխնոլոգիական նախագծման նորմերին, բնապահպանական և սոցիալական կառավարման ծրագրերի պահանջներին՝ բացառելով տարածքում հանքաքարի վերմշակումը (ֆաբրիկա, պոչամբար և այլն) և կուտակման աշխատանքների իրականացումը,
-հատուկ պահպանվող տարածքներում բացառել որևէ աշխատանքի իրականացում,
-համաձայն նախագծի՝ նախատեսվող գործունեության տրամադրված տարածքը հարակից է «Արևիկ» ազգային պարկի մասնաճյուղի «Բողաքար» տեղամասին, ուստի՝ աշխատանքներն անհրաժաշետ է իրականացնել՝ հաշվի առնելով համապատասխան օրենքների, կառավարության որոշումների ու կանոնադրությունների պահանջները,
-առաջացած շիաղբի հեռացումը և ջրօգտագործումը պետք է իրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մեկնաբանել