Պարտավոր ենք դա անել
Պատմական ներկայիս շրջանում Հայաստանը մուտք է գործում իր ապագայի համար, թերևս, ամենապատասխանատու փուլը: Մեր պապերի երազած Անկախ Հայաստանի քսանամյա ճանապարհը վերլուծելիս կարելի է տեսնել, թե որքան ցավագին հարվածներ և հիասթափություններ է ապրել մեր հասարակությունը, որքան հույսեր, ձգտումներ և երազանքներ ենք մենք կորցրել՝ վերածվելով սոսկ գոյության պայքար մղող, կենցաղային քաշքշուկների մեջ խճճված անհատների ու խմբերի միագումարության:
Ասենք, մեզ ուրիշ ոչինչ չի էլ մնում, քանի որ Երրորդ հանրապետության արշալույսին մեզ միավորող համազգային գաղափարներն ու ձգտումներն անկախության տարիների ընթացքում հետզհետե, քայլ առ քայլ տապալվեցին և չքացան: Ընդ որում, երկրում իշխանության հասած բոլոր երեք խմբավորումներն էլ մեր ազգային երազանքի տապալման գործում զարմանալի ջանասիրություն դրսևորեցին:
Երրորդ հանրապետության երեք իշխանությունների գործելակերպի պատճառն այն է, որ այդ մարդկանց համար միակ կարևոր խնդիրն իրենց կլանային-խմբակային գերակշիռ դիրքը պահպանելն ու ամրապնդելն է: Եվ այդ խնդրի գերակայությունն նրանց համար ակնհայտ է և անվիճելի: Իսկ մնացածն իրականության հետ կապ չունեցող, սին, ռոմանտիկ երազներ են:
Արդյունավետ պետական համակարգ, ազգային պետություն, քաղաքացիական հասարակություն… Այսպիսի երկիր կառուցելու համար իշխանավորն իր անձնական բարօրությունն ու կլանային շահը պետք է ստորադասի համընդհանուր շահերին: Միայն այս գիտակցությամբ կարելի է երկիր կառավարել և ապագա կերտել:
Ցավոք, թալանելուց ու հափռելուց բացի՝ բարգավաճման այլ մեխանիզմ չտեսած ու չիմացող մարդիկ չեն կարող ընկալել այս գաղափարները: Նրանց համար կա միայն մեկ ճանապարհ ՝ապրել և գործել «թալանելու», «հափշտակելու», «կուտակելու» անհագ ձգտումով՝ իրենց շուրջը ձևավորելով գորշ ու պրիմիտիվ իրականություն:
Այս խավարամտության հետևանքն է Հայաստանում կերակրատաշտ-իշխանությանը տիրանալու համար մղվող կատաղի պայքարը, որի ընթացքում բոլոր միջոցներն արդարացված են: Այս հոգեբանության հետևանք են հոկտեմբերի 27-ը և մարտի 1-ը՝ մեր նորագույն պատմության խայտառակ էջերը…
Այս անփառունակ դատապարտվածությունից Հայաստանը դուրս բերելու միակ ճանապարհը մարդկանց գիտակցության մեջ անձնական բարօրության հասնելու «ճանապարհային քարտեզի» կողմնորոշիչների կտրուկ փոփոխությունն է: Պետք է փոխվի հասարակական փոխհարաբերությունների ներքին տրամաբանությունը, կառուցվի գերակայությունների նոր սանդղակ: Դրա համար պետք են լուրջ՝ բարոյական, գաղափարական և մարդկային ներդրումներ:
Այդպիսի մարդկային և գաղափարական ռեսուրներ մեր ժողովուրդն ունի, սակայն այնպես է պատահել, որ դրանց մեծ մասն այսօր գտնվում են է Հայաստանից դուրս: Մեր ժողովրդի առողջ կորիզն ու առաջ մղող ուժը հանդիսացող մտածող, կրթված, ստեղծագործ մարդիկ, չհամակարպվելով Հայաստանում տիրող ամենաթողության ու բիրտ վայրենության, բթության ու խավարամտության, գռեհկության, պնակալեզության ու քծնանքի հաղթարշավին, շարունակում են լուռ հեռանալ՝ անօգնական թողնելով Հայրենիքը:
Այս պրոցեսը պետք է շրջել 180 աստիճանով, եթե չենք ուզում՝ մեր երկիրը հավերժորեն մնա օտարների ֆորպոստը՝ հնազանդ, անդեմ, անգաղափար, հուսալքված և բարոյալքված նոմինալ բնակչությամբ:
Մեզ պարտադրել են այսպիսի կեցություն՝ միտումնավոր ձևավորելով անառողջ, գրոտեսկային շեղումներով լի հասարակություն, խրախուսելով տգիտությունն ու լկտիությունը, ստրկությունն ու շողոքորթությունը, անճաշակություն ու գավառամտությունը:
Այժմ եկել է այն ճակատագրական պահը, երբ հայությունը պետք է կազմակերպի իր ողջ ներուժը՝ թե Հայրենիքի և թե Սփյուռքի, և բոլոր կարողություններն ի ճիգ դնի ինքնառողջացման, ինքնամաքրման, ազգը քայքայման ու կազմալուծման շեմին հասցրած ներքին դևերի վտարման համար:
Եթե չենք ուզում՝ երրորդ հազարամյակ հասած մեր ժողովուրդը անվերջ խարխափի իրեն բաժին ընկած, «մթում կորած խրճիթների» մղձավանջում, մենք պետք է սկզբունքայնորեն այլ կերպ մտածենք, ապրենք և գործենք, կազմավորենք ազատ քաղաքացիական հասարակություն, սոցիալական արդարության սկզբունքով առաջնորդվող ազգային պետություն՝ հիմնված մարդկային քաղաքակրթության առաջադեմ ձեռքբերումների վրա:
Պարտավոր ենք դա անել:
Զարուհի Գալստյան
Երաժիշտ, տնտեսագետ, Մոսկվայի սոցիալական գիտությունների ինստիտուտի դասախոս, տնտեսագիտական գիտությունների թեկնածու
http://norkhosq.net/?p=8781
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել