
«Հեշտ աշխատանք չկա: Հեշտը սոված, անաշխատանք նստելն է»
Գրիշա Բալասանյան
Առավոտ վաղ գնում ենք Արարատի մարզի Քաղցրաշեն համայնք: Գյուղացին դաշտում աշխատում է մինչև արևի շիկանալը: Պետք է հասցնեինք գյուղացու հետ զրուցել հենց հողամասում: Վարորդը նկատում է, որ այգում մարդիկ են աշխատում: Քայլում ենք նրանց ուղղությամբ: Մի քանի տղամարդ դույլերով դեղձ էին տեղափոխում և լցնում ծառերից մեկի տակ փռված սավանի վրա, իսկ երիտասարդ մի կին դեղձը տեսակավորում և կոկիկ դասավորում էր արկղերում:
Բոլորը խոսում էին, կատակում, իսկ դեղձ դասավորող կինը լուռ իր գործն էր անում: Մոտեցա նրան և հարցնում եմ, թե ինչու չի մասնակցում ընդհանուր խոսակցությանը: Նա հազիվ լսելի ձայնով պատասխանեց. «Ես աշխատող եմ»:
Լուսինե Հարությունյանը 31 տարեկան է: Ծնվել, մեծացել է Երևան քաղաքում, բայց մի քանի տարի է մոր և ընտանիքի անդամների հետ տեղափոխվել և բնակվում է Քաղցրաշեն գյուղում: Ապրում են հողամասի վրա տեղադրված տնակում, սակայն տարիների ընթացքում կամաց-կամաց տուն են կառուցել և առաջիկայում կապրեն արդեն քարե պատերով տանը:
Ամուսնու մահից հետո Լուսինեն պետք է խնամեր դստերը՝ այսօր արդեն 6-ամյա Մարինային, և որոշել է աշխատել գյուղում: Պատմեց, որ իր համար շատ դժվար է եղել սկզբնական շրջանում, քանի որ հողի, գյուղատնտեսության հետ երբևէ չէր առնչվել: Աստիճանաբար հարմարվել է գյուղի կյանքին և այսօր դարձել նրանցից մեկը:
Բերքի սեզոնին Լուսինեն բանվորություն է անում գյուղում: Վաղ գարնանը օրավարձով լարերին է ամրացնում խաղողի վազերը, իսկ երբ բերքի սեզոնն է գալիս, գյուղացիների այգիներում միրգ է տեսակավորում և դասավորում արկղերում, որի դիմաց օրական վաստակում է 5000 դրամ:
Պատմեց, որ ծիրանի բերքահավաքի ժամանակ «Սպայկա» ընկերության համար է օրավարձով բերքի տեսակավորման աշխատանք կատարել: Այսօր էլ մասնավոր անձանց համար է աշխատում և գոհ է:
«Յուրաքանչյուրն էլ ձգտում է լավ պայմաններում աշխատել: Օրինակ` ինչ խանութում հով պայմաններում աշխատես, ինչ արևի տա՞կ: Պարզ ա, որ ձգտում են հանգիստ աշխատանքի: Բայց գյուղի պայմաններում աշխատանքը սա է, պետք է աշխատենք»,- ասում է Լուսինեն և արագ-արագ դեղձը դասավորում արկղերում, որպեսզի հասցնեն շուկա:
Նա համաձայն չէ այն կարծիքին, թե հողի հետ ամեն մարդ չէ, որ կարող է աշխատել: Ասում է` նախ գյուղատնտեսությունը պետք է սիրել, բարեխիղճ լինել աշխատանքում, և ամեն ինչ լավ կլինի:
«Գյուղում եթե չաշխատես, չես կարող ապրել: Ինձ դուր է գալիս այս աշխատանքը: Նախ` ամեն օր իմ աշխատանքն ունեմ, գումար եմ վաստակում, հետո էլ օրս է անցնում, շփվում եմ մարդկանց հետ: Ավելի շատ գիտելիքներ եմ ստանում գյուղատնտեսության, բերքի աճեցման վերաբերյալ: Օրինակ` մենք էլ պոմիդոր, դեղձ ունենք, տեսնում եմ, թե ուրիշներն ինչպես են մշակում, որ ես էլ նույն ձևով մշակեմ»,-ասում է Լուսինեն:
Նա շատ արագ էր աշխատում: Մանրամասն ուսումնասիրում, որպեսզի վնասված դեղձ արկղում չդնի: Լուսինեն ասում է, որ թեև աշխատանքն օրավարձով է, սակայն իր խղճին մոտ չէ «գլուխ պահելը»: Նշում է, որ գյուղացին առավոտից մինչ ուշ երեկո աշխատում է հողում, չարչարվում է, որ իր բերքի արդյունքը տեսնի, ուստի ինքը չի կարող իր վատ աշխատանքով գյուղացու աշխատանքը ջուրը գցել:
Մի պահ լռություն տիրեց: Փոքրիկ Մարինան արկղերի վրա նստած իբր թերթ էր կարդում և աչքի անկյունով նայելով` ժպտում: Թվում էր, որ սիրում է լուսանկարվել: Հատուկ դիրք էր ընդունում, երբ զգում էր` իրեն լուսանկարում եմ:
Լռությունը խախտեց Լուսինեն: Ասաց, որ հողից ոմանց դժգոհելն էլ ձևական բնույթ է կրում, քանի որ հակառակ դեպքում հեկտարներով հող չեն մշակի: Սակայն վատն այն է, որ բերքի վաճառքի ժամանակ ապրանքի գինն ընկնում է, գյուղացու աշխատանքը չի գնահատվում, իսկ մնացած ամեն ինչ լավ է:
Նրան բավարարում է օրական 5000 դրամ աշատավարձը: Չի դժգոհում, քանի որ այդ գումարով հասցնում է ընտանիքին օգտակար լինել, երեխայի կարիքները հոգալ: Լուսինեն չի հասկանում այն մարդկանց, ովքեր պարապ նստում են տանը և ասում են, թե աշխատանք չկա:
«Այսօր չունենալն է ամոթ, իսկ աշխատելուց ես չեմ նեղվում: Թող դաշտում, արևի տակ աշխատեմ, բայց իմ օրվա գումարն ունենամ: Ոչ մի աշխատանք ամոթ չէ, ամոթն այն է, որ ինչ-որ բան չես ունենում, հարևանից ես կախում ունենում»,-ասում է Լուսինեն:
Հարցին, թե ինչով է զբաղվում ձմռանը, պատասխանեց` հանգստանում եմ: Կուզենար օրը թեկուզ 1000 դրամով աշխատել, բայց ձմռանն աշխատանք չկա:
«Հեշտ աշխատանք չկա: Հեշտը սոված, անաշխատանք նստելն է»,-հավելեց Լուսինեն:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել