ՄԻՊ աշխատակազմը մշակել է զինծառայողների իրավունքները երաշխավորող օրենսդրական նախագծերի փաթեթ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զինծառայողների իրավունքների վերաբերյալ բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ: Նախագծերը, մասնավորապես, վերաբերում են զինվորական ծառայության ոլորտում զինծառայողների իրավունքների երաշխավորմանը:
Փաթեթում տեղ են գտել հետևյալ հիմնական առաջարկները.
- նախկինում հանցագործություն կատարած լինելու փաստը, որպես զինծառայողի կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, բացառել,
- հստակ ամրագրել կարգապահական տույժի մասին հրամանը զինծառայողին տրամադրելու կամ հայտարարելու պարտադիր պահանջ: Սահմանել այն որոշումների տեսակները, որոնք կարող են ընդունվել վերադաս հրամանատարի կողմից՝ կարգապահական տույժ տալու մասին որոշումը զինծառայողի կողմից բողոքարկելու արդյունքում,
- ·բացառել զինծառայողի նկատմամբ «օրվա արտահերթ վերակարգի» կիրառումը՝ որպես կարգապահական տույժ,
- ·օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրել, որ ծառայողական քննությանը մասնակցելու պահից զինծառայողն իրավունք ունի գրավոր ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին,
- ·հստակեցնել զինծառայողների նկատմամբ ծառայողական քննությունը դադարեցնելու, կասեցնելու, քննությունը վերսկսելու հիմքերը և ընթացակարգը,
- ·բացառել վարժական հավաքներից խուսափելու համար միաժամանակ և՛ քրեական, և՛ վարչական պատասխանատվության ենթարկելը,
- ·հստակ սահմանել զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի բժշկական ու ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների որոշումներին (եզրակացություններին) վերաբերող պահանջները և դրանցում պարտադիր ներառվող տեղեկությունների շրջանակը,
- ·օրենսդրությամբ ամրագրել այն դեպքերը, երբ պարտադիր զինվորական ծառայության անցնող նորակոչիկը, իր ցանկությամբ, կարող է զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս:
Վերոնշյալ նախագծերը ներկայացվել են համապատասխան պետական մարմիններ և իրավապաշտպան կազմակերպություններ՝ կարծիքի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել