Սամվել Ալեքսանյանն ընտրվել է «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ
Քիչ առաջ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հաղորդագրություն է տարածել այսօր կայացած իր 5-րդ համագումարի վերաբերյալ: Ստորև ներկայացվում է հաղորդագրությունը նույնությամբ:
2011 թվականի դեկտեմբերի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական միության 5-րդ հոբելյանական համագումարը:
Համագումարի ավելի քան 2040 պատվիրակներին և շուրջ 500 հյուրերին կազմակերպության նախագահ Հայկազ Նավասարդյանը ներկայացրեց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության կատարած աշխատանքները և ձեռքբերումները:
Հաշվետու զեկույցում նշվեցին հայրենակցական միության կողմից Ապարանի տարածաշրջանում, հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես Սյունիքում, Լոռիում, ինչպես նաև Երևանում կատարված բազում միջոցառումները և այլ կազմակերպչական աշխատանքները:
Զեկույցում հատկապես կարևորվեցին այն միջոցառումները, որոնց մասնակիցների աշխարհագրությունը արդեն դուրս է եկել Ապարանի տարածաշրջանից, դարձել հանրության կողմից սիրված ու սպասված:
Մասնավորապես շեշտվեցին 1918 թվականի մայիսյան հաղթանակներին նվիրված Բաշ-Ապարանի ճակատամարտի, Ամանորին նվիրված, արդեն ավանդական դարձած «Հին Նոր տարի», 2006 թվականից մեկնարկած «Միասնության ծառատունկի» ամենամյա միջոցառումները:
Նշվեց նաև «Նիգ-Ապարան» հայրենակցական միության կողմից ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրաբերած և նախարարության «Արի տուն» ծրագրի հիմնը դարձած «Արի տուն» երգի շնորհանդեսը, որը համատեղ կազմակերպվել էր հայրենակցական միության և Սփյուռքի նախարարության կողմից:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության կատարած աշխատանքների արդյունավետության և պետական մարմինների կողմից առանձնահատուկ կարևորության ակնառու օրինակ շեշտվեց նաև ՀՀ բնապահպանության հետ 2010 թվականին կնքված հուշագիրը' բնության պահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Հայրենակցական միության նախագահը շեշտեց նաև, որ հաշվետու ժամանակաշրջանում միության անդամների թիվը ավելացել է մի քանի հարյուր անդամակցություններով, գումարվել են աշխատանքային խորհրդակցություններ, ձևավորվել հանձնաժողովներ, որոնք կազմակերպել են միության աշխատանքային գործունեությունը:
««Նիգ-Ապարան» ՀՄ գործունեության ամենամեծ ձեռքբերումը, որը այլևս անշրջելի է, տարիների ընթացքում աննկատ ձևավորված, բայց այսօր արդեն անհերքելի իրողություն դարձած մեր միասնությունն է»,- իր խոսքում շեշտեց միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը:
Աղվան Հովսեփյանը պատահական չհամարեց, որ «Նիգ-Ապարանի» գործունեությունը ասոցացվում է միասնության, հայրենասիրության, հայրենի եզերքը արժևորելու հոգեկերտվածքի գաղափարի հետ:
Աղվան Հովսեփյանը, անդրադառնալով «Նիգ-Ապարանի» գործունեությանը երբեմն քաղաքական ենթատեքստ տվող հայտարարություններին, առանձնահատուկ շեշտեց, որ ««Նիգ-Ապարանը» իր գործունեությամբ զորացնում է պետականությունը, սերմանում է պետական մտածելակերպ և երբևէ չի զբաղվել, չի զբաղվում և չի զբաղվելու քաղաքականությամբ»:
«Նիգ-Ապարանը» իր գործունեությամբ նոր էջ բացեց մեր պետության հասարակական կյանքում,- շեշտեց Աղվան Հովսեփյանը,- որտեղ մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի իր բարի ցանկությունները և գործերը իրականացնելու, հարստացնելու մեր հայրենիքի պատմությունը, հզորացնելու մեր պետականությունը, նպաստելու մեր տարածաշրջանի ազգաբնակչության հոգսերի ու սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը»:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպության աշխատանքներին օժանդակելու, համագործակցելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար մի շարք պետական և հասարակական գործիչների շնորհվեց «Մեր բարեկամ» կոչումը:
Հոբելյանական 5-րդ համագումարում «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից «Մեր բարեկամ» շքանշանով պարգևատրվեցին ականավոր քաղաքական և պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գործարար Հրանտ Վարդանյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը:
Համագումարը, կանոնակարգով սահմանված կարգով, կատարեց նաև «Նիգ-Ապարան» ՀԲՀԿ ղեկավար կազմի ընտրությունը: Ընտրվեցին կազմակերպության խորհուրդը, նախագահությունը և կազմակերպության նախագահ: Համագումարի կողմից «Նիգ-Ապարան» ՀԲՀԿ նախագահ ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր, բարեգործ Սամվել Ալեքսանյանը:
«Նիգ-Ապարան» ՀՄ համագումարին հրավիրվել և մասնակցում էին մի քանի հարյուր հյուրեր, մտավորականներ, գիտնականներ, գրողներ, ԱԺ պատգամավորներ, ԱԺ խմբակցությունների ղեկավարներ, պետական բարձրաստիճան այրեր, հայրենակցական միության արտասահմանյան երկրներում գործող մասնաճյուղերի ներկայացուցիչներ:
Համագումարի ավարտին ընդունվեց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության հետագա գործունեության ուղենիշները հաստատող բանաձև:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել