
«Սասնա ծռերը» դահլիճ բերվեցին, սակայն նորից 10 ժամով հեռացվեցին
Ամալյա Մարգարյան
«Սասնա ծռերի» 18 անդամների գործով նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց փաստաբաններ Երվանդ Վարոսյանի, Գրիշա Բալասանյանի և Դավիթ Գյուրջյանի միջնորդությունը և 16 ամբաստանյալներին նիստերի դահլիճ բերելու որոշում կայացրեց: Միջնորդությանը միացել էին նաև մյուս պաշտպանները: Դատավորը հրաժարվեց նաև հանրային պաշտպան ներգրավելու որոշումից, քանի որ գտավ, որ ամբաստանյալների ներկայության պարագայում հանրային պաշտպանի դիմելու կարիք չկա:
Հիշեցնենք, որ այսօր դատավորը հանրային պաշտպան ներգրավելու համար փաստաբանական պալատ դիմելու որոշում էր կայացրել, քանի որ փաստաբանների մի քանիսը չէին ներկայացել նիստերին, թեև ամբաստանյալներ Թորոս Թորոսյանը, Տիգրան Մանուկյանը և Թաթուլ Թամրազյանը իրենց պաշտպաններից չէին հրաժարվել:
Միջնորդություն ներկայացնելու ժամանակ դատավորը, դիմելով փաստաբաններին, հարցրեց` արդյոք ամբաստանյալներին տեղեկացրել են դատարանում կարգուկանոնի մասին:
Դատարանի հարցին ի պատասխան` փաստաբան Գրիշա Բալասանյանը ասաց. «Ես իրավունք չունեմ դաստիարակչական աշխատանք կատարել, դա իրենց դիրքորոշումն է: Դատարանը պետք է այնպիսի դիրքորոշում ցուցաբերի, որ գոնե դրա համար նիստերը չհետաձգվեն»:
Ընդմիջումից հետո դատարանը նորից սանկցիա կիրառեց ամբաստանյալների նկատմամբ` նախազգուշացման տեսքով:
Դավիթ Գյուրջյանը հայտարարությամբ հանդես եկավ և նշեց, որ «ըստ էության ապօրինի նիստին» անհնար է շարունակել մասնակցել և միջնորդեց նիստը հետաձգել:
Դատարանը շարունակեց ամբաստանյալների ինքնությունը ճշտելու գործողությանը:
Մարտիրոս Հակոբյանի ինքնությունը ճշտելու ժամանակ դատավորը պահանջեց, որ ամբաստանյալը ոտքի կանգնի, որին ի պատասխան` Մ. Հակոբյանը ասաց. «Էն բանի առաջ որ ապստամբում են, նրա առաջ չեն խոնարհվում»:
Վարդան Գերավետյանը ևս ոտքի չկանգնեց և փորձեց դատավորին ներկայացնել պատճառը:
«Դուք չեք ուզում պարզել` ինչի համար ես չեմ ուզում կանգնել», - ասաց Վ. Գերավետյանը: Թեև դատավորը թույլ չտցվեց շարունակել խոսքը, այնուամենայնիվ Գերավետյանը խոսեց և ասաց. «Ձեր աչքի առաջ, մեր տղաների նկատմամբ բռնություն է գործադրվում, և այդ բռնությունը գործադրվել է ժողովրդի հանդեպ»: Այս խոսքից հետո «Սասնա ծռերի» աջակիցները ծափահարություններով ողջունեցին հայտարարությունը:
Նիստը 15 րոպեով նորից ընդմիջվեց: Վերադառնալուց հետո ոտքի չկանգնելու համար ամբաստանյալների նկատմամբ` բացառությամբ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Գևորկ Իրիցյանի, Արտուշ Գաբրելյանը նորից սանկցիա կիրառեց` 10 ժամով հեռացնելով նիստերից:
Մեկնաբանել