HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում բացվեց հայկական առաջին տրիենալեի շրջիկ ցուցահանդեսը

«Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեն 2015թ.-ին Վենետիկում անցկացված 56-րդ միջազգային բիենալեի օրգանական շարունակությունն է: 50 երկրների շարքում հայկական տաղավարն այն ժամանակ կարողացել էր առանձնանալ եւ նվաճել գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը»: Վենետիկում հայկական տաղավարի համադրող Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգի փոխանցմամբ, պարզապես ափսոս կլիներ կորցնել այդ նվաճումը, եւ ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն կազմակերպելու մոտիվացիան հենց այդ հաջողությունն է:

Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը տրիենալեի գլխավոր համադրողն է: Նա ծանոթ չէր Գյումրիում 1998-ից մինչեւ 2012թ.-ն անցկացված բիենալեների պատմությանը: Նշեց միայն, որ անցյալի ձեռքբերումները ներկայով չշարունակելն ուղղակի մեղք գործելուն հավասարազոր մի բան կլիներ: «Գիտեմ միայն, որ շատ կարեւոր բան մը եղած է Գյումրիի համար: Բիենալեն ուրիշ բան է, տրիենալեն` ուրիշ: Առաջինը մեկ քաղաքին մեջ անցած է, իսկ տրիենալեն մի քանի քաղաքներուն մեջ պիտի ընթանա: Նույն ջուրը մի քանի անգամ չես մտնի, անոր համար էլ նոր բան մը եկավ մեջտեղ՝ նկատի ունեմ տրիենալեն»,-նշեց Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը:

Ֆրանսիացի սյուրռեալիստ գրող եւ բանաստեղծ Ռենե Դոմալի անավարտ «Անալոգ լեռը» վեպի փիլիսոփայությունն է դրված «Ստանդարտ» ժամանակակից արվեստների տրիենալեի հիմքում: Հեղինակը վեպը սկսել է գրել 1939թ.-ին, երբ տեղեկացել է, որ հիվանդ է տուբերկուլյոզով: 1940 թ.-ին Ռենե Դոմալին, ում կինը հրեա էր, ստիպված է  լինում լքել Փարիզը՝ նացիստական օկուպացիայի ճիրաններում չհայտնվելու համար: Եռամյա ընդմիջումից հետո հեղինակն ի վերջո կարողանում է անդրադառնալ վեպին: Հինգերորդ գլուխը գրելիս` 1944թ.-ին, նա հանկարծամահ է լինում: Ըստ Ռենե Դոմալի մտահղացման` վեպը պիտի բաղկացած լիներ 7 գլխից:

«Անալոգ լեռը» հրատարակվել է 1952թ.-ին: Այն պատմում է լեռնագնացությամբ հրապուրված մարդկանց մասին, ովքեր համոզված են, որ ինչ-որ տեղ գոյություն ունի անալոգային մի լեռ: Նրա միակ գագաթը շփվում է հավերժական աշխարհի հետ, իսկ ստորոտի հատվածը գտնվում է մահվան աշխարհում: Լեռն այն ճանապարհն է, որ մարդն անցնելով կարող է հասնել աստվածայինին, ու աստվածայինն էլ իր հերթին կարող է բացվել մարդու համար: Երբ դու նման ճանապարհորդություն ես պլանավորում՝ ցանկանալով հասնել բարձունքին, ապա ամեն անգամ, մի նոր կայանտեղի հասնելով, պարտավոր ես նախապատրաստել քո հետեւից եկողներին՝ թողնելով համապատասխան ինֆորմացիա: Եվ միայն դրանից հետո կարող ես շարունակել ճանապարհդ: 

Պատահական չի ընտրված նաեւ տրիենալեի անվանումը: 1924թ.-ին, Մոսկվայում լույս է տեսնում «Ստանդարտ» ավանգարդ հանդեսի միակ համարը՝ հեղինակությամբ Եղիշե Չարենցի, համագործակցությամբ Մ.Մազմանյանի ու Կ.Հալաբյանի եւ անմիջապես էլ ոչնչացվում՝ Ա. Մյասնիկյանի հորդորով: «Ստանդարտ» ժամանակակից արվեստների առաջին տրիենալեն կազմակերպել է Արվեստների հայկական խորհուրդը՝ մշակույթի նախարարության, «Արվեստն աշխարհի համար» կազմակերպության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, «Հայկական արվեստի հիմնադրամի» եւ այլ գործընկերների հետ համագործակցությամբ:

Հուլիսից մինչեւ դեկտեմբեր ընթացող տրիենալեն անցկացվելու է երեք փուլով՝ ընդգրկելով Երեւան, Գյումրի, Սեւան քաղաքները: Երեւանում տրիենալեն մեկնարկել էր բրազիլաբնակ հայ լուսանկարիչ Գասպար Գասպարյանի լուսանկարների ցուցադրությամբ, իսկ Գյումրիում շրջիկ ցուցահանդեսում ընդգրկված աշխատանքներին գյումրեցիները հնարավորություն ունեցան ծանոթանալու հուլիսի 22-ին՝ այցելելով Ասլամազյան քույրերի եւ Սերգեյ Մերկուրովի անվան թանգարաններ:

Տրիենալեի շրջանակներում ներկայացվելու են մոտ 30 արվեստագետների աշխատանքներ: Այրին Անաստասի եւ Ռենե Գաբրիի, Ռիկարդո Արենայի, Բենջի Բոյաջյանի, Ջուզեպե Կակավալեի, Մարտա Դել Անջելոի, Տիբո դը Ջալլուլիի, Ալեքսեյ Մանուկյանի, Միքայել Օհանջանյանի, Գոհար Սմոյանի եւ Մարիա Ցագարիի ինստալյացիաներն ու պերֆորմանսները Գյումրիում կցուցադրվեն մինչեւ սեպտեմբերի 30-ը, Ասլամազյան քույրերի եւ Մերկուրովի ստեղծագործությունների կողքին՝ ստեղծելով յուրահատուկ համադրություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter