HY RU EN

Արաքս Մամուլյան

«Սասնա ծռեր»-ի գործով պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասա ծռեր»-ի գործով արտագնա նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը կարգապահական սանկցիա կիրառեց նաև փաստաբան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ:

Հիշեցնենք` երբ դատավորը փաստաբաններ Արայիկ Պապիկյանի և Մուշեղ Շուշանյանի նկատմամբ սանկցիա էր կիրառել, գործով մյուս փաստաբաններն իրենց դժգոհությունն էին արտահայտել դատավորի գործողությունների դեմ:

Դատավորը փորձել էր արգելել փաստաբան Հարություն Բաղդասարյանին հայտարարություն անել, սակայն վերջինս շարունակել էր իր հայտարարությունը, և Գաբրիելյանը, Հարությունյանի պահվածքը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք գնահատելով, հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ փաստաբանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու:

Երբ դատավորը հրապարակեց Բաղդասարյանի վերաբերյալ որոշումը, փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ընթերցեց «Սասնա ծռեր»-ի գործով բոլոր փաստաբանների կողմից ստորագրված դիմումը, որից հետո փաստաբանները հրապարակային լքեցին նիստերի դահլիճը:

Դիմումում, մասնավորապես, ասված էր.

«19.07.2017թ. դատական նիստում նախագահող դատավորը կարգադրիչների զեկուցագրի հիման վրա դատական ակտ կայացրեց: Առանց պաշտպանների կարծիքը հաշվի առնելու եւ առանց խորհրդակցական սենյակ հեռանալու նախագահողը սանկցիա կիրառեց մեր գործընկերների նկատմամբ: Որոշումները հրապարակելուց հետո դատարանը արգելեց իր գործողությունների վերաբերյալ առարկություններ ներկայացնել, ներկայացնում էր լռելու ապօրինի պահանջ եւ այս ապօրինի պահանջին չենթարկվելու համար երեք պաշտպանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց` նախազգուշացում, և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ սանկցիա կիրառելու: Բացի այդ, չնայած լրացել է ամբաստանյալների նկատմամբ ապօրինի կիրառված սանկցիայի ժամանակը, նրանց, միևնույն է, չեն ներկայացնում նիստերի դահլիճ: Նման պայմաններում դատական նիստին մեր մասնակցությունը դառնում է ինքնանպատակ, ձեւական, հակասում է մեր պաշտպանյալների շահերին, իսկ արդարադատությունը կոպիտ կերպով ոտնահարվում է: Հեռանալով դատարանից` միջնորդում ենք հետագա դատական նիստերին ապահովել դատավարության բոլոր մասնակիցների իրավունքները եւ դադարեցնել վերը նշված ապօրինությունները: Սույն հայտարարությունը ստորագրել են փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը, Արա Ղարագյոզյանը, Երվանդ Վարոսյանը, Արմինե Ֆանյանը, Դավիթ Գյուրջյանը, Աննա Ջուվանովան, Հրանտ Գեւորգյանը, Հարություն Բաղդասարյանը, Ինեսա Պետրոսյանը»:

Երբ պաշտպանները լքում էին նիստերի դահիճը, դատավորը փորձում էր նրանց զգուշացնել, որ նրանք անհարգալից վերաբերմունք են դրսևորում դատարանի նկատմամբ: Այնուհետև նա հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նրանց վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու: