HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Հայկական ժամանակ»-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով նիստին դատախազը դարձյալ չէր ներկայացել

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր երկրորդ անգամ հետաձգվեց Ավագանու ընտրությունների օրը  «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի աշխատանքը խոչընդոտելու առթիվ հարուցված քրեական գործով դատական նիստը. Մեղադրող դատախազ Ռաֆայել Երիցյանը պատշաճ ծանուցվել, սակայն չէր ներկայացել:

Նախորդ դատական նիստին ևս դատախազը չէր ներկայացել, իսկ ամբաստանյալ Հայկ Հունայանն անգամ ծանուցագիր չէր ստացել:

Վերջինս այսօր դատարանում էր, հայտնեց, որ նախորդ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցագիրը ստացել է ավելի ուշ, քան նշանակված է եղել նիստը:

Քրեական գործը, հիշեցնենք, հարուցվել է  Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 64 դպրոցի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առթիվ: Ըստ տուժող Խաչատրյանի ցուցմունքի՝ ինքն Ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 14-ին, թիվ 64 դպրոցում, որտեղ գործել է  թիվ 10/29 ընտրատեղամասը, տեսանկարահանում իրականացնելիս է եղել, երբ մի երիտասարդ մոտեցել ու, ագրեսիվ վարքագիծ դրսևորելով, պահանջել է դադարեցնել տեսանկարահանումը: Ապա, ըստ Խաչատրյանի, տվյալ երիտասարդը փորձել է իր ձեռքից վերցնել հեռախոսը, որով ինքը տեսանկարահանում է իրականացնելիս եղել:

Երիտասարդին չի հաջողվել վերցնել լրագրողի հեռախոսն, ապա ընտրատեղամասում եղած դիտորդներից մեկը մոտեցել է ու նրան հեռացրել լրագրողից:

Հետո երիտասարդն, ով ինչպես հետագայում պարզվել է, ամբաստանյալ Հայկ Հունանյանն է եղել, փորձել է հեռանալ ընտրատեղամասից, և Տաթեւ Խաչատրյանը,  նրա ետևից գնալով, փորձել է պարզել նրա ինքնությունը:

«Ո՞վ ես, որ ներկայանամ»,- ըստ լրագրողի ցուցմունքի՝ ասել է Հունանյանն, ու ինքը պատասխանել է, որ լրագրող է: Այդ պահին լրագրողին չի հաջողվել պարզել իր աշխատանքը խոչընդոտած անձի ինքնությունը:

Հայկ Հունանյանը նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում նշել է, թե չի իմացել, որ տեսանկարահանում իրականացնողը լրագրող է: Սա այն դեպքում, երբ Տաթեւ Խաչատրյանի պնդմամբ՝ իր աշխատանքը խոչընդոտած Հունանյանի համար իր` լրագրող լինելու հանգամանքն ակնհայտ է եղել դեռևս մինչև իրեն մոտենալը:

Ըստ Խաչատրյանի՝ ինքը տեսանելի ձևով կրելիս է եղել  ինչպես «Հայկական ժամանակ»  օրաթերթի կողմից իրան տրված լրագրողական վկայականն, այնպես էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված հավատարմագիրը:

Ամբաստանյալը պնդում է, թե ինքը Տաթեւ Խաչատրյանի «բեյջը» չի նկատել, մինչդեռ  բեյջի՝ տեսանելի լինելու հանգամանքը հաստատել  են գործով մի քանի վկաներ: «Բեյջի»՝ տեսանելի լինելու հանգամանքն, ըստ տուժող կողմի, ակնհայտ է նաև ընտրատեղամասում առկա տեսանկարահանող սարքի կողմից ֆիքսված տեսանյութում:

Ամբաստանյալ Հայկ Հունանյանը բացատրում է, որ բեյջը չի նկատել, քանի որ Տաթեւ Խաչատրյանի դեմքին է նայելիս եղել և փորձել  խուսափել նկարահավելուց:

Այս գործով հաջորդ դատական նիստը հուլիսի 28-ին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter