HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտերնետի հանրային մատչելիության կետերը Հայաստանում

Անի Դուզդաբանյան

(IREX ( International Research & Exchanges Board )-ի ծրագիրը Հայաստանում) 

1990-ականների կեսերից սկսած, տարբեր նպատակներով համակարգիչների գործածության աճը եւ ինտերնետի տարածումը Հայաստանում առաջ բերեցին նոր ծառայություններ ստեղծելու, ինչպես նաեւ` նոր գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտություն: Քանի որ ավանդական կրթական հաստատությունները չէին կարող բավարարել այս կարիքները, երեւան եկան համակարգչային կրթության բազմաթիվ մասնավոր դասընթացներ:

Այդուհանդերձ, անհամեմատ ավելի քիչ էին ինտերնետի ծառայություններից օգտվելու եւ համապատասխան գիտելիքներ ստանալու հնարավորությունները: Միայն վերջին մի քանի տարում է, որ Երեւանում բազմացան ինտերնետ-սրճարաններն ու այլ վճարովի կետերը, իսկ մինչ այդ ինտերնետային ծառայությունները գրեթե անմատչելի էին հասարակությանը: Իհարկե, սկզբնական շրջանում դրա պահանջը նույնպես մեծ չէր: 

Ստեղծված բացը լրացնելու առաջին հետեւողական ծրագրերն իրականացվեցին Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի եւ ամերիկյան IREX կազմակերպության կողմից, որոնք սկիզբ դրեցին, համապատասխանաբար, Freenet (Ազատ ցանց) եւ IATP ( Internet Access & Training Programme, Ինտերնետի մատչելիության եւ ուսուցման ծրագիր) ծրագրերին: 

IREX-ի ծրագրի շրջանակում իրականացվեց ինտերնետի հանրային մատչելիության կետերի ստեղծումը: Հանրային մատչելիության առաջին կետերը բացվեցին 1997-1998 թվականներին: Դրանք համակարգչային կենտրոններ էին, որտեղ բնակչությանը սովորեցնում էին օգտվել ինտերնետից, ստեղծել վեբ էջեր եւ այլն: Այսպիսով, IREX-ը իր հիմնական նպատակներից է համարում ինտերնետի ազատ մատչելիություն ապահովելը, հայկական ինտերնետային պաշարների զարգացումը եւ անվճար դասընթացների կազմակերպումը: 

IATP-ի ծրագիրը սկիզբ է առել` հիմնադրելով հանրային մատչելիության կենտրոններ Ազգային գրադարանում, ԵՊՃՀ-ում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, ինչպես նաեւ` Գյումրիի Հանրային գրադարանում: Այսօր գործում են ազատ մատչելիության 11 կենտրոններ: Նման կենտրոնն այսօր ունի 7-10 համակարգիչ, թեեւ ծրագրի սկզբում դրանց թիվը 3-4 էր: Այս տարիների ընթացքում, իհարկե, միայն համակարգիչների քանակը չի ավելացել: Դրանք պարբերաբար նորացվում են: Ավելացել են նաեւ այլ օժանդակ սարքեր. տպիչ, վեբ խցիկ, թվանշանային լուսանկարչական սարք, սկաներ եւ այլն: Սա թույլ է տալիս ընդլայնել կենտրոնների մատուցած ծառայությունների շրջանակը, իսկ օգտագործողները հնարավորություն են ստանում նաեւ ավելի լայն գիտելիքներ ձեռք բերել նոր տեխնոլոգիաների վերաբերյալ: 

Ինտերնետը Հայաստանի ազգային գրադարանում 

Հին եւ նոր մշակույթների համադրման լավ օրինակ է ազատ մատչելիության կենտրոնի եւ գրադարանի զուգակցումը: Առայժմ սա ավելի շատ նման է խաղաղ գոյակցության, քան մրցակցության: IATP-ի օժանդակությամբ ստեղծված կայքերը պարունակում են տարբեր բնույթի եւ բովանդակության տեղեկատվություն. ինտերնետ են տեղափոխվում համաշխարհային գրականությունը, մամուլը:

Նոր տեխնոլոգիաների օգնությամբ «գիրք կարդալը» դառնում է ավելի հեշտ եւ առաջանում է գրադարանի ընթերցողին կորցնելու վտանգը: Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, չնայած մեր մտահոգությանը, համոզված է, որ գրադարանի ընթերցողը միշտ հավատարիմ կմնա թղթին. «Հետո, հնարավոր չէ ողջ հայ գրականությունը տեղադրել ինտերնետում եւ, բնականաբար, մարդիկ կգան գրադարան այն ընթերցելու»: Դա այսօր, իսկ վա±ղը: Ի վերջո, թղթին հավատարիմները հիմնականում հին սերնդի ներկայացուցիչներն են, իսկ ի±նչ ընտրություն կանի նոր սերունդը: Ըստ IREX-ի 2003 թ-ի հաշվետվության` 1997թ-ի համեմատությամբ 2003թ-ին տրամադրված անվճար ծառայությունների թիվն աճել է մոտ 15 անգամ: 

Երեւանում IREX-ի ազատ մատչելիության կետերից ամենախոշորը, թերեւս, Ազգային գրադարանում գործող կետն է: Վեց տարիների ընթացքում այն սպասարկել է շուրջ 4000 օգտագործողների: Ինչպես տեղեկացնում է պարոն Սարգսյանը, Ազգային գրադարանի եւ IREX-ի միջեւ կնքված է պայմանագիր, ըստ որի` գրադարանը IREX-ին տրամադրում է տարածք, որի դիմաց IREX-ը համակարգչային դասընթացներ է վարում գրադարանավարների հետ, վճարում գրադարանի` ինտերնետից օգտվելու ծախսերը, ինչպես նաեւ` գրադարանին տրամադրում համակարգիչներ: Գրադարանը IREXի հետ միասին իրականացրել է «Հակոբ Մեղապարտ» ծրագիրը, որի միջոցով ինտերնետում տեղադրվել է հայ հնատիպ գրքերի ցանկը: Սակայն այժմ ծրագիրն ընդհատված է, քանի որ, ինչպես վկայում է պարոն Սարգսյանը, այն չի մտնում IREX-ի ծրագրերի ընդհանուր շրջանակի մեջ: 

Ինչպես մյուս բոլոր կետերում, այնպես էլ այստեղ օգտագործողների զգալի մասը ուսանողներ են: Ինչպես պարզաբանում է կենտրոնի աշխատակիցը, ի տարբերություն մյուս կետերի, այստեղ անչափահասներ չեն գալիս այն պարզ պատճառով, որ մուտքը գրադարան միայն գրադարանի տոմսով է, որը տրվում է միայն չափահասներին: Ազատ մատչելիության բոլոր կետերում անդամ դառնալու համար բավական է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ եւ ներկայացնել որոշ հիմնական տվյալներ` անուն, հասցե, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե եւ այլն: Ուշադրություն է դարձվում նաեւ օգտագործողի համակարգչային եւ ինտերնետային գիտելիքներին: Շաբաթվա մեջ քեզ տրամադրում են մեկ ժամ, որը կարող ես օգտագործել ըստ ցանկության` իհարկե, պահպանելով որոշակի պայմաններ: Որոշ կետերում այդ կանոնները ներկայացված են եւ մատչելի են յուրաքանչյուր օգտագործողի: 

Ինտերնետին միացած օգտագործողին հասանելի է հսկայական քանակությամբ տեղեկատվություն, որը ոչ միշտ է ցանկալի կամ անվտանգ հատկապես անչափահասների համար: Նման դեպքերում կարելի է օգտագործել զտող ծրագրեր, նախազգուշացնող հաղորդումներ: Սակայն IREX-ի ոչ մի կենտրոնում դրանք չեն կիրառվում: Կենտրոնների աշխատակիցները նախընտրում են վերահսկել օգտագործողի աշխատանքը, որպեսզի նա չայցելի նման կայքեր: Այս դեպքում էլ խախտվում է օգտագործողի` ինտերնետից ազատ ու գաղտնի օգտվելու իրավունքը: Այս իրավուքը խախտվում է նաեւ այն պատճառով, որ համակարգիչները շարված են անմիջապես կողք-կողքի, ինչը թույլ է տալիս դիտել հարեւանի աշխատանքը: 

Թեեւ, պետք է նաեւ արձանագրել, որ ազատ մատչելիության կենտրոններում Ինտերնետի ծառայություններից օգտվելու նման սկզբունքներ, որոնց մշակմանը եւ ներդրմանը մեծ նշանակություն է տրվում, օրինակ, Եվրամիության մշակութային քաղաքականության մեջ, չեն որդեգրվել եւ չեն գործում: 

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter