
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը կընդլայնվի
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կազմված կլինի 12 անդամներից։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած որոշման այս նախագիծը։
Ինչպես գրված է նախագծում՝ հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թվի աճը պայմանավորված է հայտարարատուների ցանկի էական ընդլայնմամբ, այդ անձանց ընտանիքի կազմի մեջ մտնող անդամների հայտարարագրած տվյալների արժանահավատության ստուգմամբ։
Հանձնաժողովը նաև քննելու է հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացվելու դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր, նշանակելու է վարչական տույժեր։ Հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու, հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու առերևույթ հատկանիշների առկայության մասին հետևության գալու դեպքում հանձնաժողովը նյութերն ուղարկելու է գլխավոր դատախազություն։
Նախագծում նշվում է, որ 2016 թվականին հայտարարագիր ներկայացրած պաշտոնատար անձանց թիվը եղել է 763, իսկ նրանց հետ փոխկապակցված անձանց թիվը՝ 1027: Հայտարարատուների ցանկի ընդլայնման արդյունքում հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը ավելանալու է շուրջ 3 անգամ:
Հետաքրքիր է, որ արադարադատության նախարարությունը առաջարկել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացման նպատակով ընդհանուր փաստաթղթաշրջանառության, գնումների կազմակերպման, անձնակազմի կառավարման և գործերի կառավարչության գործառույթների իրականացումը վերապահել նախագահի աշխատակազմին:
Մեկնաբանել