HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ չի գործում օրենքը, գործում է սեփական նախաձեռնությունը

«Եթե բաժնետերերի թիվը 50-ից ավել է, ապա գործարանի բաժնետերերի խորհուրդը պարտավոր է յուրաքանչյուրին տեղյակ պահել գործարանի լուծարման, ժողովների օրակարգի, ժամի, տեղի, որոշումների, ինչպես նաեւ աճուրդի մասին»,- ասում է «Կորպորատիվ կառավարման» կենտրոնի նախագահ Տիգրան Կարապետյանը: Մինչդեռ, «ԵրԱԶ» գործարանի բաժնետերերի խորհրդի նախագահ եւ գլխավոր բաժնետեր Հ. Սեֆերյանը պնդում է, որ գործնականում հնարավոր չէ մոտ 800 բաժնետերերին նամակով տեղեկացնել: Սակայն, օրենքը տեղեկացնելու մեկ այլ ձեւ էլ է նախատեսում. գործարանի պատի ցուցատախտակին փակցնել բաժնետիրոջն անհրաժեշտ տեղեկություններ: Բաժնետեր Արտավազդ Սահակյանը անցած ինը տարիների ընթացքում միայն մեկ դեպք է հիշում, երբ ցուցատախտակին փակցվել էին գործարանի վաճառքի մասին տեղեկություններ: 

1995թ. Հասմիկ Պետրոսյանը ձեռք էր բերել «ԵրԱԶ» ԲԲԸ-ի երկու բաժնետոմս: Բաժնետերերին շահագրգռելու համար խոստացել էին յուրաքանչյուր ներդրողին մեկ ՙԵրԱԶ՚ մակնիշի ավտոմեքենա: Սակայն, խոստումը ոչ միայն չկատարվեց, այլ նաեւ կտրվեց բաժնետեր-գործարանի տնօրինություն կապը: Բաժնետերը չէր կարողանում գործարանի վիճակի մասին որեւէ տեղեկություն իմանալ: 1995թ. անցկացվեց բաժնետերերի ընդամենը մեկ ժողով: Դրանից հետո բաժնետերենին ընդհանրապես չէին թողնում գործարան մտնել: Նրանց եւ տնօրինությանը կապող միակ օղակը գործարանի պահակն էր, որի միջոցով էլ ստանում էին կցկտուր տեղեկություններ: «Այս տարի էլ գնացի եւ պահակից իմացա, որ գործարանը պատրաստվում են վաճառել»,- ասում է բաժնետեր Հասմիկ Պետրոսյանը: 

Գործարանը պարտքերի պատճառով անվճարունակ է ճանաչվել եւ դրվել աճուրդի դեռեւս 1997թ.-ի մայիսի 6-ին: «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով սահմանվող «Ընկերությունների լուծարման դեպքում բաժնետիրոջը տեղեկացնելու վերաբերյալ կարգի» համաձայն` գործարանի Բաժնետերերի խորհրդի նախագահը պարտավոր է պատվիրված նամակով աճուրդի մասին տեղեկացնել բաժնետերերին, ինչը չի արել խորհրդի նախագահ Հովսեփ Սեֆերյանը` խախտելով օրենքի պահանջը: Բաժնետեր Հասմիկ Պետրոսյանին հաջողվել է տեղեկություններ ստանալ միայն պահակից, այն էլ` երկար բանակցություններից հետո: Մենք եւս փորձեցինք տեղեկություններ հավաքել գործարանի մասին: Մեր տեղեկություն ստանալու «ոդիսականը» սկսվեց գործարանի խոշոր բաժնետեր Հովսեփ Սեֆերյանի գրասենյակից (ի դեպ, նրան է պատկանում գործարանի բաժնետոմսերի 20 տոկոսը): Ի տարբերություն վերը նշված բաժնետերերի` նա նշեց, որ երբեւէ ինֆորմացիա ստանալու հետ կապված ոչ մի խնդիր չի եղել եւ դրա պատճառը բաժնետոմսերի մեծ մասն ունենալը չէ: Պարզ է, որ պրն. Սեֆերյանը չէր էլ կարող տեղեկություններ ստանալու որեւէ խնդիր ունենալ, քանի որ հենց իր` որպես Բաժնետերերի խորհրդի նախագահի պարտականությունն է բաժնետերերին տեղեկացնելը: Պրն Սեֆերյանն էլ իր հերթին պատճառաբանում է, որ մինչեւ հիմա կան բաժնետերեր, որոնք չեն էլ եկել իրենց բաժնետոմսերը ստանալու:

«Նույնիսկ չգիտենք` ովքեր են: Շատերն էլ հանրապետությունից բացակայում են: Առավելագույնը, որ կարող ենք անել, թերթերի միջոցով աճուրդի վերաբերյալ հայտարարություններ տալն է»: Սակայն, թերթում հնարավոր չէ գործարանի գործունեության մասին բաժնետիրոջը լիարժեք տեղեկատվություն տալ: 

Եթե օրենքով նախատեսված պարտավորությունները չեն կատարվում, ապա բաժնետերը սկսում է գործել սեփական նախաձեռնությամբ: «Անպայման ինքդ պետք է պրպտես, որ ինչ-որ բան իմանաս: Երբեւէ չի եղել, որ իրենք տեղեկություններ տրամադրեն: Ինձ հարկավոր տեղեկություններն իմացել եմ Հովսեփ Սեֆերյանի հետ ոչ պաշտոնական զրույցներից»,- ասում է բաժնետեր Արտավազդ Սահակյանը:

1995թ.-ի ընթացքում Բաժնետերերի խորհուրդն անցկացրել է փակ նիստեր, որոնց մասնակցել են միայն խորհրդի անդամները: Այդ նիստերի ընթացքում ընդունված որոշումները չեն հրապարակվել, ինչը նույնպես օրենքի խախտում է: Ինֆորմացիա ստանալու միջոց են նաեւ տարեվերջին անցկացվող բաց հաշվետու ժողովները, որոնց, բացի խոշոր բաժնետերերից, մասնակցում են նաեւ մանր բաժնետերերի մի քանի ներկայացուցիչ: Վերջին հաշվետու ժողովը չի կայացել: 

Գործարանի անվճարունակ ճանաչվելուց հետո բաժնետերերի տեղեկացնելու պարտավորությունը, համաձայն «ՀՀ բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի, ընկնում է լուծարման հանձնաժողովի նախագահի վրա: Հանդիպեցինք նաեւ նրա հետ: Վահագն Ավագյանի հետ հանդիպելը հեշտ չէր: Սկզբում գործարանի պահակներն ասացին, որ նա տեղում չէ, իսկ երբ փորձեցինք քարտուղարուհուն տեսնել, ավելացրին, թե նա էլ ընդմիջման է: Մոտ 30 րոպե գործարանի մուտքի մոտ սպասելուց հետո էլ պահակը համառորեն պնդում էր, որ քարտուղարուհին դեռ չի վերադարձել: Այդ պահին էլ աշխատակիցներից մեկը պատահաբար ասաց, որ նա տեղում է: Սակայն այդպես էլ մեզ թույլ չտվեցին նույնիսկ քարտուղարուհու հետ հանդիպել, անգամ նրա հետ հեռախոսով խոսելու պատիվ չունեցանք: Ավագյանին տեսնելու բախտ վիճակվեց միայն դեկտեմբերի 5-ին կայացած գործարանի 2-րդ աճուրդի ժամանակ: Ավագյանը նշեց, որ բաժնետերերին ինֆորմացիա տրամադրելն իր պարտականությունների մեջ չի մտնում:

«Եթե բաժնետերը պարտք ու պահանջ ունի գործարանից, պետք է բաժնետեր լինելու մասին հաստատող փաստաթղթով կից պահանջ ներկայացնի Տնտեսական դատարան, որից հետո էլ կստանա աճուրդից առաջացած իրեն հասանելիք գումարը: Ես պարտավոր չեմ բաժնետիրոջը ինչ-որ բանում տեղյակ պահել: Երբ նա կգրանցվի որպես պարտատեր, այն ժամանակ արդեն պատասխանատուն ես եմ»,- ասում է կառավարիչ Ավագյանը: «Կորպորատիվ կառավարման կենտրոնի» նախագահ Տիգրան Կարապետյանը նշում է, որ վաճառքից հետո բաժնետերը գումարը ստանալու համար պետք է դիմի լուծարման հանձնաժողովի կառավարչին եւ ստանա հասանելիք գումարը: Եթե ոչ մի խնդիր չկա, ապա այս գործընթացն արվում է առանց դատարանի միջամտության: Բաժնետերը դատարան դիմում է միայն այն դեպքում, երբ որեւէ վեճ ու անհամաձայնություն ունի կառավարչի հետ: 

Աճուրդի կայացման վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հրապարակվի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում եւ փակցվի Տնտեսական դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում: Ըստ օրենքի` աճուրդից ստացված միջոցները փոխանցվում են հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին:

«Բաժնետերը պետք է աճուրդից ստացված գումարի չափը իմանա: Օրինակ, կարող է հազար դոլար են վաճառել, բայց հարյուր են ասում: Կամ էլ գործարանի գույքը շուկայական գներով չեն վաճառել, եւ բաժնետիրոջը քիչ գումար է հասել»- ասում է Տ. Կարապետյանը: Գույքի վաճառքից ստացված միջոցները բաշխվում են պարտապաններին` «Սնանկության մասին» օրենքի 61-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ: Այսպիսով, գործարանի գույքի վաճառքից հետո կառավարիչ Ավագյանը պարտավոր է դատարան ներկայացնել վերջնական հաշվետվություն, որի պատճենները վավերացված ծանուցմամբ պետք է ուղարկի բոլոր պատրատերերին եւ պարտապանին (այդ թվում եւ բաժնետերերին): 

Այժմ գործարանը դեռեւս վաճառքի փուլում է: 2004թ. փետրվարի 6-ին` ՀՀ Տնտեսական դատարանի 01.11.02թ. որոշմամբ լուծարման գործընթացում գտնվող «ԵրԱԶ» ԲԲԸ-ի գույքի կրկնաճուրդը կայացել է մասնակիորեն. 2-րդ լոտով վաճառվել է օժանդակ տնտեսություն: Մյուս լոտերով հայտ ներկայացված չի եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter