
Վերջին մեկ տարում դոլարայնացման մակարդակը փոքր-ինչ նվազել է
Վերջին մեկ տարում դոլարայնացման մակարդակը Հայաստանում նվազման միտում է գրանցել։ Այնուամենայնիվ, այն մնում է բարձր մակարդակում. ինչպես բանկերի կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերում է գերակշռում ԱՄՆ դոլարն, այնպես էլ՝ ներգրավված ավանդներում։
Դոլարայնացման մակարդակը ցույց է տալիս, թե հայաստանյան բանկերում եղած վարկերի ու ավանադների կազմում որքանն են դոլարով։ Կենտրոնական բանկը (ԿԲ) հանրապետությունում դոլարայնացման մակարդակը չափում է հինգ ուղղությամբ՝ հիմնված հենց ավանդների ու վարկերի ցուցանիշների վրա։
Ինֆոգրաֆիկայում այդ հինգ ուղղություններն են, որոնցից առավել հաճախ կարևորվում է D1-ն ու D2-ը։ Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի տվյալները, վերջին մեկ տարում հինգ ուղղություններով էլ նվազում է գրանցվել։
D1-ը, որը ցույց է տալիս Հայաստանի քաղաքացիների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը, նախորդ տարվա մայիսի դրությամբ 51.2% է եղել, իսկ այս տարվա մայիսի դրությամբ՝ 48.3%։ Այսինքն՝ մեկ տարում այն նվազել է 2.9 տոկոսային կետով։
D2-ը ցույց է տալիս, թե ընդհանուր ավանդների քանի տոկոսն է արտարժույթով։ Այս դեպքում, արտարժույթ ասելով, պետք է գլխավորապես նկատի ունենալ ԱՄՆ դոլարը։ Այս ցուցանիշը նախորդ տարվա մայիսի դրությամբ գտնվել է 61.6%-ի մակարդակում, այս տարվա մայիսի դրությամբ՝ 58.2% է։ Մեկ տարում նվազել է 3.4 տոկոսային կետով։
Դոլարայնացման բարձր մակարդակը Հայաստանի տնտեսությունը կախյալ վիճակում է պահում արտարժույթից։ Այն զգայուն է դառնում համաշխարհային շուկայում արժույթի տատանումների և հանքահումքի գների նկատմամբ։
Հայաստանցիների մի մասը նախընտրում է իր խնայողությունները ոչ թե ի պահ տալ բանկերին ավանդների տեսքով, այլ՝ պահել կանխիկ եղանակով։ Դրանք հաշվի չեն առնվում դոլարայնացման մակարդակը չափելիս։ Դա արդեն դոլարայնացման «ստվերոտ» կողմն է։
Մեկնաբանել