HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Կայարանցի Թևոսիկ»-ի եղբոր սպանության գործով դատարանում կհետազոտվի դեպքի վայրում հայտնաբերված բժշկական ձեռնոցը

Քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավորն այսօր որոշում կայացրեց նախաքննություն իրականացնող մարմնից պահանջել սպանության դեպքի վայրում հայտնաբերված բժշկական ձեռնոցն ու հետազոտել այն:

Նշենք, որ խոսքը սպանության վայրում հայտնաբերված այն ձեռնոցի մասին է, որը գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը գործի քննության ամբողջ ընթացքում պահանջել է իրեղեն ապացույց ճանաչել:

Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին: Ըստ մեղադրանքի՝  Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից այդ սպանության կատարմանն, ապա հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ Մովսես Ներսիսյանին զրկել է կյանքից: Մովսես Ներսիսյանի դին առ այսօր չի հայտնաբերվել, սակայն նախաքննություն իրականացնող մարմինը, ապացույցների համակցությամբ, նրան սպանված է համարել ու սպանության համար մեղադրանք առաջադրել Իսրայել Սարգսյանին, ով պնդում է, որ Մովսես Ներսիսյանը ողջ է, և ինքն անձամբ է նրան օգնել հեռանալ Հայաստանից:

Իսրայել Սարգսյանի պնդմամբ՝  Արթուր Սաֆարյանի սպանության վայրում հայտնաբերված բժշկական ձեռնոցն այս գործով կարևորագույն ապացույց է:

Նշենք, որ հայտնաբերված  ձեռնոցի ԴՆԹ-ի և  համեմատական մոլեկուլային հետազոտության արդյունքներով  հիմնավորվել է, որ դրանից  հայտնաբերված ԴՆԹ-ն չի համընկնում Մովսես Ներսիսյանի և Իսրայել Սարգսյանի ԴՆԹ-ներին: Ձեռնոցի վրա հայտնաբերվել են այն զենքի կրակոցի արգասիքները որով, ըստ գործի նյութերի, կատարվել է սպանությունը, սակայն ոչ միայն քննություն չի տարվել՝ պարզելու, թե ում է պատկանում ձեռնոցի վրայից հայտնաբերված ԴՆԹ-ն, այլև գործի համար էական նշանակություն ունեցող բժշկական ձեռնոցն իրեղեն ապացույց չի ճանաչվել: Այս կապակցությամբ մեղադրող դատախազը դատարանում հայտարարել է, թե հարց է՝ այդ արգասիքները երբ և ինչ հանգամանքներում են առաջացել: Այսօր, փաստորեն, գործով դատավորն, այունամենայնիվ, ձեռնոցը հետազոտելու անհրաժեշտություն է տեսնում:

Հիշեցնենք, որ այս գործով դատավոր Արմեն Բեկթաշյանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Իսրայել Սարգսյանի վերաբերյալ դատավճիռ կայացնելու, սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը հայտնեց, որ դատաքննությունը վերսկսում է, և պատճառներից մեկն այն էր, որ Բեկթաշյանը Իսրայել Սարգսյանին լրացուցիչ հարցաքննելու անհրաժեշտություն էր տեսել:

Այսօր Սարգյանը լրացուցիչ հարցաքննվեց, սակայն, կարելի է ասել, չասաց ավելին, քան արդեն հայտնել էր մինչև այսօր տեղի ունեցած դատական նիստերի ընթացքում:

Վերջինս նշեց, որ ինքն ու Տիգրան Ասատրյանն, ով, հիշեցնենք, Սաֆարյանի սպանության գործով կալանավորվել, ապա ազատ է արձակվել, լարված հարաբերություններ են ունեցել: Ասատրյանն այն անձն է, ով ձայնագրել է Իսրայել Սարգսյանի և իր խոսակցությունն, ապա մոնտաժված տարբերակով այն հայտնվել է իրավապահ մարմինների ձեռքում:

Ձայնագրության մեջ Իսրայել Սարգսյանը պատմում է, որ ինքը Մովսեսին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունն, ապա ինքը սպանել  է Մովսեսին: Իսրայել Սարգսյանը, սակայն այժմ պնդում է, որ ինքը Տիգրան Ասատրյանին կասկածել է Արթուր Սաֆարյանի սպանության  մեջ, և հասկանալու համար նրա առնչությունը նշված սպանությանն՝ իր ընկեր Աշոտ Բոլյանի հետ պլանավորել է Տիգրանի հետ ունենալ նման բովանդակությամբ խոսակցություն: Ամբաստանյալի պնդմամբ, սակայն, Տիգրան Ասատրյանը ձայնագրությունը մոնտաժել ու դրանում թողել է միայն այն հատվածները, որոնք ձեռնտու են եղել իրեն:

Նշենք, որ նախաքննության սկզբնական փուլում Իսրայել Սարգսյանն առհասարակ հերքել է իր և Տիգրան Ասատրյանի միջև որևէ խոսակցություն լինելու հանգամանքը: Այսօր նա դատարանին հայտնեց, որ ինքն այդպես է վարվել այնքան ժամանակ, մինչև Աշոտ Բոլյանը որպես վկա հարցաքննվել ու  պատմել է իրենց պայմանավորվածության մասին: Այսինքն՝ ըստ Սարգսյանի՝ ինքը չի ցանկացել խնդիր ստեղծել Բոլյանի համար:

Իսրայել Սարգսյանը հայտնեց նաև, որ մինչև իր կալանավորվելը ինքն ու Տիգրան Ասատրյանը լուրջ խնդիրներ են ունեցել: Մասնավորապես՝ ըստ ամբաստանյալի՝ ինքն ու  Տիգրան Ասատրյանը Շվեյցարիայում բիզնես են ունեցել և Տիգրան Ասատրյանն իրեն «գցել է»:

Դատավորի հարցին՝ ինչու էր Իսրայել Սարգսյանը որոշել ստանձնել նախաքննական մարմնի գործառույթներն ու բացահայտել Արթուր Սաֆարյանի սպանությունը, Սարգսյանը պատասխանեց, որ ինքը դա չէր անում՝ իրավապահներին հայտնելու կամ որևէ անձի ասելու համար, այլ պարզապես ցանկանում էր պարզել ճշմարտությունը:

Ամբաստանյալի լրացուցիչ հարցաքննությունն այսօր ավարտվեց:

Դատավորը կողմերից ճշտում էր՝ արդյոք նրանց հարմա՞ր է հաջորդ դատական նիստը նշանակել հուլիսի 26-ին:

«Ինձ հարմար է»,- պատասխանեց Իսրայել Սարգսյանն, ով  կալանքի տակ է և դատարան է բերվում ոստիկանության ուղեկցող գումարտակի կողմից:

 «Ձեզ հարմա՞ր է. լավն  էր»,- ժպտալով արձագանքեց դատավոր Բեկթաշյանն ու նիստը նշանակեց հուլիսի 26-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter