Հայկական Ազատ ցանցը կամ freenet.am-ը
Անի Դուզդաբանյան
Դժվար է պատկերացնել, որ «ԱրմենՏելի»` կապի ոլորտում ունեցած մենաշնորհային դիրքի պայմաններում Հայաստանում կարող է գործել այնպիսի մի «ազատ» համակարգ, ինչպիսին «Ազատ ցանցն» է: «Ազատ ցանցը» մի կայք (սայթ) է, որը հնարավորություն է տալիս առանց վճարելու ունենալ էլեկտրոնային հասցե եւ հաղորդակցվել (մասնավորապես՝ հայերենով) աշխարհի ցանկացած կետում գտնվող բարեկամի կամ ընկերոջ հետ: Հայաստանում առաջին անգամ հիմնվեց մի համակարգ, որի միջոցով օգտվողները հեռախոսագծով կարող են միանալ «Ազատ ցանցին» եւ բոլոր հայկական (am) հասցեներին: Եթե սկզբում (1998 թ-ին), երբ Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) «Զարգացման ծրագրի» շրջանակներում ստեղծվեց «Ազատ ցանցը», կար ընդամենը 30 հեռախոսահամար, ապա այժմ գործում է 120-ը:
Ինչպես վկայում է ՄԱԿ-ի «Աջակցություն տեղեկատվական հասարակությանը եւ ժողովրդավարական կառավարմանը» ծրագրի վարչական օգնական Արշալույս Վարդանյանը, այսօր «Ազատ ցանցն» ունի շուրջ 21 000 օգտվող: ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի 2001թ-ին կատարած «Ազատ ցանցի հետազոտության» (հեղինակ` Նելսոն. Շահնազարյան) արդյունքներով, ցանցից հիմնականում օգտվում են բարձրագույն կրթությամբ երիտասարդ տղամարդիկ՝ 78.5%: Տարիքային հիմնական խումբը 20-29 տարեկաններ են, որը կազմում է օգտվողների 47%-ը: Օգտվողների մեկ երրորդից ավելին սովորողներ են, իսկ կեսից ավելին՝ տարբեր մակարդակների ղեկավարներ եւ մասնագետներ: Ցանցից օգտվում են նաեւ գործազուրկները, թոշակառուները եւ տնային տնտեսուհիները: Օգտվողների մեծամասնությունը` 88.6%-ը, Երեւանի բնակիչներ են, իսկ 3.9%-ն ապրում է արտասահմանում:
«Ազատ ցանցից» օգտվողներն էլեկտրոնային փոստով փոխանակում են տարբեր բնույթի տեղեկատվություն: Ա.Վարդանյանի հավաստմամբ, ինչպես 2001թ.-ին, այնպես էլ այսօր, փոխանակվող տեղեկատվության մեծ մասն անձնական բնույթի է: Գործնական տեղեկատվությունը համեմատաբար մեծ տեղ է զբաղեցնում միջին տարիքի, բարձրագույն կրթությամբ, բնագիտական եւ ճարտարագիտական մասնագիտություն ունեցողների մոտ:
Ազատ ցանցում կարելի է ստեղծել սեփական վեբ կայք եւ տեղադրել այն ցանցի սերվերում: Մինչ այժմ տեղծվել է շուրջ 600 վեբ կայք, որոնցից 50-ը տեղադրված են ազատ ցանցի հիմնական էջում: Դրանցից հիշատակության է արժանի Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված կայքը ( www.christianity.am ), որը պարունակում է տեղեկատվություն հայոց պատմության, հայոց եկեղեցու պատմության վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկություններ հայ Առաքելական եկեղեցու մասին:
Հիմնական էջում է տեղադրված նաեւ www.webmasters.am վեբ կայքը, որը ներկայացնում է Հայաստանի եւ այլ երկրների փորձված վեբ մաստերների վիրտուալ ակումբը: Այս ակումբը քննարկում է «Ազատ ցանցի» վեբ դիզայնի եւ այլ հարցեր:
Կան նաեւ տարբեր տեսակի դասընթացներին եւ թրեյնինգներին վերաբերող www.training.freenet.am , հայերեն լեզվին վերաբերող` www.freenet.am/armnls եւ այլ վեբ կայքեր:
Ազատ ցանցի մատչելիությունից մինչեւ «Ինտերնետի կենտրոն»
2000թ-ին որոշվեց ընդլայնել ծրագրերի շրջանակը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց ինտերնետի ազատ մուտքի կենտրոնը, որտեղ կարելի էր համեմատաբար փոքր վճարով՝ 3 ամիսը 1000 դրամ, օգտվել ոչ միայն ազատ ցանցից, այլեւ ինտերնետից: Ձեւավորվեց Ազատ ցանցի ակումբը: Ստեղծվեց գրանցման համակարգ, որի միջոցով օգտագործողը գրանցվում էր կենտրոնից օգտվելու համար: Սկզբում օգտվողների (հիմնականում տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների) հետ անցկացվում էին դասընթացներ: Շուրջ 3000 մարդ անցել է այդ դասընթացները: Սակայն հետագայում, ինչպես հաստատում է Ա. Վարդանյանը, պահանջարկի բացակայության պատճառով դասընթացները մայրաքաղաքում դադարեցվեց. «Ի վերջո մեր հիմնական խնդիրը հանրությանը ինտերնետ սովորեցնելը չէր, այլ հնարավորություն տալը հաղորդակցվել ինտերնետի միջոցով»:
«Ազատ ցանցի» կենտրոններ բացվեցին նաեւ Հայաստանի նախկին շրջկենտրոններում: Այնտեղ այսօր էլ շարունակվում են դասընթացները: Վայոց Ձորի (Եղեգնաձոր), Սյունիքի (Կապան) մարզպետարաններում, օրինակ, ստեղծվել են էլեկտրոնային կառավարման համակարգեր, որոնք ծառայում են նաեւ որպես ազատ մուտքի կենտրոններ բնակչության համար:
2003թ-ին «Աջակցություն տեղեկատվական հասարակությանը եւ ժողովրդավարական կառավարմանը» ծրագրի շրջանակներում Ազատ ցանցի կենտրոնը վերանվանվեց «Ինտերնետի կենտրոն» եւ տեղափոխվեց նոր վայր՝ Գիտությունների ազգային ակադեմիա: Սակայն, ինչպես նախկինում, այժմ էլ ինտերնետի կենտրոնը մնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերից մեկը եւ ֆինանսավորվում նրա կողմից: Ակադեմիան ընդամենը տարածք է տրամադրում կենտրոնին: ՄԱկ-ի հայաստանյան գրասենյակում գտնվող կենտրոնի նախկին տարածքը այժմ վերանորոգվում է: Վերանորոգումից հետո ծրագրի աշխատողների մի մասը կտեղափոխվի նախկին տարածք: Ակադեմիայի շենքում կմնա միայն «Ինտերնետի կենտրոնը»՝ իր աշխատողներով:
Ծրագրի ընդլայնման հետ «Ինտերնետի կենտրոնում» կատարվեցին նաեւ տեխնիկական փոփոխություններ. եթե նախորդ կենտրոնն ուներ 14 համակարգիչ, այս կենտրոնն ունի արդեն 38 նոր Pentium-4 համակարգիչ: Երկարել է աշխատանքային օրը` 9.30-21.30.: Փոխվել է նաեւ անդամավճարը. այժմ արդեն երկու ամսվա համար օգտվողը վճարում է 500 դրամ՝ օգտվելով շաբաթական մեկ ժամ եւ նույնիսկ ավելի՝ գրաֆիկի նվազ ծանրաբեռնվածության դեպքում: Ա. Վարդանյանի կարծիքով, անդամավճարն ավելի շատ խորհրդանշական է եւ օգնում է չնչին չափով միայն հոգալու կենտրոնի ծախսերը: Այնուամենայնիվ, այդ անդամավճարը շատ ավելի պակաս է, քան ինտերնետ սրճարաններում սահմանված գումարը՝ մեկ ժամը 300-600 դրամ: Թեեւ, իհարկե, ինտերնետ սրճարաններից կարելի է օգտվել ցանկացած ժամի, իսկ «Ինտերնետի կենտրոնում»՝ միայն գրանցված ժամին:
«Ինտերնետի կենտրոնում» գրանցվելու համար նախ հարկավոր է ներկայացնել փաստաթուղթ եւ բազային որոշ տվյալներ` անուն, հեռախոսի համար: Հետո արդեն, յուրաքանչյուր անգամ օգտվելու համար կարելի է գրանցվել onlin, «Ազատ ցանցում» գործող հատուկ էջում` club.freenet.am հասցեով` առանց կենտրոն գնալու:
Ի տարբերություն երկրում գործող այլ ազատ մուտքի կենտրոնների, «Ինտերնետի կենտրոնից» օգտվողները ստորագրում են կանոնադրություն, որն էլ կարգավորում է նրանց իրավունքներն ու պարտավորությունները, ինչպիսիք են օրինակ պոռնոգրաֆիկ էջեր այցելելու նկատմամբ արգելքը: Սակայն սահմանափակվում են միայն այդ արգելքով եւ աշխատողների հսկողությամբ, չկան զտիչ համակարգեր կամ նախազգուշացնող էջեր:
Այս կենտրոնից օգտվողները, հիմնականում ուսանողներ են, թեեւ օգտվողների տարիքը հասնում է մինչեւ 60-ի:
Անչափահասները նույնպես օգտվում են «Ինտերնետի կենտրոնից»: Սակայն նրանց համար ոչ մի հատուկ պայման չկա. օգտվում են ինչպես բոլորը: Ստացվում է, որ Հայաստանում հատուկ երեխաների համար գործող ազատ մուտքի կետեր ընդհանրապես չկան, իսկ եղած մուտքի կետերում ոչ մի առանձնահատուկ մոտեցում նրանց նկատմամբ չի ցուցաբերվում:
Վիրտուալ հանրույթներ
Ֆորումը (Forum) հին Հռոմում մի հասարակական վայր էր, հրապարակ, որտեղ կարող էին գործարքներ կատարվել կամ հարցեր քննարկվել:
Այսօր տեխնոլոգիական առաջընթացի հետ միասին ֆորումը տեղափոխվել է վիրտուալ աշխարհ, բայց չի կորցրել իր սկզբնական նշանակությունը: Այստեղ նույնպես մարդիկ մասնակցում են տարբեր՝ մասնագիտական կամ ամենաընդհանուր բնույթի հարցերի քննարկումների, միայն ոչ թե հավաքվելով մի որեւէ վայրում, այլ տանը՝ համակարգչի առաջ նստած, առանց անձամբ ճանաչելու զրուցակիցներին:
Հայաստանում առաջին հայալեզու ֆորումը կազմակերպվել է «Աջակցություն տեղեկատվական հասարակությանը եւ ժողովրդավարական կառավարմանը» ծրագրի շրջանակներում 2001թ. ապրիլի 1-ին: Սկզբից եւեթ եղել է թեմատիկ բաժանում, որպեսզի կարողանան մասնակցել միայն թեմայով հետաքրքրվողները՝ այդպիսով նաեւ հեշտացնելով մասնակիցների աշխատանքը: Առաջին թեմատիկ ֆորումը բնապահպանական էր: Այսօր արդեն ավելացել են մարդու իրավունքների, գենդերային զարգացման քաղաքականության, մշակույթի եւ արվեստի, երիտասարդության, ժամանակակից գրականության հարցերի, գրադարանների, երիտասարդ լիդերների, քաղաքական կրթության ծրագրերի, մատչելի տեղեկատվության թեմաներով ֆորումները:
Ֆորումներին մասնակցելու համար հարկավոր է այցելել www.forum.am հասցեով էջը, որտեղ կարելի է գրանցվել ֆորումներին մասնակցելու համար: Ֆորումն իր կառուցվածքով բաց եւ կիսաբաց է, այսինքն բաց է բոլոր գրանցված անդամների համար եւ կիսաբաց նրանց համար, ովքեր չունեն գրանցում տվյալ ֆորումում: Գրանցում չունեցողները կարող են պարզապես դիտել քննարկվող թեմաների ցանկը, պատկերասրահի նկարները (այն էլ միայն սահմանափակ չափով), բայց չեն կարող դիտել մասնակիցների ցանկը, մասնակցել քննարկմանը եւ ֆորումի մնացած աշխատանքներին:
Ֆորումներից յուրաքանչյուրն ունի ազդավահանակ, որտեղ տեղադրված են քննարկվող հարցերը։ Օրինակ` Բնագիր ֆորումում քննարկվող հարցերից են «Տեռորիզմը եւ հայերը», «Ի՞նչ է Եվրամիությունը» եւ այլն: Ֆորումի յուրաքանչյուր անդամ կարող է մասնակցել այս եւ այլ հարցերի քննարկմանը, ներկայացնել սեփական կարծիքը, պատասխանել ուրիշների դիտողություններին։ Պատկերասրահը նախատեսված է հիմնականում մասնակիցների լուսանկարների համար (ըստ ցանկության): Մասնակիցներն ունեն նաեւ անհատական նամակագրության միջոցով անձնական հաղորդակցության հնարավորություն։ Կա նաեւ տարբեր հարցերի վերաբերյալ քվեարկություններ անցկացնելու հնարավորություն։
«Նյութեր» բաժնում տեղադրվում են տարատեսակ նյութեր ըստ ֆորումի թեմայի՝ օրենքներ, համաձայնագրեր, հոդվածներ, վերլուծություններ։ Օրինակ՝ բնապահպանություն ֆորումում տեղադրված է «Երիտասարդական էկոտուրի արդյունքները» վերլուծությունը, կամ ՀՀ «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը եւ այլն:
«Լրատու» բաժնում կարելի է գտնել օրվա կարեւոր եւ հետաքրքիր նորությունները. օրինակ՝ «Րոպեավճարը հարցականի տակ է դնում ինտերնետի գոյությունը»:
«Բնապահպանություն» ինտերնետային թեմատիկ խմբի ղեկավար Արման Վերմիշյանը նշեց, որ իրենց նպատակն է «ինտերնետային հաղորդակցման միջոցով համախմբել հասարակության շերտերի ներուժը, փոխանակել համապատասխան տեղեկատվություն, քննարկել բնապահպանական հիմնախնդիրները Հայաստանում, դրանց շուրջ ձեւավորել միասնական հասարակական կարծիք, նպաստել հասարակայնության մասնակցության ապահովմանը որոշումների ընդունման եւ գործողությունների իրականացման գործընթացում»:
Խմբի քննարկման թեմաներն են` «Էկոլոգիական անվտանգության հայեցակարգի անհրաժեշտությունը Հայաստանում», «Էկոլոգիական կրթության ներկա վիճակը Հայաստանում եւ դրա զարգացման հեռանկարները», «Բնապահպանական հիմնախնդիրները Հայաստանի մարզերում եւ դրանց լուծման ուղիները» եւ այլն:
«Բնապահպանություն» ֆորումի մասնակիցներից են ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատողները, ինչպես նաեւ` թեմայով հետաքրքրվող հիմնականում միջինից բարձր տարիքի մարդիկ: «Քանի որ քննարկվում են մասնագիտական հարցեր, երիտասարդները վախենում են կարծիք հայտնել»,- ասում է Ա. Վերմիշյանը:
Ի դեպ, այս խմբում գործում են մի շարք պայմաններ։ Մասնավորապես, եթե մարդիկ գրանցվում են ու չեն մասնակցում քննարկումներին կամ էլ պասիվ են, կարող են զրկվել անդամությունից: Ֆորումի անդամները նաեւ արձագանքում են ակցիաների կամ այլ միջոցառումների մասնակցելու հայտարարություններին: Դրա օրինակներից է կանաչապատ տարածքների պաշտպանության համար կազմակերպված երթը դեպի Երեւանի քաղաքապետարան, երբ ֆորումի միջոցով կազմակերպիչներին հաջողվեց հավաքել շահագրգիռ մարդկանց մեծ բազմություն: Այդուհանդերձ, Ա. Վերմիշյանի համոզմամբ, Հայաստանում դեռեւս չի ձեւավորվել ֆորումներին մասնակցելու կուլտուրա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել