HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Մեդիա եւ մշակույթ

Ետխորհրդային Հայաստանում զանգվածային տեղեկատվամիջոցների (մեդիա) փոփոխությունն ու նորացումը տեղի է ունեցել ընդհանուր հիմնարար փոխակերպումների հունում։ Իմ ցանկությունն է մեդիայի ներկա իրադրությունը տեսնել ոչ միայն եւ ոչ այնքան տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գլոբալ տարածման ընթացքի, որքան տեղական քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ հատկապես մշակութային արմատական փոխակերպումների հետ կապակցության մեջ։ Մյուս կողմից՝ մեդիայի ներկա վիճակը ոչ միայն արտացոլում է այդ փոփոխությունները եւ դրանց տարատեսակ արտահայտությունները, այլեւ քիչ առ քիչ ներգրավվում է մշակութային, սոցիալական եւ այլ իրողությունների ձեւավորման մեջ։

Եթե ցանկանանք բնութագրել հայկական մշակույթը Խորհրդային Միության փլուզումից ավելի քան տասը տարի անց, ապա պետք է առաջին հերթին արձանագրել, որ այն շատ է փոխվել։ Եթե, օրինակ, Խորհրդային Միությունում հստակ բաժանում կար «բարձր մշակույթի» (առաջին հերթին՝ գրականության) եւ մշակութային արտահայտության մնացած ձեւերի միջեւ, ապա այժմ ակներեւ է «բարձր մշակույթի» ընկրկումը, եթե ոչ՝ անկումը։ Իսկ նոր մշակույթը, ինչպես էլ որ այն անվանելու լինենք, բազմաթիվ եւ, խորհրդային ժամանակի հետ համեմատած, տարբեր կապերով կապված է մեդիայի հետ։ Բացի այդ, մշակութային նոր պրակտիկաներ են ձեւավորվում տեխնոլոգիական միջավայրերում, տեղեկատվության եւ հաղորդակցության տարբեր միջոցների շնորհիվ, որոնք աստիճանաբար ձեռք են բերում սոցիալական նշանակալիություն։

Տարիներ շարունակ պառակտված հասարակության մեջ այժմ որոշ հասարակական շերտեր համախմբվում են նոր արժեքների եւ նորմերի շուրջ, ձեւավորվում են հանրույթներ, նոր հարաբերություններ, փորձառություններ եւ վարքագծեր։ Հասարակական կապակցության նոր ձեւերը հաճախ կյանք են առնում հենց տեղեկատվամիջոցների օգնությամբ։ Սրանք, բնականաբար, շարունակում են մնալ նաեւ քաղաքական ձեռնածման (մանիպուլացման) եւ առեւտրային (կոմերցիոն) շահագործման գործիքներ։ Թվում է, թե այսօր Հայաստանում տեղեկատվամիջոցները, ավանդական թե նոր, մտել են մի նոր փուլ՝ ձեռք բերելով այնպիսի սոցիալական եւ մշակութային նշանակություն, որ նախկինում երբեք չեն ունեցել։ Միեւնույն ժամանակ պետք է ընդգծել, որ մեդիայի այս նոր իրադրությունն առայժմ հեղհեղուկ է, իսկ զարգացման հեռանկարը՝ անորոշ։

Ետխորհրդային շրջանում Հայաստանում կատարված առավել էական փոփոխություններից մեկը, թերեւս, խորհրդային ժամանակի համեմատաբար համասեռ հասարակության կամ, ավելի ճիշտ, ազգի, ազգային մարմնի բաժանումն է տարբեր շերտերի, հստակորեն զանազանելի խավերի։ Այս բաժանման եւ հասարակական տարասեռության առաջացման երկու հիմնական աղբյուրներն են իշխանությունը եւ հարստությունը, երկուսն էլ՝ միանգամայն տարբեր խորհրդային ժամանակի համեմատությամբ։

Իսկապես, վերջին տարիներին տեղի է ունենում ետխորհրդային շրջանում առաջ եկած մեծահարուստների եւ նրանց հարստության օրինականացում, որ հիմնականում կատարվում է (նրանց կողմից) իշխանության ուղղակի կամ անուղղակի յուրացմամբ։ Սա մի հետաքրքրական ընթացք է, որի մեջ իշխանության օրինականության ճգնաժամն ուղեկցվում է անօրինական հարստության օրինականացմամբ, որն ի վերջո կարող է հանգեցնել քաղաքական իշխանության տարալուծման։ Սրա ցայտուն հետեւանքներից է, օրինակ, Երեւանի քաղաքային լանդշաֆթի հիմնովին փոխակերպումը. հանրային տարածքի մասնավորեցում, զվարճության եւ ժամանցի վայրերի բուռն բազմացում, քաղաքային միջավայրի՝ խորհրդային վերջին տարիների նոսր գաղափարաբանական տարածության հագեցումը տեսողական գովազդի հաղորդումներով եւ այլն։ 

Արտաքին ներդրումների հետ միասին, նկատվում է նաեւ այս հարստության հոսքը դեպի ներքին շուկայի մինչ այժմ անտեսված տիրույթները, այդ թվում՝ մեդիա։ Փոխադարձաբար, տեղեկատվամիջոցներն աստիճանաբար ձեռք են բերում նոր սոցիալական եւ տնտեսական նշանակություն։ Սա իր հերթին ենթադրում է հասարակության մեջ սպառողական որոշակի կարողությունների եւ հակումների առկայություն։ Բայց միեւնույն ժամանակ մեդիայի այս նոր դերակատարությունը արձագանքն է մարդկանց (անհատների եւ հանրույթների) պահանջմունքի՝ ներկայացվելու, դառնալու տեսանելի՝ տեսողականանալու մեդիայի միջոցով (ռադիո, հեռուստատեսություն, տպագիր հանդեսներ, շատ ավելի քիչ՝ Ինտերնետ)։ Մի բան, որ խորհրդային տարիներին որոշ վերնախավի մենաշնորհն էր միայն եւ իրականացվում էր բոլորովին տարբեր ձեւերով։

Այսպիսով, առեւտրային մշակույթի եւ սպառողականության տարածումը, տեղական մշակույթի առեւտրայնացումը թվում է մշակութային փոփոխության հիմնական միտումը։ Այստեղ զգացվում են գլոբալ մեդիայի ներխուժման, նոր ճաշակներ եւ սպառողական կենսակերպեր սերմանելու ձգտման հետեւանքները։ Այս ընդհանուր տեղաշարժի մեջ էլ նորահայտ հեռուստակայանները, ռադիոկայանները, տպագիր մամուլը եւ որոշ Ինտերնետային ծառայություններ մատուցում են հանրամատչելի մշակույթի նոր տեսակներ, ձեւավորում են սպառողական պահանջմունք եւ ունակություններ։ 

Ի տարբերություն գաղափարաբանական մեկ դաշտում գործող խորհրդային հեռուստատեսության, ռադիոյի եւ տպագիր միջոցների, այսօր ակներեւորեն ունենք ավելի բազմազան եւ պլյուրալ տեղեկատվամիջոցներ, որոնք ծառայում են հաղորդակցության նոր եղանակների եւ կոդերի ձեւավորմանը։ Մեդիայով սատարվող այս պրակտիկաները հասարակական կապակցության նոր ձեւեր են ծնում։ Այս հոլովույթի մեջ առաջ են գալիս նոր արժեքներ ու նորմեր։ 

Իհարկե, սա չի նշանակում, թե Հայաստանում, որտեղ բնակչության կեսից ավելին աղքատ է, հասարակությունն այլեւս սպառողական է, կամ տեղեկատվամիջոցները, ձեւականորեն ազատվելով պետական վերահսկողությունից, դարձել են լիովին առեւտրային։ Այսպես, ետխորհրդային Հայաստանում տեղեկատվամիջոցների նկատմամբ պետական մենաշնորհի վերացումից հետո էլ իշխանության անուղղակի վերահսկողությունը կամ ազդեցությունը շարունակվում է այլ ձեւերով։ Ասենք, 2002-ին մենք տեսանք, թե ինչպես ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում ունեցող հեռուստակայանները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից զրկվեցին հեռարձակման հնարավորությունից։ Սակայն քաղաքական այլընտրական դիրքորոշման բացակայությունը էլեկտրոնային մեդիայի միակ պակասությունը չէ։ Չի ձեւավորվել նաեւ գովազդի շուկան։

Բարձր մշակույթի խորհրդային ժամանակի կարգավիճակը եւ բուն հղացքը սասանված է նույնիսկ իր միջուկում՝ գրականության մեջ։ Դրամատիկորեն փոխվում է լեզուն, ոչ միայն գրական նոր շարժման ջանքերով, որը փորձում է ամենամարգինալ, գռեհիկ լեզուն բերել գրականություն, այլեւ հատկապես ռադիոյի եւ հեռուստատեսության մեջ, ինտերնետային ֆորումներում եւ նամակագրության մեջ։ Զանգվածային մշակույթի նորահայտ ձեւերի լեզուներն են սրանք, որ ծնվում եւ ապրում են խորհրդային գրական հայերեն լեզվի կանոնի եւ վերահսկողության շրջանակից դուրս։ Լեզվի սոցիալական եւ մշակութային դերը փոխվում է նաեւ անգլերենի (նոր) եւ ռուսերենի (վերահաստատվող) ճնշման ներքո՝ որոշ չափով դուրս մղվելով գործածության որոշակի տիրույթներից։ 

Այսպիսով, փոխվում են մշակույթը եւ մեդիան, փոխվում են քաղաքային միջավայրը եւ հաղորդակցության եղանակները … Մշակույթի մեջ կատարված փոփոխությունը կարելի է բնութագրել որպես մշակույթի աճող առեւտրայնացում եւ մշակութային արտահայտության տեսողականացում, ինչպես նաեւ` առեւտրային մշակույթի տարբեր ձեւերի առաջացում, որի առավել ցայտուն արտահայտությունը գովազդն է։ Հինը եւ նորը միմյանցից բաժանող գիծն անցնում է հանրային եւ մասնավոր ոլորտների, ազգային գաղափարաբանության եւ սպառողականության, մշակութային ինքնության հին կաղապարի եւ գլոբալացման ընթացքի նորահայտ արտահայտությունների արանքով։

Անշուշտ, հասկանալի է, որ այս փոփոխությունները բնավ չեն նպաստում ետխորհրդային մշակութային ճգնաժամի հաղթահարմանը։ Մշակութային նոր պրակտիկաները եւ դրանց միավորող, կապակցող առաքելությունը մնում են տեղային գործառականության մակարդակի վրա, որտեղ մշակույթի այլընտրական պատկերացումներ չեն առաջանում։ Որոշ իմաստով, մշակութային ինքնության ճգնաժամն ավելի է խորացել, եւ ավելի տագնապալի է թվում ազգային գոյության հեռանկարը։ Մանուել Կաստելսի դիտարկումը, թե խորհրդային կոմունիզմի կազմաքանդումից հետո պարզվեց, որ «նախկին խորհրդային մարդիկ չունեն խմբային որեւէ նախագիծ», այսօր էլ մնում է արդարացի։ Այսօր էլ չկան «քաղաքականության եւ հասարակության այլընտրական հայացքներ», ինչպես չկան հեռանկարներ պարզող սոցիալական շարժումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter