HY RU EN

Վահե Սարուխանյան

«Էյր Արմենիայի» ու «Արմավիայի» գործերով թանկ լոտերը չեն իրացվում

Սնանկացած «Էյր Արմենիա» ավիաընկերության գույքը, որը աճուրդի միջոցով վաճառվում է 2016-ի օգոստոսից, մեծ մասամբ իրացվել է:

Պարտատերերի պահանջները բավարարելու համար սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը վաճառքի էր հանել ընկերությանը պատկանող 11 ավտոմեքենա, գրասենյակային գույքը, հիմնական եւ շրջանառու միջոցները, ինչպես նաեւ «Էյր Արմենիայի» տերերից Արսեն Ավետիսյանի ծնողներին պատկանող, սակայն ընկերության կարիքների համար «HSBC» բանկում գրավադրված առանձնատունը Երեւանի Ծարավ Աղբյուրի փողոցում: Հիշեցնենք, որ հենց այս բանկի դատական դիմումի հիման վրա է 2015-ի նոյեմբերի 2-ին ընկերությունը սնանկ ճանաչվել:

Azdarar.am կայքից տեղեկանում ենք, որ վերջին աճուրդը հայտարարվել էր օրերս՝ հուլիսի 18-ին: Կ. Ասատրյանը ներկայացրել էր 2 լոտ: Առաջինն առանձնատունն է, որի գինն անցյալ տարվա օգոստոսին հայտարարված ավելի քան 813 մլն դրամից իջել է մինչեւ 593 մլն: Ընդ որում՝ այս վերջին գինը մի քանի ամիս է, ինչ չի փոխվում: 2 ենթալոտից կազմված հիմնական եւ շրջանառու միջոցներն էլ գնահատվել են 5,7 մլն դրամ: Նախորդ տարվա օգոստոսին դրանց արժեքն անցնում էր 19 մլն-ից, իսկ այս տարվա ապրիլին արդեն 7,8 մլն էր:

Փաստորեն, «Էյր Արմենիայի» մեքենաներն ու գրասենյակային գույքն իրացվել է: Այդուհանդերձ, հենց անշարժ գույքն ու հիմնական եւ շրջանառու միջոցներն են ամենաթանկ գնահատված լոտերը:

Ընթացքի մեջ է նաեւ մեկ այլ սնանկացած ավիաընկերության՝ «Արմավիայի» գույքի աճուրդը: 2014-ի հոկտեմբերի 6-ին սնանկ հայտարարված ընկերության լուծարման վարույթը սկսվել է 2015-ի ապրիլին: Վարույթի ընթացքում վաճառվում է աճուրդի հանված գույքը, ապա հայտարարվում է պարտապանի լուծարման հետեւանքով սնանկության գործի ավարտի մասին:

Հուլիսի 14-ին «Արմավիայի» գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Այս գործով կառավարիչը նույնպես Կարեն Ասատրյանն է: Մյուս աճուրդը հայտարարվել է օգոստոսի 11-ին: Իր հավանական գնորդին կսպասի «Արմավիայի» «CRJ 200LR» օդանավը, որի գինը տեւական ժամանակ չի փոխվում՝ 125 մլն դրամ: Վաճառքում է նաեւ «Արմավիայի» սեփականատեր «Միկա Լիմիթեդի» կողմից ավիաընկերության պարտավորության դիմաց «Ամերիաբանկում» գրավադրված «Դիլիջան Ֆրոլովա» գործարանը (Երեւանի Կիլիկիա թաղամասում): Եթե նախկինում դրա գինը 1,3 մլրդ դրամ էր, հիմա առաջարկվում է 942 մլն-ով: Մյուս լոտը «Արմավիայի» նյութական միջոցներն են (ինքնաթիռի պահեստամասեր, օժանդակ նյութեր, գրասենյակային գույք եւ այլն): Այս լոտը ժամանակին բաղկացած էր 1512 ենթալոտից, իսկ այսօր՝ 24, այսինքն՝ մեծ մասն իրացվել է: Լոտի ընդհանուր արժեքը 3,7 մլն դրամ է:

Հիշեցնենք, որ «Արմավիայի» գործով դեռ 2016-ին վաճառվել են Ծաղկաձորում գտնվող «Ծաղկատուն» հանգստյան տունն ու հյուրանոցը, որոնցից յուրաքանչյուրը մի քանի հարյուր մլն դրամ արժեր:

Լուսանկարում՝ Արսեն Ավետիսյանն («Էյր Արմենիա») ու Միխայիլ Բաղդասարովը («Արմավիա»)