HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Երեւանի քաղաքապետարանը չի տրամադրում ասֆալտապատված փողոցների հասցեները

Երևանի քաղաքապետարանը չի տրամադրում 2017թ. ընթացքում քաղաքի տարածքում իրականացված և իրականացվելիք ասֆալտապատման աշխատանքների հասցեների ցանկը: 13 օր առաջ քաղաքապետարան համապատասխան հարցում էինք ուղարկել` խնդրելով տրամադրել նշված ցանկը` հունվար ամսից հուլիսը ներառյալ:

Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնից տեղեկացրել էին, որ այս ընթացքում աշխատում են հարցմանը պատասխանելու համար: Համենայնդեպս այդպես էին ասում, երբ հարցնում էինք, թե ինչու է ուշանում պատասխանը: Արդյունքում ստացանք մեր հարցման հետ կապ չունեցող պատասխան:

Պատասխանը պատրաստել է քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունը` խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը և գաղտնի պահելով հանրային տվյալները:

Այդ հանրության ներկայացուցիչներից մեկն էր առիթ դարձել, որ ասֆալտապատման աշխատանքների ցանկը ձեռք բերելու համար հարցում ուղարկեինք քաղաքապետարան:

«Հետք»-ի ընթերցողներից մեկը, ով աշխատում է «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակա տարածքում, հայտնել էր, որ հարակից փողոցում սկսվել են ասֆալտապատման աշխատանքներ այն դեպքում, երբ տարեսկզբին նույն հատվածն ասֆալտապատվել է: Մեր զրուցակցին մտահոգում էր ոչ միայն այն, որ փոշու և աղմուկի պատճառով աշխատել չի լինում, այլև որ անտեղի ֆինանսական միջոցներ են ծախսվում միևնույն տարածքի վրա:

Նույն օրը այցելեցինք Տիգրան Մեծ պողոտա. ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ էին: Քանդված էր փողոցի մեջտեղի հատվածը: «ԱՎԱ-2000» ՍՊԸ-ի աշխատողներն էին փողոցն ասֆալտապատում, իսկ վերահսկողությունն իրականցնում էր ընկերության ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ գարնան սկզբին նույն փողոցում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, սակայն ավելացրեց, որ կատարվել է միայն «փոսալցում` փոքր կտորներով»:

«Հիմա արդեն հիմնանորոգման նման բան է արվում, մի քիչ մեծ կտորներ են, որ հաստատ ինքը երկար ծառայելու է: Որը որ արված է, էդ փոքր կտորները, հիմա ձեռք չենք տալիս: Ձնհալից հետո պետք է շտապ փոսերը փակվեին: էս տարի շատ-շատ էին էդ փոսայինները: Քանի որ հնարավորությունը չկա միանագամից ամեն ինչը անելու, արեցին, որ փոսեր չլինեն, արդեն անդրադառնանք հիմնանորոգմանը»,- ասաց Ա. Սարգսյանը:

Ճշտմանը` կարելի է այդ օրը փողոցում իրականացվող աշխատանքները հիմնանորոգում անվանել, պատասխանեց. «Չէ, հիմնանորոգում չենք կարող ասել, մի քիչ երևի սխալ ասեցի, բայց ավելի մեծ ծավալներով աշխատանքներ են արվում»:

Գարնան սկզբի «փոսալցման աշխատանքները», Արամ Սարգսյանի խոսքով, այլ հիմնարկ է արել. ինչքան են տևել աշխատանքները և հատկապես որ հատվածներն են ասֆալտապատվել` չկարողացավ հստակեցնել: «Ես հիմա էսպես չեմ կարող նայել, բայց որ դուք էլ նայեք, կերևա»,- ասաց Ա. Սարգսյանը:

Որպեսզի պարզեինք` այդ փողոցում քանի անգամ է ասֆալտապատման աշխատանք արվել և ինչ ծավալով, նույն օրը հարցում ուղարկեցինք քաղաքապետարան` նախ խնդրելով տրամադրել ասֆալտապաման աշխատանքների հասցեները` սկսած տարեսկզբից: Թեև հարցման մեջ հստակ նշել էինք, որ անհրաժեշտ է ասֆալտապատման աշխատանքների հասցեների ցանկը, սակայն պատասխանում ոչ մի հասցե նշված չէ. տրամադրվել է միայն աշխատանքների քանակը` «430 փողոցներում և 400 բակերում ու բակային տարածքներում»:

Քաղաքապետարանը նույնկերպ պատրաստում է նաև իր պաշտոնական հաղորդագրությունները: Գարնան սկզբին` մարտ ամսին, քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվել է երկու հաղորդագրություն(1, 2)` փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքների վերաբերյալ, սակայն դարձյալ հասցե նշված չէ, և հնարավոր չէ հասկանալ` որտեղ են իրականացվել աշխատանքները կամ ինչ ծավալով:

Մեկնաբանություններ (2)

Տիգրան
Ինձ մի բան ա հետաքրքրել ոչ մի անգամ ես չեմ նկատել երբ աշխատանքներ են անում դնեն համապատասխան նշաններ, զգուշացրել եմ ճո ասում են ճանշինի գործն ա, երեկոյան ժամին նշաններ չլինելու պատճառով թբիլիսյան խճուղում որտեղ 80կմ/ժ ա մեքենայիս մոտ 300.000 դրամից ավել վնաս եմ տվել ճանշինի փնթի լինելու նշաններ չդնելու պատճառով, նույնը հենց ճո աշխատակիցների աչքի տակ ազատության պողոտայում: Նույն հաջողությամբ կյանքիցս կարող էի զրկվել՝ մի քանի փնթիների պատճառով:
Տ. Մարգարյան
Բայց ինչու պետք է տրամադրի? Ասֆալտի գործը ատկատ ապահովող ամենակարևոր բաղադրիչն է, ինչպես կասեր հոպարը: Որ հասցե տրամադրի, պտի գնանք դրա մրցույթը ստուգեք, գինը պարզեք, ատկատի չափի մասին գրեք... Բա քաղաքում ուրիշ կենդանի գործ չի մնացել, կարծում եք էդպես հեշտ կաթից պատրաստ է կտրվելու ջահելը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter