
«Հայաստան» հիմնադրամի շնորհիվ գյումրեցի եւս մեկ ընտանիք տնակից տեղափոխվեց քարաշեն բնակարան
Սիրուշ Տոնոյանի ընտանիքը 29-րդ է, որ ժամանակավոր կացարանից քարաշեն բնակարան է տեղափոխվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակում: Սիրուշ Տոնոյանը 6 երեխա ունի, ավագ դուստրը՝ Լուսինե Բոթոյանը, ամուսնացած է եւ ապրում է առանձին։ Տնակում Սիրուշն ապրում է 5 երեխաների հետ՝ 20-ամյա Արմենի, 19-ամյա Անիի, 16-ամյա Վարդանի, 15-ամյա Սամվելի և 13-ամյա Էդգարի հետ։
Ընտանիքի հայրը 2005թ.-ից մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի և չի վերադարձել՝ խզելով կապը ընտանիքի հետ։ Երեխաներից Վարդանը հաշմանդամություն ունի՝ մանկական կաթված (ձեռքերը և ոտքերը դժվարությամբ է շարժում)։ Ընտանիքի եկամուտը սոցիալական նպաստն է, Վարդանի հաշմանդամության թոշակը և Սիրուշի 55000 դրամ աշխատավարձը: Սիրուշ Տոնոյանն աշխատում է Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպության հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված «Էմիլի Արեգակ» կենտրոնում` որպես մաքրուհի։
Տոնոյանների տնակը գտնվում էր քաղաքի ծայրամասում, ամայի մի անկյունում: Խոնավ եւ քայքայված կացարանի մշտական հյուրերն էին տարատեսակ միջատներն ու առնետները։ Նոր բնակարան տեղափոխվելու լուրը Տոնոյանները ստացան այսօր՝ հիմնադրամի աշխատակիցներից: Կահավորված, կոմունալ բոլոր հարմարություններով բնակարանն ընտանիքի տարիների երազանքն էր, որը սեփական միջոցներով իրականացնելու հնարավորություն չկար:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2014թ-ից Գյումրու տնակային ավաններում ապրող ընտանիքներին ապահովում է բնակարաններով: 2014թ.-ին Լոս Անջելեսում կայացած հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված ողջ գումարը, ինչպես նաեւ հետագայում կատարված դրամահավաքները, անհատ բարերարների հանգանակությունները հնարավոր են դարձրել 28 ընտանիքի վերաբնակեցումը։ Գյումրեցի 4 ընտանիք բնակարան է ստացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական հանձնախմբի ֆինանսավորմամբ։
Մեկնաբանել