HY RU EN

Արաքս Մամուլյան

«Եկեք իրավաբանությամբ զբաղվենք». ՊՊԾ գնդի գործով դատավորը «բարկացած է»

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով արտագնա նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը, խորհրդակցական սենյակից դուրս գալով, հրապարակեց որոշումը`պաշտպան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ կարգապահական սանկցիա կիրառելու վերաբերյալ:

Վերջինս, հիշեցնենք, փորձել էր հայտարարություն անել, դատավորն արգելել էր, սակայն պաշտպանն օգտվել էր իր իրավունքից ու շարունակել հայտարարությունը, որը, փաստորեն, դատավորն անհարգալից գնահատեց դատարանի նկատմամբ:

Դատավորն այսօր հայտարարություն անելու համար սանկցա կիրառեց նաև պաշտպան Արա Զաքարյանի նկատմամբ:

Վերջինս, հիշեցնենք, դատական նիստի մեկնարկին չէր մտել նիստերի դահլիճ, քանի որ  թույլ չէր տվել կարգադրիչներին իրեն խուզարկել: Դատավոր Գաբրիելյանը Զաքարյանի, ինչպես նաև դատարանի դիմաց գտնվող այլ փաստաբանների վարքագիծը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր գնահատել և վերջիններիս նկատմամբ սանկցիա կիրառել:

Դատարանի դահլիճ եկած Զաքարյանն անդրադարձավ դատավոր Գաբրիելյանի որոշմանն ու փորձում էր հայտարարություն անել, բայց Գաբրիելյանը թույլ չէր տալիս:

Երբ պաշտպանը շարունակեց իր հայտարարությունը, դատավոր Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ ու որոշում կայացրեց Զաքարյանի վարքագծի վերաբերյալ ևս դիմել Փաստաբանների պալատ:

Հայտարարություն անելու համար հաջորդ սանկցիան կիրառվեց Պավլիկ Մանուկյանի նկատմամբ: Պավլիկ Մանուկյանը ցանկանում էր հայտարարություն անել, իսկ դատավորն արգելում էր: Երբ Մանուկյանը չլռեց, դատավորը նրա նկատմամբ նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց:

«Ես ամեն կերպ աշխատում եմ հարգալից վերաբերվել ձեզ, բայց էլ արդեն տեղ չկա: Տեսնում եք, որ չեմ խանգարում, բայց էլ տեղ չկա: Ես սանկցիայից չեմ վախենում, ես մահվան երախ եմ մտել, դուրս եկել, ես վախենալու բան չունեմ»,- ասաց Պավել Մանուկյանը, որին դատավորը տասը ժամով հեռացրեց նիստերի դահլիճից: Մանուկյանը դատավորին «ցռան մոզի անվանեց», իսկ մինչ այդ զգուշացրեց, որ իր պաշտպաններին արգելում է իր բացակայությամբ ներկա գտնվել նիստերի դահլիճում:

Ապա Մանուկյանի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը, Հարություն Բաղդասարյանն ու Հրանտ Գևորգյանը միջնորդեցին իրենց պաշտպանյալին վերադարձնել նիստերի դահլիճ:

Միջնորդության քննության ժամանակ դատավորը դատական նիստերը շարունակ ձգձգվելու կապակցությամբ դժգոհություն հայտնեց`մեղքը բարդելով գործում ներգրավված պաշտպանների վրա:

Այսօր ժամը 11:00-ից մեկնարկած դատական նիստի ընթացքում բազմաթիվ սանկցիաներ են կիրառվել, վիճաբանություններ եղել և գործում ամբաստանյալներից մեկի համար թարգմանիչ է ներգրավվել:

«Առավոտից նիստ ենք անում, դեռ ոչ մի գործողություն չենք արել, միայն մեկ թարգմանիչ ենք ներգրավել, անգամ ձեր պաշտպաններն են բարկանում ու անվայել արտահայտություններ անում. եկեք իրավաբանությամբ զբազվենք»,- պաշտպաններին դիմելով`ասաց Արտուշ Գաբրելյանը:

Վերջինս մերժեց Մանուկյանի պաշտպանների միջնորդությունը` Մանուկյանին դահլիճ վերադարձնելու վերաբերյալ, որից հետո ամբաստանյալի երկու պաշտպաններ Հրանտ Գևորգյանն ու Հարություն Բաղդասարյանը լքեցին նիստերի դահլիճն, իսկ Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, թե չի հեռանում միայն այն պատճառով, որ դահլիճում ինքն այլ պաշտպանյալներ էլ ունի:

Դատավորը սանկցիա կիրառեց նաև Բաղդասարյանի և Գևորգյանի նկատմամբ:

Դատական նիստն այսօր ավարտվեց: