
Կառնուտի ջրամբարի արհեստական լճում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին
Այսօր՝ 14:20-ին, ջրափրկարարները Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճում հայտնաբերել են ջրահեղձված՝ 1981 թ. ծնված Կարեն Գևորգյանի դին և դուրս բերել:
Հիշեցնենք՝ հուլիսի 24-ին՝ ժամը 00:17-ին, տեղեկություն էր ստացվել, որ 1981 թ. ծնված Կարեն Գևորգյանը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել, կասկածվում է, որ նա ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճի (մոտ 5 մ խորությամբ, մոտ 70 մ երկարությամբ և 25 մ լայնությամբ) ափին հայտնաբերվել է Կարեն Գևորգյանի հագուստը:
Ժամը 03:03-ին մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել առավոտյան՝ Ժամը 10:40-ին:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Մեկնաբանել