
Սահմանային հսկիչ կետի նախկին պետը դիմել է Վարչական դատարան
«Գոգավան» սահմանային հսկիչ կետի նախկին պետ Նարեկ Մանթաշյանը այսօր հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան` իր աշխատանքային իրավունքների ապօրինի դադարեցման հրամանը չեղյալ ճանաչելու և հարկադիր պարապուրդի փոխհատուցման պահանջով։
Մանթաշյանը վաղը դիմելու է նաև գլխավոր դատախազին՝ ՍԱՊԾ-ի ներկայացրած փաստերի և փաստաթղթերի կեղծման դեպքերը քննելու պահանջով: Ասում է՝ ՍԱՊԾ-ն հայտարարություն է տարածել, որ ինքը հուլիսի 7-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ծառայություն՝ առձեռն, որն իրականությանը չի համապատասխանում:
Մանթաշյանի՝ Կարեն Կարապետյանին ուղղված նամակ-գրությանն ի պատասխան, կառավարության թեժ գծից այսօր հայտնել են, որ դիմել են ՍԱՊԾ, սպասում են ծառայության պատասխանին:
Քաղաքացիական ծառայության խորհուրդի նախագահի հանձնարարությամբ հուլիսի 20-24-ը, Մանթաշյանի բարձրաձայնած մեղադրանքների հիման վրա, ուսումնասիրություններ է կատարվել ՍԱՊԾ-ում և, ինչպես հայտնել են Մանթաշյանին, այժմ ամփոփում են դրանց արդյունքները:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին նյութ էինք հրապարակել «Գոգավան» սահմանային հսկիչ կետի արդեն նախկին պետ Նարեկ Մանթաշյանի մասին։ Նարեկը հուլիսի 12-ին տեղեկացել էր, որ ազատվել է պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն, սակայն, իր խոսքով, չէր կարող ազատման դիմում ներկայացնել, քանի որ հիվանդ էր թոքաբորբով և գտնվում էր Ստեփանավանում։
Լուսանկարը՝ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել