HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիետա Խաչատրյան

Քաղծառայության համակարգի լույսն ու ստվերը

Քաղաքացիական ծառայության մասին օրենք ունեցանք 2001 թվականին:Հաջորդ տարվա սկզբին ձեւավորվեց քաղծառայության խորհուրդը,որն սկսեց կազմակերպել թափուր պաշտոների համալրման մրցույթներ եւ ատեստավորել կառավարման համակարգի մասնագետներին: Երկու տարին բավարար ժամանակ է` ստուգելու աշխատու՞մ է օրենքը, ինչպես նաեւ ծանրութեթեւ անել գործընթացում առկա դրականն ու թերին:

Այդ ընթացքում օրենքը մի քանի անգամ լրամշակվել է, իսկ վերջին` փետրվարի ԱԺ երկրորդ առօրյայի ընթացքում կատարված լրամշակումները հատկապես ուղղված էին այն մտահոգիչ երեւույթների չեզոքացմանը, որոնց առնչվում են պետական կառավարման մարմինների թափուր հաստիքների մրցույթների դիմորդներն ու մասնակիցները: Խորհրդարանականներից շատերը քննարկումների ընթացքում հնչեցրին այն մտահոգությունները,որոնք շրջանառվում են հասարակության տարբեր շերտերում. 

 -մրցույթների արդյունքները նախապես կանխորոշված են

 -թեսթերը չեն ծառայում մրցույթի մասնակիցների աշխատանքային ունակությունների հայտնաբերմանը

 -հանձնաժողովի անդամների քվեարկությունները կողմնակալ են, գործընթացը բավարար թափանցիկ չէ

 -կառավարման մարմիններում անցկացվող կրտսեր պաշտոնների մրցույթները առավել անվերահսկելի են

 -մրցույթներում մի քանի հաղթողների արձանագրումը դուռ է բացում կառավարման մարմնի կողմից կամայական ընտրության համար` հասարակության մեջ թերահավատություն արթնացնելով մրցույթի միջոցով աշխատանքի տեղավորվելու հնարավորության նկատմամբ: 

 Արդյունքում` մարդիկ հաճախ դիմում են իրենց ծանոթ կամ կուսակից պաշտոնյային կամ կուսակցական գրասենյակ, ապա, խոստումներ ստանալով, որեւէ մրցույթի մասնակցում: Բոլոր այս մտահոգություններին, որոշ դեպքերում համաձայնելով, որոշ դեպքերում առարկելով` եւ խորհրդարանում, եւ մեզ հետ զրույցի ընթացքում իր հակափաստարկները բերեց քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: 

Բայց նախ պատմենք մեր հեռախոսային հարցախույզի մասին,որ անցկացրել ենք փետրվարի երկրորդ տասնօրյակի մրցույթներում հաղթած մեկ տասնյակի չափ քաղաքացիների հետ, ովքեր հայտնվել էին մեկ պաշտոնի համար մեկից ավելի հաղթողների խմբում եւ նշանակման էին սպասում: Ասենք, որ բացառապես բոլորը դեմ էին իրենց անունները հրապարակելուն, քանի որ իրենց կարծիքով հետագայում դա կարող է խանգարել նոր թափուր պաշտոնի համար պայքարելիս: Հարցումների արդյունքում ընդհանուր առմամբ գերակշռեց երկու կարծիք. 

 ա) ՔԾԽ կողմից անցկացվող մրցույթները համեմատաբար արդար են, սակայն հետագա նշանակումներն են սուբյեկտիվ,

 բ )սուբյեկտիվ են հենց հարցազրույցներն ու քվեարկությունները` քվեարկում են կողմնակալ, անգամ նկատելի է, թե ում համար է դրական կանխորոշված մրցույթը: Սակայն հետաքրքիր է, որ բոլոր հարցվածները պատրաստ էին նոր մրցույթների մասնակցել, մինչեւ որ մի օր իրենց բախտն էլ կժպտա, ու կառավարման մարմինները իրենց էլ կնշանակեն: 

 Ա.Ս.-ն թեսթի արդյունքում 98 տոկոս է հավաքել, հանձնաժողովի քվեարկության արդյունքը 5:1 է: Նա համարում է, որ թեսթավորման գաղտնի ընթացակարգի ողջ իմաստը կորչում է, երբ հարցազրույցի ընթացքում, փոխանակ մասնագիտական հարցեր տան, հարցնում են անուն-ազգանուն, մինչ այդ պահի աշխատավայրերը եւ այդ կարգի այլ հարցեր:Նա համոզված էր, որ չնայած բարձր արդյունքին, իրեն չէին նշանակելու, քանի որ տվյալ գործակալության պետը (կառավարման մարմնի կողմից հանձնածողովի անդամ) մրցույթից հետո վերցրել էր հաղթողներից մեկի տվյալները (ինչը գործընթացի կանոնակարգից դուրս է): 

 Քաղաքաշինության նախարարության թափուր հաստիքներից մեկի համար պայքարում հաղթած մասնակիցներից մեկը,որ նույնպես բարձր արդյունք էր գրանցել եւ ոչ մի դեմ քվեարկություն չուներ, էլի վստահ էր, որ անցնելու է ոչ թե ինքը, այլ նախարարության «դաբրոն» ստացած անձը (անգամ` անունը տվեց): Նա մրցույթի հայտարարման կարգում բացթողում համարեց, որ բարձրագույն պաշտոնի համար չէին գրել, թե ինչ մասնագիտություն է պահանջվում, եւ 10 դիմողից 8-ը մասնագետ չեն եղել. «Դուք գնացեք եւ ուսումնասիրեք, թե քանի շինարար է աշխատում այդ նախարարությունում»,-խորհուրդ տվեց նա: 

 Մ.Ա.-ն մրցույթի արդյունքներից գոհ էր` 92 տոկոս եւ 6 կողմ ձայն. այդպես գոհ էր եղել նաեւ նախորդ` ֆինանսների նախարարության թափուր հաստիքի համար մրցույթի արդյունքից, բայց, միեւնույն է, չէր նշանակվել:Նախորդ անգամ, երբ զանգել էր նախարարություն` ասել էին, որ արդեն նշանակում եղել է: Այս անգամ եւս սպասում էր այդ վիճակի կրկնությանը` մի ուրիշ նախարարության թափուր հաստիքի համար մրցույթից հետո: Այս հարցվողը 5 մրցույթի էր մասնակցել, մարտի կեսին պատրաստվում էր եւս մեկ մրցույթի մասնակցել` հուսով, որ իր փորձն ու ունակությունները անպայման որեւէ կառավարման մարմին կուզենա օգտագործել:10 հարցվողից 8-ը 2 եւ ավելի անգամ մրցույթների էր մասնակցել: Այս փաստը խոսուն ապացույց է, որ, այնուամենայնիվ, համակարգից սպասումը առարկայական է:

Մեզ զարմացնում է ոչ այնքան այս լավատեսությունը, որքան մեր կառավարման մարմինների գործելակերպը, որոնք նույնիսկ հարկ չեն համարում զրույցի հրավիրել հաղթած ասենք 5 թեկնածուին` գոնե արդար ընտրության ձեւաչափը պահպանելով: Քաղծառայության համակարգում թափուր պաշտոնների համալրման թափանցիկության եւ մրցույթների արդյունավետության վերաբերյալ առաջին անկախ հետազոտության փորձ արդեն կա. «Հայաստան-հանրային ոլորտի բարեփոխումներ» ծրագրի կողմից 2003 թվականի հոկտենբեր-նոյեմբեր ամիսներին հարցում է անցկացվել ՔԾ թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթների 77 մասնակիցների հետ, որոնցից 28-ը հաղթող չի ճանաչվել, 49-ը հաղթել են եւ նշանակվել աշխատանքի: Ափսոսում ենք` հաղթած, բայց աշխատանքի չնշանակված մարդիկ,փաստորեն, այս հարցախույզում չեն ընդգրկվել, ինչն անպայման այլ պատկեր կուրվագծեր: Ինչեւիցե, հարցվածներից 51-ը մրցույթների տեղեկացման աղբյուր է նշել թերթերը,1-ը` ռադիոն, 1-ը` հեռուստատեսությունը,1-ը` ինտերնետը,14-ը այդ տեղեկությունները ստացել է անձնական կապերի միջոցով, ՔԾԽ-ից օգտվել է 10 մարդ: Այսինքն` առավել զանգվածային տեղեկացման աղբյուրից` հեռուստատեսությունից, մրցույթ հայտարարողները փաստորեն չեն օգտվում: Վերջինը խոսում է այն մասին, որ նրանք շատ դեպքերում ունեն իրենց թեկնածուն եւ լուրջ մրցակցության նախադեպ` մեծ թվով մասնակիցներով, չեն ուզում ստեղծել:

Թեսթերի հարցերին նախապես ծանոթացել են 77-ից 64-ը, թեսթի պատասխանի ձեւը մատչելի է համարել 67 մարդ: 58-ը թեսթի հարցերը մատչելի է որակել,11-ը` շփոթեցնող,2-ը` չափազանց պարզ: 77-ից 50-ն են թեսթի հարցերը տվյալ պաշտոնին համապատասխան համարել, իսկ 51-ը հանձնաժողովի վերաբերմունքը բարյացակամ է համարել: Այնուամենայնիվ` 66 մասնակից պատրաստ է կրկին դիմել քաղծառայության թափուր պաշտոնի համար: Ծայրահեղ մոտեցումները հարցվածների մեջ մեծ տոկոս չեն կազմել. ըստ այդմ` որոշ մասը մրցույթները համարել է լավ կազմակերպված, մի որոշ մասն էլ բացարձակ անվստահություն է հայտնել`մրցույթի ընթացքում տարբերակված մոտեցում նկատելով տվյալ նախարարությունների աշխատողների հանդեպ եւ փակ քվեարկության արդյունքում կայացած որոշումն անարդար համարելով: 

Հարցման հեղինակները ՔԾ մրցույթների ընթացքի վերաբերյալ հետեւյալ առաջարկներն են արել.ընդարձակել թափուր տեղերի մասին տեղեկատվության շրջանակը, հարցաշարերի պատասխանները չհրապարակել մրցույթից առաջ, հարցազրուցների ընթացքում կիրառել բալային համակարգ` 1 լավագույն թեկնածու ընտրելու նպատակով, հարցազրույցի անցկացման ընթացակարգ սահմանել, հանձնաժողովի անդամ ընտրելիս հարցազրույց վարելու ունակությունը եւս հաշվի առնել, հարցազրույցի ընթացքում շեշտը դնել ոչ թե օրենքների իմացության վրա, (ինչն արվում է թեսթով), այլ պահանջվող ունակությունների հայտնաբերման վրա: Վերը թվարկվածը եւ դրանից ավելին նշում էին խորհրդարանականները:

Մի քանի հաղթող ունեցող մրցույթն անվստահություն է առաջացնում եւ հատկապես երիտասարդությանը ետ պահում մրցույթներին մասնակցելուց` սա Մանուկ Գասպարյանի, Մհեր Շահգելդյանի եւ ուրիշների կարծիքն էր: Մ.Գասպարյանը բերեց ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կրտսեր մասնագետի (ընդամենը 20 000 դրամանոց աշխատավարձ) պաշտոնի համար դիմած մի երիտասարդի օրինակը, որը գործընթացը կանխորոշված է համարել եւ այլեւս մրցույթի մասնակցելու ցանկություն չունի: Սակայն մրցույթում մեկ հաղթողի գաղափարը դեռեւս անընդունելի էր համարում ՔԾԽ ղեկավար Մ. Բադալյանը, քանի որ այդպիսի պատասխանատվություն վերցնելու համար նախ պետք է ավելի կատարյալ դարձնել ինստիտուտը.«Մրցույթի միակ լավագույն հաղթողին հայտնաբրելու մեթոդական լուրջ աշխատանքի կարիք կա` գիտականորեն հիմնավորված թեսթային առաջադրանքներ եւ հարցաշարեր պետք է ստեղծել, չափորոշիչներ հաստատել: Իսկ այդ ամենը միայն մեր ուժերով հնարավոր չէ, դրան պետք է օգնեն նաեւ համապատասխան մարմինները` իրենց մասնագետների միջոցով, գիտնականները: Իսկ մինչ այդ այդպիսի պատասխանատվություն կրելը հիմնավորված չի լինի»:

Տրամաբանական Է: Քանի համակարգը փորձարկման դաշտում է` միակ ճշմարիտ ընտրություն հնարավոր չէ: ՔԾԽ-ն էլ դեռ ճանապարհ ունի անցնելու` հասարակության վստահության քվեն ստանալու համար, որպեսզի մեկին որոշելու իրավունքը վստահենք հենց այդ կառույցին: Բայց մինչ այդ էլ` ՀՀ քաղաքացին իրավունք ունի պահանջելու արդար մոտեցում եւ հուսալու, որ իր ունակություններին համապապատասխան աշխատանք կստանա իրոք անցկացվող մրցույթի արդյունքում: Մ.Բադալյանին լավատեսության են մղում համոզմունքը, որ համակարգը կայացել է եւ թվերը.հայտարարված 1062 մրցույթից կայացել է 915-ը, որոնց մասնակցելու համար դիմել է 6647 մարդ, մասնակցել է 4303-ը, որոնցից հաղթող է ճանաչվել1793-ը: «Ես այստեղ չեմ եկել փող աշխատելու` ինչպես կուզեք, այնպես հասկացեք, այլ համակարգը կայացնելու, եւ պատրաստ եմ լսել բոլոր առաջարկներն ու դիտողությունները»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ ՔԾԽ նախագահը: 

Մրցույթների անցկացման թափանցիկության ապահովման միջոցներից մեկը ԱԺ պատգամավոր Վ.Խաչիկյանը համարեց ողջ ընթացակարգը «օն-լայն» ռեժիմով ինտերնետում տեղադրելը, ինչը կստիպի հանջնաժողովի անդամներին ձգված զգալ իրենց եւ զերծ մնալ սուբյեկտիվ որոշումներից: ՔԾԽ-ի ղեկավարը հույս ունի այդ իրականացնել աշնանը, չնայած ծախսատար գործընթաց է թվով 41 կառավարման մարմին տեսաձայնային կապով միմյանց կապելը: Իրենց երկամյա գործունեության արդյունքներից մեկն էլ այն է, որ մեր պաշտոնյաները սկսել են օրենք կարդալ եւ ավելի գրագետ դառնալ.«Մենք համակարգի դռները փակելու ենք անգրագետների առջեւ` տեղ տալով գրագետ եւ ուսյալ մարդկանց»: 

 Իսկ փետրվարի երկրորդ եռօրյայում ԱԺ-ում «Քաղծառայության մասին օրենքի լրամշակումներն ու փոփոխությունները բոլոր վերը բարձրացված մտահոգությունների փարատմանն էին ուղղված: Փաստորեն` օրենքն ավելի բարեփոխվեց` մրցույթների քվեարկության կարգը փակից` բաց եւ հրապարակային դարձնելով, տեղում, մրցույթի ավարտից հետո բողոքարկման կարգ սահմանելով, ՔԾԽ ռեզերվ ամրագրելով: Սակայն հարցերի հարցը` բազմաթիվ հաղթողների դեպքում նշանակման սուբյեկտիվիզմը դեռեւս հնարավոր չէ այս օրենքով հաղթահարել: Արդյունավետ կառավարման համակարգ միայն օրենքով եւ կամ մի մարդու ցանկությամբ չի ստեղծվում, դրա համար արդյունավետ պետք է գործեն մյուս ինստիտուտները,պիտի հիմնովին փոխվի որոշում կայացնող պետական պաշտոնյայի հոգեբանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter