HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Եվրամիության դրամաշնորհային «արկածներն» ու դրանց ընթացքը

Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից առանձնապես  խոշոր չափերի գումարների հափշտակության գործերը քննվել և շարունակում են քննվել գաղտնիության պայմաններում:

Հիշեցնենք, որ 2016-ին, Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է Եվրամության դրաշնորհային ծրագրերից  հափշտակություն կատարելու վերաբերյալ երկու քրեական գործերի մասին:

Այս գործերից մեկով  արդեն դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա: Նախաքննություն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, գործի վերաբերյալ միայն երկու պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ չնշելով գործով անցնող անձի անուն, չտեղեկացնելով գործով կայացված այնպիսի կարևորագույն դատավարական որոշումների մասին, ինչպիսին է, օրինակ,  գործի նախաքննության ավարտը:

Ինչ  վերաբերում է դատաքննությանն, ապա այս գործով միայն երկու դատական նիստ է կայացել՝ 2016-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում: Այն ժամանակ միակ ամբաստանյալ 76-ամյա Սվետլանա Ասլանյանը արագացված դատաքննություն է պահանջել, ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկության՝ 77-ամյա Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, փաստաթուղթ կեղծելու համար: Քրեական գործն ի սկզբանե հարուցվել է Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից 197.640 եվրո հափշտակելու դեպքի առթիվ, սակայն Սվետլանա Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ոչ թե այդ չափով, այլ 134 հզ 320  եվրոյի հափշտակության համար: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ասլանյանին մեղադրանքն առաջադրվել է այնքան գումարի հափշտակության համար, որքանը հիմավորվել է: 

Հափշտակության մեխանիզմն՝ ըստ քրեական գործի 

Ըստ Քրեական գործի՝  լինելով  «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ՝  Սվետլանա  Ասլանյանը, դեռևս 2008 թվականին տեղեկացել է Եվրոպական միության պատվիրակության կողմից «Երիտասարդ կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում» վերնագրով դրամաշնորհային ծրագրի իրականացման համար հայտարարված մրցույթի մասին, ի սկզբանե ունենալով ծրագիրը չիրականացնելու և դրամաշնորհի պայմանագրով տրամադրված գումարը խաբեությամբ հափշտակելու դիտավորություն, կազմել և ներկայացրել է ծրագիր, որի արդյունքում Եվրոպական միության «Եվրոպական հասարակության հանձնաժողովի կողմից ներկայացված եվրոպական համայնքի» և «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական ոչ առևտրային կազմակերպության միջև 2008 թվականի դեկտեմբերի 26-ին կնքվել է 277.900 եվրո արժողությամբ դրամաշնորհի պայմանագիր:

Եվրոպական միությունը որպես ծրագրի իրականացման նախնական գումար 2009 թվականի փետրվարի 10-ին «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության  հաշվեհամարին փոխանցել է 58.414.74 եվրո, 2010 թվականի մարտի 12-ին՝ 83.058.71, 2011 թվականի ապրիլի 29-ին՝ 56.166.55, իսկ 2013 թվականի փետրվարի 22-ին՝ 2498.20, ընդհանուր 200.138.2 եվրո գումար:

Ըստ գործի՝  Սվետլանա Սսլանյանն իր հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու համար չի կատարել դրամաշնորհի պայմանագրով ստանձնած պարտավորությունները՝ պայմանագրով տրամադրված գումարներն իր կազմակերպության հաշվեհամարին փոխանցվելուց հետո կանխիկացրել, ստացել է, որից  67.335.130 ՀՀ դրամը հափշտակել է:

Իր հանցավոր մտադրությունները թաքցնելու, պատվիրատուի մոտ վստահություն ամրապնդելու, ինչպես նաև գումարների հափշտակության փաստը քողարկելու և իր հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու համար պատրաստել է ծրագրի ընթացքում իբրև կատարած ծախսերը հիմնավորող ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր։

Մասնավորապես՝ կազմել է իրականում չանցկացված դասընթացների մասնակիցների կեղծ ցուցակներ՝  «Վարար Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից սուրճի ընդմիջման ծառայությունների մատուցման, «Վասմա» ՍՊ ընկերությունից բենզինի ձեռք բերման կեղծ պայմանագրեր, «Դար-Պրեսս» ՍՊ ընկերությունից ուսումնական և դասընթացի նյութեր, արտոնագրեր ձեռք բերելու վերաբերյալ պոլիգրաֆիական ծառայությունների վճարովի մատուցման կեղծ պայմանագրեր ու հաշիվ-ապրանքագրեր, «Ալետարդ» ՍՊ ընկերությունից գրասենյակային կահույք, «Լեգինֆո» ՍՊ ընկերությունից համակարգչային տեխնիկա գնելու վերաբերյալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր, Մարիամ Ստեփանյանի կողմից ծրագրի շրջանակներում վճարովի ծառայությունների մատուցման վերաբերյալ կեղծ պայմանագիր ու ծառայությունների կատարման հանձնման-ընդունման ակտ, «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակից Արփինե Մաժինյանին որպես ծրագրի օգնականի գումարներ վճարելու վերաբերյալ «Հավաստիացում» վերնագրով կեղծ փաստաթուղթ: Բացի այդ, ծրագրի բյուջեով տրանսպորտային միջոցի համար նախատեսված ծախսը հիմնավորելու համար իր ծանոթ Արտյոմ Գեորգիի Շմավոնյանի հետ նախնական համաձայնությամբ 01.03.2009թ. կազմել են տրանսպորտային միջոցի վարձակալության կեղծ պայմանագիր: Սվետլանա Սսլանյանը հիշյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմել է 2009-2010, ինչպես նաև 2010-2011 և 2011-2012 թվականների ընթացքում ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի վերաբերյալ ֆինանսական հաշվետվություններ, որոնցում իբրև սուրճի հյուրասիրության համար հաշվարկել է ընդհանուր 1.910.325 ՀՀ դրամ ծախս, վկայականների, հարցաշարերի, դասվարի վերապատրաստման նյութերի, վերապատրաստման նյութերի և թղթապանակների ձեռք բերման համար ընդհանուր 52.058.841 ՀՀ դրամ, գրասենյակային կահույքի ձեռք բերման համար 375.584 ՀՀ դրամ, համակարգչային տեխնիկայի ձեռք բերման համար 2.743.852 ՀՀ դրամ, վառելիքի ձեռք բերման համար 1.116.884 ՀՀ դրամ, մեքենայի վարձակալության համար 5.760.572 ՀՀ դրամ ծախս, տվյալներ հավաքագրողի համար 100.500 ՀՀ դրամ, ծրագրի օգնականի համար 2.774.286 ՀՀ դրամ ծախս՝ իրականում նրան վճարելով ընդամենը 120.000 ՀՀ դրամ և ծրագրի հաշվապահի համար 2.774.286 ՀՀ դրամ ծախս՝ իրականում նրան վճարելով ընդամենը 2.160.000 ՀՀ դրամ:

Հիշյալ կեղծ փաստաթղթերը` ֆինանսական հաշվետվությունները ներկայացրել է Եվրոպական միությանը և նշված եղանակով քողարկել դրամաշնորհի պայմանագրով տրամադրված գումարից 67.335.130 ՀՀ դրամի հափշտակությունը:

Այսպիսով, ըստ քրեական գործի՝ Սվետլանա Ասլանյանը փաստաթղթեր կեղծելու և դրանք օգտագործելու եղանակով խաբեությամբ հափշտակել է ուրիշի առանձնապես խոշոր չափերի` 134.620 եվրոյին համարժեք 67.335.130 ՀՀ դրամ գումարը, որն ամբողջությամբ փոխհատուցել է:

Ինչպես տեսնում ենք, քրեական գործում առկա են մի շարք անձանց, կազմակերպությունների անուններ, որոնց հետ, իբրև Սվետլանա Ասլանյանը կեղծ պայմանագրեր է կնքել: Սակայն այդ անձանցից ու կազմակերպությունների ներկայացուցիչներից որևէ մեկը Ասլանյանի հետ նախնական համաձայնությամբ  փաստաթուղթ կեղծելու համար պատասխանատվության չի ենթարկվել: Նրանցից որևէ մեկի վերաբերյալ գործն անգամ դատարան չի հասել:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ փաստաթղթերի կեղծման վերաբերյալ գործի նախաքննության փուլում մեղադրյալ եղել է,  սակայն նրա նկատմամբ վաղեմության ժամկետ է կիրառվել, և դա է պատճառը, որ գործը չի հասել դատարան:

Երկրորդ քրեական գործի նախաքննությունը շարունակվում  է

Եվրամիության դրամաշնորհային ծրագրերից առանձնապես խոշոր չափերի հափշտակության մյուս քրեական  գործն առնչվում է Քրեական օրենսգրքի 178,  38-178 և 325 հոդվածներին, այսինքն՝ հափշտակություն, հափշտակությանն օժանդակություն և փաստաթղթերի կեղծիք:

Այս գործով մեղադրյալները 14-ն են, ընդհուպ՝ Եվրամիության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը:

Վերջինիս անունը, համենայնդեպս ըստ պաշտոնական տեղեկատվության,  որևէ կերպ չի շոշափվում Սվետլանա Ասլանյանի վերաբերյալ գործի շրջանակներում:

Թեև քննչական կոմիտեն Մարինե Պապյանի վերաբերյալ գործով անցնող անձանց անունները հրապարակել է, սակայն գաղտնի է պահում, թե նրանցից ում որ հոդվածով է մեղադրանք առաջադրվել:

Գործով այս պահին կալանքի տակ գտնվող միակ անձը Մարինե Պապյանն է:  

Մյուս մեղադրյալներն են՝ Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեք անձի՝  Հ.Գյոնջյանի, Գ.Չիլինգարյանի և Գ.Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ըստ որում՝ հետախուզվողներից մեկի՝ Չիլինգարյանի նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց է ընտրված, իսկ մյուս  երկուսի՝ Հրայր Գյոնջյանի և Գեղամ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը: Պետրոսյանը, նշենք, ՊԵԿ աշխատակազմի նախկին ղեկավար է եղել: Մեղադրյալներ Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը և Դինա Մանուկյանը մայր և դուստր են, մեղադրյալների մեջ կան միմյանց հետ ազգակցական կապեր ունեցող այլ անձինք ևս:

Վերը նշված անձանցից երկուսը՝ Տիգրան Սուքիասյանը և Գևորգ Ղազարյանը նախկինում կալանավորված են եղել, իսկ այժմ նրանց նկատմամբ ընտրված է ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց:

Քննչական կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ Սուքիասյանի և Ղազարյանի համար ընտրված կալանավորման տեսքով խափանման միջոցը վերացվել է վերջիններս կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը լրանալու պատճառաբանությամբ:

Նշենք, որ վերը թվարկված անձանցից 4-ի՝ Տիգրան Սուքիասյանի, Գևորգ Ղազարյանի, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի և Արմեն Բարեղամյանի առնչությունն այս քրեական գործին, ըստ այս պահին հայտնի տեղեկության, կապվում է «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպության անունից «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» անվամբ կեղծ ծրագրի հետ:

Ըստ Քննչական կոմիտեի հայտնած տեղեկության՝ այս անձինք «Հիմնարար իրավունքներն ու  ազատությունները» կեղծ ծրագրի շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու պատրվակով են ստացել ու հափշտակել Եվրամիության տրամադրած գումարը:

Թե բացի վերը նշվածից ուրիշ ինչ առնչություն ունեն նշված 4 անձինք քրեական գործի հետ, կամ մյուս անձանց առնչությունը և դերկատարությունը տեղի ունեցած հանցագործության մեջ որն է, հայտնի չէ: Քննչական կոմիտեին հարց էին ուղղել, թե գործով որպես մեղադրյալ ներգրավված անձանցից ով ինչ ծրագրի շրջանակներում է համագործակցել Եվրամիության հետ, սակայն մեր գրավոր հարցին  ի պատասխան նախաքննություն իրականացնող մարմինը նշել է, թե նախնական քննության տվյալների անթույլատրելիությունից ելնելով՝ հայցվող  հարցի պատասխանը հրապարակման ենթակա չէ: Քննություն իրականացնող մարմինը չի մասնավորեցրել, թե նախաքննության որ շահին է վնասում հայցվող տեղեկատվության հրապարակումը:

Այս գործով կալանավորված միակ անձի՝ Մարինե Պապյանի փաստաբան Հունան Բաբայանը  ևս հակված չէ գործի վերաբերյալ տվյալներ հրապարակել:

Մեզ հետ զրույցում Բաբայանն ասաց միայն, որ իր պաշտպանյալը ցուցմունքներ չի տվել՝ բացառությամբ այն հանգամանքի, որ մեղադրանքը չի ընդունում:

Այդուհանդերձ, ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալն ու գործով մեղադրյալներից մեկը՝ Տիգրան Սուքիասյանը, առերես հարցաքննվել են: Առերես հարցաքննություն կատարվում է երկու անձանց ցուցմունքներում էական հակասությունների առկայության դեպքում: Մեր դիտարկմանը՝ եթե Պապյանը  ցուցմունք չի տվել, ի՞նչ հակասության մասին է խոսքը, Բաբայանը պատասխանեց, թե Տիգրան Սուքիասյանը որոշակի անուղղակի մեղադրանքներ է հնչեցրել Պապյանի վերաբերյալ, և դա է եղել առերես հարցաքննության պատճառը:

Փաստաբանը, սակայն, չմանրամասնեց, թե խոսքն ինչ մեղադրանքների մասին է:

Քննչական կոմիտեից հայցել էինք նաև տեղեկատվություն այն մասին, թե ըստ գործի նյութերի, ե՞րբ է սկսվել հանցագործությունը, և խոսքը ԵՄ դրամաշնորհային ծրագրերից որքա՞ն գումարի հափշտակության մասին է, սակայն այս տեղեկությունը ևս քննություն իրականացնող մարմինը գաղտնի է համարում:

Չնայած նախաքննական մարմնի՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները գաղտնի պահելու ջանքերին՝ մամուլում, այնուամենայիվ, հայտնվել են այս հարցի վերաբերյալ հրապարակումներ: Օրինակ՝ «Փաստինֆո»-ն գրում է, որ խոսքը մոտ 400 մլն-ի հափշտակության մասին է, և որ հանցագործությունը  ոչ թե մեկ կամ երկու տարվա պատմություն ունի, այլ սկսվել է  2009-2010 թվականներին: Բացի այդ` «Փաստինֆոյին» նաև Մարինա Պապյանի բնակարաններում կատարված խուզարկության մանրամասներ են հայտնի դարձել, պարզվել է, որ Պապյանը  հափշտակված գումարները ոչ թե պահել է տանը կամ բանկային հաշվի վրա, այլ պահոցում, որտեղ էլ մեծ քանակությամբ գումար եւ թանկարժեք ոսկեղեն է հայտնաբերվել:

Մեզ հետ զրույցում Պապյանի փաստաբան Հունան  Բաբայանը չցանկացավ մեկնաբանություն տալ նաև Պապյանի պահոցում հայտաբերված գումարի և թանկարժեք ոսկեղենի մասին:

Նշենք, որ Մարինե Պապյանը ձերբակալվել է 2017-ի ապրիլի 27-ին: Նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությամբ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալամավորումը երկարացվել է ևս երկու ամսով:

Մեկնաբանություններ (2)

Gohar
«Հիմնարար իրավունքներն ու ազատությունները», ինչ էլ առաձգական ,ծավալվող ծրագիր են ընտրել այդ խաբեբաները․․․ Լա՜վ յուրացնելու միտումով։ Վաղեմիության ժամկետը լրանալը որն է՞։ Այս առումով սխալ մոտեցում է։ Բոլո՛րը , անկախ ժամկետից և զբաղեցրած դիրքերից պետք է դատվեն։ Բոլորը․
Վեհարի
Դատելը` դատեն, սակայն համոզված եք, թե մեր երկրում խոշոր ,,շնաձկները,, մանր տրամաչափի խաղացողներին թույլ կտան իրենցից թուլաբաժնից ավելին փախցնել: Հենց սկզբից խիստ գաղտնիության պայմաններում ընթացող այս քննություն-դատավարությունը նման է Օստապ Բենդերի ստեղծած ,,Եղջյուրներ և կճղակներ,, մթերման գրասենյակի դրածո պետի դատավարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter