Արսեն Ջուլֆալակյան. «Ես փորձում եմ իմ ապրելակերպով օրինակ ծառայել»
Հայկական մարզաշխարհի նորագույն պատմության ամենասիրելի ու ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը Արսեն Ջուլֆալակյանն է: Հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնը, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն ու միջազգային կարգի սպորտի վարպետն անցել է բավականին հետաքրքիր ու դժվարին ճանապարհ: Արսեն Ջուլֆալակյանը` Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդին, միայն վերջին տարիներին է սկսել մտածել, թե ինչպես ստացվեց, որ ինքը չմնաց Լևոն Ջուլֆալակյան անվանի մարդու հռչակի ստվերում:
«Իրականում շատ բարդ է, բոլոր առումներով է բարդ: Անվանի մարդու զավակ լինելու փաստը կարող է կործանարար լինել հենց անձի համար, երեխայի համար: Տարբեր բնագավառներում դու առնչվում ես այդ բարդույթին: Ինչ ուզում ես` արա, միևնույն է, ամեն բան վերագրում են քո ծնողներին »,-ասում է Արսեն Ջուլֆալակյանը:
«Սկզբում ահավոր էր, շատ վատ էի զգում դրանից: Ամեն գրանցած հաջողություն վերագրում էին հորս, անընդհատ նշում էին, որ` դե, Լևոն Ջուլֆալակյանի որդին է, այդպես էլ պետք է լիներ: Բայց թե որտե՞ղ էր դա գրված՝ չգիտես, մանավանդ, երբ հասկանում ես, թե ինչպիսի դժվարությամբ ես ամեն ինչի հասնում: Դա շատ բարդ էր, բայց ժամանակի ընթացքում սկսեցի ավելի թեթև դրան նայել: Հասկացա, որ պետք է պարզապես այդպիսի խոսակցություններին, կարծիքներին ուշադրություն չդարձնել: Ուղղակի պետք է անես քո գործը, թող մարդիկ խոսեն: Մեկ անգամ կվերագրեն, երկու, տասը… Հետո գալիս է մի պահ, երբ արդեն ծիծաղելի է դառնում…Իսկ արդեն ավելի ուշ, երբ ավելի հայտնի դարձա, սկսեցի ինչ-որ չափով ինքս աշխատել հայրիկիս անվան վրա: Հաղթում էի, ինչ-որ հաջողություն էի գրանցում, բոնուս էր գնում Լևոն Ջուլֆալակյանի անվան վրա: Այնպես որ, հիմա այդ պահն արդեն անցյալում է, այդպիսի խնդիրներ հիմնականում լինում են հասունացման տարիքում»,-պատմում է Արսեն Ջուլֆալակյանը:
Մարզիկի խոսքերով` ինքն իր աչքի առաջ միշտ ունեցել է հոր օրինակը, բայց երբեք իր առջև Լևոն Ջուլֆալակյանին գերազանցելու խնդիր չի դրել. «Նախ` պետք էր հասնել այդ տիտղոսներին, հետո նոր` անցնել, բայց նման բան չի եղել, եղել է բնական ընթացք: Եթե շատ ես հաղթում, պարզ է, անցնում ես: Սպորտում, մանավանդ` ըմբշամարտում, այնպես է, որ երբ դու գորգի վրա ես, երբեք չես նայում հակառակորդդ հայրդ է, եղբայրդ, թե ընկերդ: Այդ պահին դու մոռանում ես ամեն ինչ ու մրցում ես ողջ լրջությամբ: Դա ևս եղել է»:
Արսեն Ջուլֆալակյանը հիշում է, որ մարզումների ժամանակ ինքն ու հայրը անգամ իրար վնասել են. «Մի անգամ հայրս փորձում էր հնարք կատարել, չէր ստացվում: Այնպիսի մի արգելված շարժում արեց, որ քթիցս արյուն եկավ: Բոլորը զարմացած նայում էին»:
Ըմբիշի խոսքերով` իր անհատականության ձևավորման գործում ծնողների, իսկ կայացման փուլում՝ հատկապես մոր ազդեցությունը շատ մեծ է եղել. «Մայրս շատ ուշադիր է եղել իմ հանդեպ, ինձ երբեք նուրբ չի դաստիարակել: Լինում է, երբ տղաների հետ մայրերն ավելի շատ են աշխատում, ակամայից տղային չափից ավելի նուրբ են դաստիարակում, քան պետք է: Իմ պարագայում դա չի եղել: Դաստիարակվել եմ շատ չոր ու տղամարդուն վայել ձևով: Ու դրա համար շատ շնորհակալ եմ ծնողներիս»:
Արսեն Ջուլֆալակյանը մանկուց ունեցել է ծանրաբեռնված գրաֆիկ, հաճախել է ինքնազարգացման տարբեր խմբակներ:
«Պետք է երեխային տաս, որ հետո ստանաս: Փոքր տարիքում պետք չէ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել, մտածել, թե մի քանի բանով զբաղվելով՝ լուրջ հաջողություններ չի ունենա: Կարծում եմ` նախ պետք է երեխային բազմակողմանի զարգացնել, իսկ հետո նա կընտրի նեղ մասնագիտացում: Իմ դեպքում այդպես էր: Ես ամեն տեղ կայի, բայց վերջում մնացին սպորտն ու ուսումը»,- ասում է Արսենը:
Արսեն Ջուլֆալակյանից մեծ ջանքեր, նվիրվածություն, ֆիզիկական ու մտավոր ներուժ է պահանջվել մարզական հաջող կարիերան բարձրագույն կրթության հետ համատեղելու համար: Հիշում է, որ մի անգամ Լևոն Ջուլֆալակյանն իրեն ասել է` եթե երկուսի հետևից ես գնում, երկուսն էլ բաց կթողնես, որոշիր, մեկի վրա կենտրոնացիր:
«Բայց մեծ ջանքերի շնորհիվ ինձ հաջողվեց երկու ոլորտներում էլ լուրջ հաջողությունների հասնել (Արսեն Ջուլֆալակյանը ներկայում սովորում է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ասպիրանտուրայում):
Միջազգայնագետ ըմբիշի խոսքերով` եթե կշեռքի նժարներին դնենք սպորտն ու դիվանագիտությունը, ապա այսօր իր համար սպորտի նժարը ավելի ծանր կկշռի. «Ժամանակային առումով սպորտը շատ կարճ է, իսկ դիվանագիտությամբ կարելի է հիսունից հետո էլ զբաղվել: Սպորտում ես ունեմ առավելագույնը 4 տարի, դրանից ավելիի մասին խոսելն արդեն սուտ կլինի: Ասել, որ 37 տարեկանում ես փորձելու եմ ինչ-որ հրաշքներ գործել սպորտում, քիչ հավանական է: Պետք է հասկանալ, որ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ: Բնության օրենքն է»:
Հարցին, թե Արսեն ըմբիշն ու Արսեն դիվանագետը հաճա՞խ են պայքարի մեջ, Ջուլֆալակյանը ժպիտով պատասխանում է. «Օ~, նրանք իրար հետ բնավ պայքարի մեջ չեն: Երբեմն Արսեն դիվանագետը, եթե այդպես անվանենք, պայքարի մեջ է ինքն իր հետ, որովհետև մեր իրականության մեջ բաներ կան, որոնց հետ ես ոչ մի կերպ չեմ կարող հաշտվել: Ցավում եմ, որ այդպիսի արժեքավոր մարդիկ ծնած և ծնող ազգը նման ցավալի իրավիճակում է այսօր: Ու ես չեմ կարող դրա հետ հարմարվել: Չասեմ, որ ելք չեմ տեսնում, տեսնում եմ, բայց շատ քիչ ու դժվարին…Այ, դրա հետ եմ ես պայքարի մեջ: Փորձում եմ հասկանալ՝ ինչով կարող եմ ես օգտակար լինել, արմատական փոփոխություններ անել: Որովհետև, էլի կրկնեմ, 21-րդ դարն է, պետք է ամեն ինչ շատ ուրիշ կերպ լիներ, բայց, ցավոք, այդպես չէ: Ու ես հասկանում եմ, որ այս պահին որոշակի նախաձեռնություններում իմ ընդգրկվելը, իմ կենսակերպը կարող են դրական ազդեցություն ունենալ հասարակության վրա: Երբ դու պահանջում ես, պետք է առաջինը օրինակ լինես: Ես փորձում եմ իմ ապրելակերպով օրինակ ծառայել, որ մարդիկ հասկանան, որ եթե դու հայտնի ես, պետք է չկտրվես հասարակությունից, դու աստվածային ինչ-որ կերպար չես: Եթե դու հայտնի ես, դա շատ լավ է, բայց ինչո՞վ ես դու յուրահատուկ, որ պետք է անձեռնմխելի լինես»:
Արսեն Ջուլֆալակյանի համոզմամբ` 21-րդ դարում փողի մրցավազքը մարդուն դարձրել է նյութականի գերի. «Մենք անընդհատ վազում ենք, ուզում ենք ավելի շատ վաստակել, չենք գնահատում այն, ինչ ունենք ու հաճույք չենք ստանում մեր վաստակածը ծախսելուց, սպառելուց: Մենք չենք գնահատում պահի արժեքը: Բայց ես հասկացել եմ, որ պետք է գնահատես այն, ինչ ունես ու վստահեցնում եմ, որ մարդիկ շատ ավելի շատ բան ունեն, քան իրենք պատկերացնում են: Պարզապես պետք է գնահատել ունեցածը և վայելել պահը…»:
Արփինե Մուրադյան
Լուսանկարը` Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել