HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտերնետի հանրային մատչելիության կետերը Հայաստանում-2

Անի Դուզդաբանյան

Սկիզբ

Ազատ մատչելության կետերից օգտվողների հիմնական աշխատանքները 

Ազատ մատչելիության կետերի այցելուների հիմնական գործը զանազան կայքերից տեղեկություններ ստանալը եւ նամակագրությունն է: Նրանք կապեր են հաստատում արտասահմանյան տարբեր հաստատությունների հետ, գտնում են հովանավորներ, փնտրում աշխատանք, ինչպես նաեւ` մասնակցում տարբեր վիրտուալ համայնքների գործունեությանը եւ ֆորումներին, ստեղծում իրենց կայքերը: 

Ամեն շաբաթ կետերի աշխատողները կենտրոնական գրասենյակ են ուղարկում այսպես կոչված «հաջողությունների պատմությունը», որտեղ ամփոփված են տեղեկություններ օգտագործողների ձեռքբերումների մասին: 

Մեզ հաջողվեց ծանոթանալ որոշ արդյունքների հետ. «Գ.Մ.-ն on-line պաշարների օգնությամբ բարելավել է անգլերենի իմացությունը եւ հրավիրվել մասնակցելու լեզվի դասընթացների ՄԵծ Բրիտանիայում, Լ.Ս.-ն հրավիրվել է Գերմանիա` կատարելու հետազոտական ծրագիր, Է.Գ.-ն գտել է իր ապագա ամուսնուն եւ այժմ նրա հետ ապրում է Ֆրանսիայում»: 

Ավելի քան 15700 մարդ (երկրի բնակչության 0.4%-ը)` ուսանողներ, լրագրողներ, իրավաբաններ, ուսուցիչներ, գրադարանի աշխատակիցներ, IREX-ի միջոցով անվճար օգտվել եւ օգտվում է ինտերնետից: 

Վեբ կայքերի կառուցման գործում մասնագիտացած է Գրողների միությունում (նախկինում` Հայաստանի ամերիկյան համալսարանում) գտնվող կենտրոնը: Այն Անդրկովկասում առաջին վեբ արհեստանոցն է, ինչպես մեզ պատմեց IATP-ի աշխատակիցը, որը հասարակական կազմակերպություններին, գիտնականներին, ուսանողներին եւ այլոց հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գիտելիքներ, ստեղծել սեփական կայքեր եւ տեղադրել դրանք IATP-ի սերվերի վրա: 

1998թ-ից ի վեր կազմակերպության ֆինանսական եւ տեխնիկական աջակցությամբ ստեղծվել է շուրջ 1000 կայք: IATP-ն դրանք դասակարգում է այսպես` գիտություն, մշակույթ, կրոն, կրթություն, ԶԼՄ-ներ, տնտեսություն, մարդու իրավունքներ եւ այլն: 

Մշակույթին է վերաբերում, օրինակ, հետեւյալ կայքը` http://www.iatp.irex.am/sites/yeghegnadzor/carpets/ : Այստեղ ներկայացված են հայ հնագույն կարպետները, դրանց ստեղծման պատմությունը: Իրավունքին վերաբերող կայքերից մեկում կարելի է գտնել մի շարք երկրների սահմանադրությունները (http://www.concourt.am/wwconst/ ): IATP-ի սերվերի վրա կայքեր են զետեղում նաեւ կազմակերպությունները: Դրանք կարելի է գտնել «Անկախ կազմակերպություններ» բաժնում: Օրինակ` հետեւյալ կայքը առաջարկում է տուրիստական ուղեւորություններ Հայաստանում http://www.iatp.irex.am/sites/maneh/: 

Ազատ մատչելիության կետերը երեխաների համար 

Երեխաները նույնպես ցանկալի հյուր են հանրային մատչելիության կետերում: Հ ամակարգիչը եւ ինտերնետը հենց նրանց գործիքն ու տեխնոլոգիան են, քանի որ հենց նրանք են, հասունանալով, ավելի սերտորեն առնչվելու արդի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներին, նրանք են ավելի մեծ սրությամբ զգալու տեխնոլոգիաների օգուտներն ու վնասները: Բայց, նաեւ նրանք են այսօր բնակչության ամենախոցել խավը, որովհետեւ բազմաթիվ ինտերնետ սրճարաններում ազատորեն մատչելի է պոռնոգրաֆիան: 

Ինչպես վկայում են հանրային մատչելիության կետերի աշխատակիցները, երեխաները հիմնականում չունեն համակարգչային գիտելիքներ, այդ իսկ պատճառով նախ մասնակցում են համապատասխան դասընթացների, որից հետո` դառնում լիարժեք օգտագործողներ: Քանի որ Հայաստանում չկան հենց երեխաների համար գործող հանրային մատչելիության կետեր, այդ աշխատանքը կատարում են IREX-ի կենտրոնները: Այստեղ անչափահասների համար ստեղծված են նույն պայմանները, ինչ մեծահասակների:

Մինչդեռ «Խոսքի ազատությունը ցանցային տեղեկատվության մեջ. ուղենիշներ եվրոպական մշակութային քաղաքականության համար» փաստաթղթում, օրինակ, երեխաների համար նախատեսված հանրային մատչելիության կետերի մասին կան որոշակի պահանջներ: Ըստ այս փաստաթղթի` անչափահասների համար պետք է գործեն որոշ սահմանափակումներ, այդ թվում` պոռնոգրաֆիական եւ այլ վնասակար էջեր այցելելու արգելքը: Փաստաթուղթը կարեւորում է ծնողների դերը:

 Քանի որ ցանցերն առաջարկում են իրական ժամանակի մեջ հաղորդակցություն, ինչպես նաեւ` մատչելի դարձնում տարաբնույթ տեղեկատվություն, ապա ծնողները պետք է բացատրեն երեխաներին անծանոթների հետ on-line կապի մեջ մտնելու հավանական վտանգների մասին: Նման բացատրական աշխատանքը պետք է նաեւ կրթության եւ ուսուցման (թրեյնինգ) մաս դառնա: Հատկապես երեխաների համար նախատեսված հանրային մատչելիության կետերը պետք է օգտագործողին ապահովեն բարձր մակարդակի ուղղորդող ցուցումներով եւ օգնությամբ` նրանց կարիքներին պատշաճող տեղեկատվություն գտնելու գործում: 

Թրեյնինգները հանրային մատչելիության կետերում 

Ինչպես հավաստում է IATP-ի հայաստանյան ծրագրի համակարգող Մ. Տոնոյանը, IREX-ի ազատ մուտքի կետերը ստեղծվել են այն ուսանողների համար, ովքեր այս կազմակերպության օժանդակությամբ ուսում են ստանում ԱՄՆ-ում: Ըստ այդմ էլ, ծրագրի բոլոր աշխատանքներն ուղղված են եղել նրանց մասնագիտական առաջընթացին: Հետագայում ծրագրի շրջանակներն ընդլայնվել են եւ ընդգրկել այլ օգտագործողների: Նրանց առաջին հերթին պետք են գիտելիքներ եւ հմտություններ ինտերնետի ծառայություններից օգտվելու համար: Այս նպատակին էլ ծառայում են թրեյնինգները: Սկզբում ուսուցանվում են տարրական ծրագրեր, իսկ հետո, ըստ անհրաժեշտության, ավելի բարդերը: Թրեյնինգ անցածները գոհ են դասընթացների մակարդակից: Ընդհանուր առմամբ, դժգոհում են միայն վատ կապից եւ համակարգիչների քանակից: Ըստ կազմակերպության վիճակագրության` ծրագրի ուսուցման դասընթացների մասնակիցների 10%-ն ընդունվել Է աշխատանքի, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ինչպես վկայում են կենտրոնի աշխատակիցները, մասնակիցներն իրենք են գալիս հանրային մատչելիության կետեր եւ հերթագրվում թրեյնինգներին մասնակցելու համար: IREX-ը երբեք չի գովազդում իր ծրագրերը: 

Նկատի ունենալով այն փաստը, որ ազատ մատչելիության կետերի առաջարկած ծառայություններն անվճար են, ենթադրվում է, որ օգտվողների մեծ մասը պետք է կազմի բնակչության անապահով խավը: Մինչդեռ կազմակերպությունն իր առջեւ նման խնդիր չի դրել եւ նույնիսկ դժվարանում է օգտագործողների մեջ որեւէ խավ առանձնացնել: 

Ներկայացնենք մեկ այլ վիճակագրություն, որն ինչ-որ իմաստով ամփոփում է կազմակերպության աշխատանքի արդյունքները: Ահա թե բնակչության որ տոկոսն են կազմում IATP-ի ծրագրի օժանդակությամբ ուսուցում ստացած եւ ինտերնետի ծառայություններից օգտված մարդիկ ըստ բնակության վայրի. 

Երեւան` 0.33% եւ 0.60%,

Շիրակ` 0.42% եւ 0.43%,

Լոռի` 0.32% եւ 0.63%,

Սյունիք` 1.10% եւ 1.64%,

Կոտայք` 0.07% եւ 0.21%,

Վայոց Ձոր` 0.99% եւ 1.13% 

Անկասկած, հանրային մատչելիության կենտրոնների կատարած աշխատանքն ավելի լավ հասկանալու, սոցիալական ազդեցության շրջանակն ու չափը ճշտելու եւ զարգացման հեռանկարներ մշակելու համար լուրջ եւ բազմակողմանի ուսումնասիրության կարիք կա:

Սա մեր առաջին եզրակացություն է: Իսկ մեր փոքրիկ հետազոտության արդյունքներն ամփոփելով` կարող ենք արձանագրել այն շոշափելի, օգտակար աշխատանքը, որ կատարվել է Հայաստանում IREX-ի ծրագրի շրջանակում: Մյուս կողմից, անհրաժեշտ է ընդգծել այն հանգամանքը, որ կազմակերպության գործունեությունն ուղղակի կամ անուղղակի ձեւերով նպաստում է երկրից մարդկանց արտագաղթին: 

Ակնհայտ է նաեւ, որ հայաստանյան կազմակերպությունները կամ հենց կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուները կարող են ավելի գործուն մասնակցություն ունենալ այս ծրագրի աշխատանքին` դրան հաղորդելով ավելի նպատակաուղղված տեղական բովանդակություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter