HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արեգ Կյուրեղյանը տասը ժամով հեռացվեց դահլիճից. սանկցիա կիրառվեց նաև դահլիճը լքած փաստաբանների նկատմամբ

«Սասնա ծռեր»-ի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց ամբաստանյալների պաշտպանների նկատմամբ, ովքեր լքել էին նիստերի դահլիճը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ամբաստանյալների պաշտպանները հրապարակային լքել էին նիստերի դահլիճը` դատավորից պահանջելով ապահովել դատավարության բոլոր մասնակիցների իրավունքներն ու դադարեցնել ապօրինությունները:

Սանկցիա կիրառելու վերաբերյալ որոշումները հրապարակելուց հետո դատավորը հայտնեց, որ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի պաշտպաններ Արա Զաքարյանն ու Մուշեղ Շուշանյանն արդեն 3 անգամից ավելի անընդմեջ չեն ներկայանում դատական նիստին:

Վերջինս դատարանում ներկայացնում է Արեգ Կյուրեղյանի և Վարուժան Ավետիսյանի շահերը: Դատավորը Վարուժան Ավետիսյանից փորձեց պարզել՝ արդյոք վերջինս ունի՞ այլ պաշտպան, որին պետք է հրավիրել դատական նիստին՝ իր շահերը ներկայացնելու համար:

«Ես իմ պաշտպաններից չեմ հրաժարվում: Առաջ անցնելով ասեմ, որ չեմ ուզում այլ պաշտպաններ ունենալ, և եթե տանում եք նրան, որ իմ շահերի պաշտպանության համար հանրային պաշտպան ներգրավվի, դա չի լինելու»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Մուշեղ Շուշանյանը ներկայացնում է նաև Արեգ Կյուրեղյանի շահերն, ուստի դատավորը փորձեց պարզել նաև Կյուրեղյանի դիրքորոշումը մեկ այլ պաշտպան գործում ներգրավելու վերաբերյալ, և Արեգ Կյուրեղյանը ևս հայտարարեց, որ ինքը չի ցանկանում այլ պաշտպան ունենալ: Ապա դատավորը փորձեց պարզել, թե արդյոք Արեգ Կյուրեղյանը չի առարկում, որպեսզի առանց իր պաշտպանների անցկացվի դատական նիստը:

«Չգիտեմ՝ դուք ինչ եք անցկացնում, բայց սա ինձ համար դատական նիստ չէ»,- պատասխանեց Արեգ Կյուրեղյանը:

Դատավորը հարգալից վերաբերմունք պահանջեց, և Կյուրեղյանը հայտարարեց, որ չի հարգում դատարանին: Դրանից հետո  Արեգ Կյուրեղյանի նկատմամբ դատարանը նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց:

«Եթե հաջորդ անգամ կրկնվի»,- ցանկանում էր խոսքը շարունակել դատավորը, սակայն Արեգ Կյուրեղյանը նրան ընդհատեց:

«Հաջորդ անգամ էլ է կրկնվելու»,-ասաց Արեգ Կյուրեղյանը, և դատավորը նրան տասը ժամով հեռացրեց դահլիճից:

Ապա դատարանը դահլիճ հրավիրեց նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ հեռացված ու մինչև այսօր դահլիճ չվերադարձված ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանին:

Մինչ Եղիազարյանը դահլիճ կբերվեր, ամբաստանյալներից մեկը դատավորին առաջարկեց բերել նաև Արայիկ Խանդոյանին, ով ևս նիստերի դահլիճից հեռացված էր:

«Արայիկ Խանդոյանի պաշտպանը, ցավոք սրտի, բոլոր նիստերին ներկայանում է»,- պատասխանեց դատավորն, ինչը դահլիճում աշխուժություն մտցրեց. ամբաստանյաններն ու դատական նիստին հետևողները սկսեցին բարձրաձայն ծիծաղել, ապա դատավորն ասաց, թե շատ լավ կլիներ, որ բոլոր պաշտպաններն Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի պես պարտաճանաչ ներկայանան դատական նիստերին:

Դատավորը Եղիազարյանից ևս հարցրեց, թե արդյոք վերջինս մեկ այլ պաշտպան ունի, ով կարող է դատարանում ներկայացնել իր շահերը՝ հաշվի առնելով, որ այս ամբաստանյալի պաշտպաններ Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը և Դավիթ Գյուրջյանը ևս երեք դատական նիստ անընդմեջ չեն ներկայացել, և Եզիազարյանը ևս հայտարարեց, որ չի ցանկանում՝ այլ պաշտպան ներկայացնի իր շահերը,  ապա դատավորը կարգադրեց Եզիազարյանին դարձյալ դուրս տանել:

Նշենք, որ Եղիազարյանի պաշտպան Գյուրջյանն այսօր դատական նիստին ներկա էր, և դահլիճը լքեց մյուս պաշտպանների հետ, այսինքն՝ նման պարագայում դատավորը չի կարող պնդել, թե Գյուրջյանը երեք դատական նիստ անընդմեջ ներկա չի եղել:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց նաև դատական նիստերին հետևող քաղաքացիներից ոմանց նկատմամբ՝ հիմք ընդունելով կարգադրիչների ստորաբաժանման  ծառայության պետի կողմից դատարանին հայտնած տեղեկությունը, թե նրանք  անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի նկատմամբ:

Նրանցից չորսի նկատմամբ դատավորը սանկցիա կիրառեց մինչև դատավարության ավարտը նիստերի դահլիճից հեռացնելու տեսքով:

Ապա  մեղադրանքի կողմը միջնորդեց, որ Արեգ Կյուրեղյանի համար հանրային պաշտպան ներգրավվի, քանի որ, փաստորեն, վերջինիս պաշտպանը դահլիճում չէ, իսկ ինքը հեռացված է նիստերի դահլիճից:

Այս հարցին դատարանը կանդրադառնա հաջորդ դատական նիստին, իսկ այսօր նիստը հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter