
Գյուղնախարարությունից հողամաս կհատկացվի Առաքելական եկեղեցուն
Գյուղատնտեսության նախարարությունից հողամաս կհատկացվի Առաքելական եկեղեցուն։ Գործադիրն այսօրվա նիստում ընդունեց այս որոշումը՝ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի առաջարկով։
1,4 հա հողամասը գտնվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Իսի-Լե-Մուլինո փողոց 1 հասցեում։ Այն հետ է վերցվելու գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից և անհատույց սեփականության իրավունքով տրամադրվելու է եկեղեցուն։
Որոշման նախագծում գրված է, որ հողամասի հատկացման խնդրանքով վարչապետին դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Սուրբ Գայանե վանքին հարակից հողատարածքում նախատեսում է կառուցել 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան և դրա շրջակայքում հիմնել զբոսայգի:
Որոշման նախագիծը ներկայացվել էր անշարժ գույքի կադաստի պետական կոմիտեին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման, արդարադատության, մշակույթի և ֆինանսների նախարարություններին։ Ֆիննախը երկու դիտարկում էր նշել։
Նախարարությունը խնդրել էր հստակեցնել, թե հողամասերի չափագրման, առանձնացման և որպես անշարժ գույքի առանձին գույքային միավորների գրանցման աշխատանքների գործարքներից առաջացող ծախսերն ինչ աղբյուրներից է նախատեսվում իրականացնել: Հավելել էր, որ առարկություններ չի ունենա` պայմանով, որ այն չի առաջացնի պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն:
Նախարարությունը նաև նշել էր, որ պարզ չէ, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համապատասխան պայմանագրի կնքում, նոտարական վավերացում և գույքային իրավունքների պետական գրանցում պահանջվում է, թե ոչ։ Եթե պահանջվում է, առաջարկել էր նախագծում հստակեցնել, թե ում միջոցների հաշվին են իրականացվելու այդ ծախսերը:
Մեկնաբանել