
Տեղահանված տապանաքարեր Սանահինում. վանահայրն ու թեմի առաջնորդը մեղադրում են միմյանց
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում գրանցված Սանահինի վանական համալիրի վանահայր Տեր Ավետիք աբեղա Սողոմոնյանը որոշել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանի դեմ հայց ներկայացնել դատարան:
Ս. Չուլջյանը հունիսի 21-ին վանքի Զաքարյանների մատուռից 2,5-3 մետր հեռավորության վրա կատարված հուղարկավորությունը չկանխելու համար գրավոր խիստ նկատողություն է տվել Տեր Ավետիքին: Վերջինս նկատողությունը չի ընդունում։ «Ես իրեն հլա չեմ ասել, որ չեմ ընդունում նկատողությունը, բայց կարող եմ փաստեր հավաքել և Ս. Չուլջյանի դեմ հայց ներկայացնել դատարան»,- ասում է Տեր Ավետիքը: Նա ուզում է նաև հրապարակային հարցնել Գուգարաց թեմի առաջնորդին, թե ինչու են իր առաջնորդության տարիներին տասնյակից ավելի գերեզմաններ հայտնվել վանքի տարածքում, և դա չի կանխվել նրա կողմից: Հիշեցնենք, որ այդ գերեզմանների մեծ մասը վանքի արևելյան կողմից այսօր ամբողջությամբ փակում են Զաքարյանների դամբարանը: «Հիմա ես եմ իրեն տալու նկատողություն: Ու խնդրում եմ հոդվածում դա նշեք: Եթե իմ խիստ նկատողությունը չհանեց, ես դատարան հայց եմ ներկայացնելու իր դեմ, հարցնելու՝ Չուլջյան, ինչո՞ւ տեր չես եղել Սանահինի վանքին: Ի՞նչ ես տվել ինձ և ինչո՞ւ նշումներ չես արել, թե քո առաջնորդության ժամանակ քանի տասնյակ գերեզմաններ են դրվել վանքի տարածքում: Հենց այդպես էլ կգրեք, ինչո՞ւ տեր չես եղել Սանահինի եկեղեցուն»,-ասաց Տեր Ավետիքը:
Վանահայրը վստահեցնում է, որ ինքն ի սկզբանե տեղյակ չի եղել հունիսի 21-ին մատուռի մոտ կատարված հուղարկավորությունից, բայց այն բացահայտելուց հետո անմիջապես Սրբազանին տեղեկացրել է, նաև բացատրագիր է գրել: Վանահայրը պարզաբանում է, որ գերեզմանի տարածքն ամբողջությամբ եկեղեցու տարածք է, այնտեղ երկու մարդ է հուղարկավորված եղել: Մեկի վրա ազգանուն կար. «Սիրամարգ Գևորգյան-Տիտանյանց, ծնված 1849 թիվ, մահացած 1901թ.»: Գերեզմանը կիսով չափ փակում է մատուռը: Գերեզմանոցի ճանապարհն անցնում է վանքի մոտով: Տեր Ավետիքը հունիսի 21-ին տեսել է ինչպես հանգուցյալին հուղարկավորության տանելիս, այնպես էլ հաջորդ օրը՝ հունիսի 22-ին նրա հարազատներին ինքնահողի գնալիս, սակայն, իր ասելով, մտքով չի անցել, որ հուղարկավորությունը կատարվում է հենց մատուռի մոտ: Հուլիսի 2-ի երեկոյան, 17:00-ի սահմաններում տեսել է, որ Զաքարյանների մատուռի առաջ արդեն գերեզման է կառուցված:
«Ապշեցի: Ասացի` այս ի՞նչ եք անում, մտել եք մեր տարածք, չի կարելի: Հանգուցյալի տղան` Գագիկ Վերանյանը, անակնկալի եկավ, ասաց` Հայր Սուրբ, թյուրիմացություն է եղել»,-պատմեց Տեր Ավետիքը: Այդ պահին գերեզմանի մոտ Գ. Վերանյանի և Տեր Ավետիքի միջև խոսակցություն է ծավալվել: «Գագիկ Վերանյանն ասաց` դե որ վանքի տարածքն է, Հայր Սուրբ, հորս քառասունքը տամ, և նախատեսավ, որ գերեզմանը տեղափոխելու է այլ տեղ: Այդպես մենք խոսեցինք, մի քանի բան ճշտեցինք ու գերեզմանի դիմաց կանգնած զանգեցի Սրբազանին: Հայտնեցի` Սրբազան, էսենց բան է կատարվել: Ասաց՝ բա ինչի՞ ես թույլ տվել: Ասացի` դե որ տեղյակ լինեի, թույլ չէի տալ, նոր եմ նկատել»,-պատմեց Տեր Ավետիքը:
Տեղեկանալուց հետո, վանահոր խոսքով, Սրբազանը զանգել է Պատմամշակութային հուշարձանների վարչություն, որտեղից ուղարկված Ալավերդի քաղաքի պատմամշակութային հուշարձանների պատասխանատու Կարեն Յոլչինյանը և այլ ներկայացուցիչներ հաջորդ օրը առավոտը նկարել են գերեզմանը, արձանագրել են, որ երկու պատմական գերեզմաններ են տեղահանված, գերեզմանը փակում է դամբարանը և դադարեցրել են գերեզմանի կառուցման աշխատանքները, որը, սակայն, մեկ շաբաթ հետո շարունակել են հանգուցյալի հարազատները: Գագիկ Վերանյանը պատմեց, որ տարիներ շարունակ Սանահինի գերեզմանոցում չի կանոնակարգվել հանգուցյալների հուղարկավորության տարածքի հատկացումը: Իրենք գերեզմանոցում ընտանեկան տարածք չեն ունեցել, մտածել է, որ տարածքը մոտ է հոր հարազատներին, նրան հունիսի 21-ին հուղարկավորել է մատուռի մոտ։
«Ես չեմ մտածել, որ դա ինչ-որ բանի կխանգարի: Հետո, Զաքարյանների դամբարանների չորս կողմերը ամբողջությամբ մեր գյուղի հանգուցյալների գերեզմաններն են»,- ասաց Գագիկը: Հուղարկավորությունից հետո նա հարազատների օգնությամբ արագ կառուցել է հոր գերեզմանը: Հուլիսի 2-ին Սուրբ հայրը մոտեցել է իրեն և հայտնել, որ հորը հուղարկավորել է վանքի տարածքում: Վերջինս դժգոհեց, թե ավտոմեքնաներով վանքի մոտով շինանյութ է տեղափոխվել գերեզմանոց, որևիցե մեկը, նաև` Հայր Սուրբը իրեն չեն զգուշացրել, որ Զաքարյանների մատուռի մոտ չի կարելի հուղարկավորություն անել:
«Գերեզմանի մոտից Հայր Սուրբը զանգեց իր վերադասին, իրեն էլ ասին` բա դու ո՞ւր ես եղել, մարդկանց ինչո՞ւ չես զգուշացրել: Հայր Սուրբն էլ մեր մոտից ասաց՝ չի նկատել»,-պատմեց Գագիկը: Վերադառնալով պատմական գերեզմանների տեղահանությանը` Գ. Վերանյանն ասաց, որ գերեզմանոցի պահակը, գյուղի մեծ մարդիկ ոստիկանությանը ցուցմունք են տվել, որ ինքը դրանց չի դիպչել: Գագիկն անորոշ վիճակում էր, չգիտեր, թե ինչպես է վարվելու հոր գերեզմանի հետ:
«Եթե Զաքարյանների դամբարանների մոտ հողարկավորությունն արգելված է, ինչո՞ւ եկեղեցու կողմից զգուշացնող գոնե մի ցուցանակ չկա դրված: Դե, այդ դեպքում հանգուցյալի տերն էլ մեղավոր չի»,-ասաց հանգուցյալի այրին՝ Ելենա Վերանյանը:
Զաքարյանների դամբարանը |
Տեր Ավետիք Աբեղա Սողոմոնյանը Սանահինի վանական համալիրի վանահայր է նշանակվել 10 ամիս առաջ՝ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին։ Գալուն պես նկատել է, որ վերջին 25 տարիներին սանահինցիների գերեզմանները հոսել են դեպի վանքապատկան տարածք: «Եվ այնքան են մոտեցել, որ արդեն մի փոքր արահետ է թողնված, որով մենք գնում ենք Սուրբ Հարության մատուռը կամ Տուտեորդու հռչակավոր խաչքարը տեսնելու: Եթե էլի աչք փակենք, էդ ճանապարհն էլ կփակեն, քանի որ ժողովուրդը գաղափար չունի Սանահինի վանքի արժեքներից: Բացի այդ, արժեքները շրջափակող տարածքների չափ ու սահմանը այսօր ճշտված չէ, և վերջին աղմկահարույց դեպքն էլ ապացուցեց, որ այստեղ ոչ մի օրենք, ոչ մի կարգ ու կանոն չի գործել, ցուցանակներ, զգուշացնող պլակատներ, վահանակներ չկան: Եկեղեցին երբևէ բնակչությանը չի սաստել, որ բավական է, էլ էդ սահմանը մի անցեք»,-ասաց Տեր Ավետիքը:
Մեր հարցին, թե իր պաշտոնավարման 10 ամիսներին Գուգարաց թեմի առաջնորդի հետ երբևէ քննարկե՞լ են Սանահինի վանքապատկան հողերի սահմանի և այդտեղ արգելող ցուցանակներ տեղադրելու խնդիրը, Հայր Սուրբը պատասխանեց, որ իրեն ընդգծված սահմանի հատակագիծ չի հանձնվել, եկեղեցու տարածքը հստակեցված չէ իր համար: «Վանքի և շրջակայքի ընդհանուր հատակագիծը կա, բայց այդ կողմի վրա հաստատուն հատակագիծ չկա»,- հայտնեց նա: Վանքի տարածքի հաշվին Սանահին գյուղի գերեզմանոցի ընդլայնման հարցում Տեր Ավետիքը մեղադրում է Գուգարաց թեմի առաջնորդին։ Տեր Ավետիքն ասում է, որ Սանահինի վանքն անմխիթար վիճակում է ընդունել. «Մի հատ եկեք պարզենք այդ վիճակի համար ո՞վ պետք է պատասխան տա: Հայր Սու՞րբը։ Ոչ մի միլիմետր էս պայքարում զիջող չեմ, այս գերեզմանը պետք է այստեղից հանվի»,- ասում է վանահայրը:
Վանքի արեւելյան մասից Զաքարյանները դամբարանը փակող գերեզմանները |
Սանահինի վանական համալիրում հունիսի 21-ին Զաքարյանների դամբարանների առաջ կատարված հուղարկավորությունը դատապարտել և անթույլատրելի է համարել Մայր Աթոռ Ս. Էջմիածինը։ «Խնդիրը պահանջում է հստակ համակարգված լուծում՝ զերծ պահելու մեր պատմական կոթողները նման երևույթներից և կամայական տեղական գործունեությունից»,- գրել է Ս. Էջմիածնի լրատվական ծառայության պատասխանատու Վահրամ Քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Սանահինի վանական համալիրի պատմական շատ արժեքներ, այդ թվում նաև «Ամենափրկիչ» եկեղեցին, Գրիգոր Տուտեորդու մահարձանը, Զաքարյանների և Արղությանների դամբարանները մատնված են անտերության, կորած են կեղտի և մոլախոտերի մեջ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել