HY RU EN

«ԱրմենՏել»-ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սաչկովի ծնողները դիմել են Բելառուսի և Ռուսաստանի իշխանություններին

«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի ծնողները դիմել են Բելառուսի և Ռուսաստանի իշխանություններին: Վալենտինա և Ալեքսանդր Սաչկովները հայտնել են իրենց որդու` Վլադիմիր Սաչկովի գործով դատական նիստերը ձգձգելու, գործով տեղի ունեցած ապօրինությունների, բանտային պահման անբարեխիղճ պայմանների մասին: «Դա ֆարս է, այլ ոչ թե դատարան»,- գրել են Սաչկովները:

Նրանց դիմումի առնչությամբ Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ա. Ստուկը միջնորդությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանին դատապրոցեսի նկատմամբ վերահսկողություն սահմանելու և Բելառուսի գլխավոր դատախազությանը ձգձգման պատճառների մասին իրենց տեղեկացնելու համար:

Հիշեցնենք` Վլադիմիր Սաչոկովը ձերբակալվել էր Բելառուսում, որտեղ նա աշխատում էր այդ ժամանակ, և այնուհետև նրան արտահանձնել էին Հայաստան:

Վլադիմիր Սաչկովի ծնողները նաև դիմել են ՌԴ պետդումայի նախագահին և պատգամավորներին:

«Պահման պայմաններն ահավոր են. առանց արևի լույսի և օդափոխության փոքր խցում 15 կալանավոր կա, որոնք քնում են 11 մահճակալի վրա: Կերակուրը, քնելը հերթով է, օրվա ընթացքում ջուրը երկու անգամ են միացնում, էլեկտրաէներգիայի մշտական անջատումներ, հակասանիտարական վիճակ, խավարասերներ, առնետներ, կարիճներ: Բուժօգնություն չի ցուցաբերվում: Մաքուր օդին զբոսանքներն արգելված են: Սա դժոխային խոշտանգումներ են»,- գրել են Սաչկովի ծնողները:

Նրանք բարձրաձայնել են նաև Սաչկովին` իր ընտանիքի հետ երկարատև տեսակցություն թույլ չտալու, Հայաստանում ՌԴ դեսպանի երաշխավորությամբ նրա խափանման միջոցը գրավով չփոխարինելու, դատական ակտերին իր մայրենի լեզվով ծանոթանալու վերաբերյալ իրավախախտումների մասին:

«Սաչկովին անհրաժեշտ է իրական օգնություն այն մարդկանց կողմից, որոնք կարող են հայաստանյան իշխանություններին հասցնել ՌԴ քաղաքացու իրավունքների խախտման անթույլատրելիության մասին: Հայկական կողմից Ս. Լավրովի և Տ. Մոսկալկովայի նման գործիչների արհամարհումը պահանջում է ՌԴ նախագահի միջամտությունը»,- գրել է ամբաստանյալի մայրը` Վալենտինա Սաչկովան:

Բելառուսի դատախազության պատասխանը ՌԴ-ի դատախազության պատասխանը

ՌԴ գլխավոր դատախազությունը պատասխանել է Սաչկովներին` հայտնելով, որ նրանց դիմումն ուղարկվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի գլխավոր դատախազություն` քննարկման համար:

Վլադիմիր Սաչկովի գործով դատաքննությունը պետք է տեղի ունենար երեկ, սակայն այն չի կայացել դատավոր Արմեն Բեկթաշյանի` խորհրդակցական սենյակում լինելու պատճառաբանությամբ: Հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսի 3-ին: Սաչկովի գործով նշանակված 51 նիստից առայժմ կայացել է 19-ը:

«Իմ կարծիքով` դատավորը հիմա «սաբոտաժի է ենթարկում» նիստերը: Նա գիտի, որ դրա համար իրեն ոչինչ չի սպառնա»,- մեզ հետ զրույցում ասում է Վլադիմիր Սաչկովի կինը` Եկատերինա Ազյոման:

Եկատերինա Ազյոման էլ իր հերթին դատական նիստերի մշտական ձգձգման վերաբերյալ բողոքով դիմել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն, որտեղից նրա դիմումն ուղարկվել է Հայաստանում ՌԴ դեսպանություն: Հյուպատոսական բաժնի ղեկավար Պ. Շչուկինը հայտնել է, որ դեսպանությունը մշտապես հետևում է ամուսնու նիստերին և հսկողության տակ պահում: 

«Հայկական կողմին ողջամիտ ժամկետներում դատական նիստերը չկայանալու վերաբերյալ հերթական բողոքի նոտան ուղարկվել է հունիսի 28-ին»,- երեկ նամակով հայտնել է ռուս պաշտոնյան:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների և նույն կազմակերպության հետ անուղղակիորեն կապված անձանցից կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը: Ընկերության հաշվարկային համակարգը շրջանցած կապուղին գործել է 2011-2013թթ.: Խմբի գործունեության արդյունքում վնաս է հասցվել թե´ ընկերությանը, թե´, համապատասխանաբար, պետությանը՝ հարկերի մասով: