
10 խոշոր հարկատուներն ու նրանց հարկերի փոփոխությունը
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները միասին պետբյուջե են վճարել շուրջ 378.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած ցանկից։ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալն ավելացել է շուրջ 32 մլրդ դրամով կամ 9.2%-ով։
Երկրի խոշորագույն հարկատու «Գազպրոմ Արմենիա»-ն տարվա առաջին կեսին վճարել է 24.5 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանկահատվածում, ընկերության վճարած հարկերի համեմատ, նվազել է 91 մլն դրամով կամ 0.4%-ով։
Հանրապետության 2-րդ խոշորագույն հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ»-ն է։ Վճարել է 14.6 մլրդ դրամի հարկ, ինչը 2.8 մլրդ դրամով կամ 23.5%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Եռյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ մոտ 11.9 մլրդ դրամով։ Հարկերն ավելացրել է 2.6 մլրդ դրամով կամ մոտ 29%-ով։
4-րդ տեղում «Ալեքս Հոլդինգ»-ն է (նախկինում՝ «Ալեքս Գրիգ»)։ Տարվա առաջին կեսին վճարել է մոտ 11.3 մլրդ դրամի հարկ, աճը՝ 3.9 մլրդ դրամ կամ 54%:
Հաջորդում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը (ԶՊՄԿ), որի վճարած հարկերը կազմել են 9.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելի քան եռապատկելով։ Խոշոր հարկատուների առաջին տասնյակում ամենամեծ թռիչքը հենց կոմբինատինն է։ Նախորդ տարի այն 17-րդ տեղում էր, այս տարի՝ 5-րդ։
Հարկերն ավելացրել է նաև հանքարդյունաբերական մեկ այլ ընկերություն՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը։ Վճարել է մոտ 8.2 մլրդ դրամ՝ կրկնապատկելով հարկերը։ Արդյունքում 15-րդ հորիզոնականից բարձրացել է 6-րդ հորիզոնական։
Խոշոր հարկատուների ցանկում 7-րդ տեղում «Սիփիէս Օիլ Քորփորեյշն»-ն է՝ 6.2 մլրդ դրամի հարկերով։ Աճը՝ 588 մլն դրամ 10.5%: Ընկերությունը հայտնի է բենզինի և դիզելային վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով։
Հաջորդում է հանքարդյունաբերության ոլորտում գործող «Թեղուտ» ՓԲԸ-ն։ Ընկերությունը հունվար-հունիսին վճարել է 6 մլրդ դրամի հարկ։ Նախորդ տարվա համեմատ հարկերը նվազեցրել է 1.8 մլրդ դրամով կամ 23%-ով։
9-րդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է՝ 5.3 մլրդ դրամի հարկերով։ Նվազումը՝ ավելի քան 100 մլն դրամ կամ շուրջ 2%-ով։ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն ու «Գրանդ Տոբակո հայ-կանադական ՀՁ»-ն ներառված են «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում։
Իսկ տասնյակի վերջում ծխախոտի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն է։ Վճարել է 5.1 մլրդ դրամի հարկեր։ Աճը՝ 1.2 մլրդ դրամ կամ 32%:
Ըստ ՀՀ ՊԵԿ-ի տվյալների
Ընդհանուր առմամբ, 10 խոշորների վճարած հարկերը միասին կազմել են շուրջ 103 մլրդ դրամ։
Խոշոր հարկատուների երկրորդ տասնյակում են «ՄՏՍ Հայաստան»-ը (VivaCell-MTS), «ԱրմենՏել»-ը, «Ֆլեշ»-ը, «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» -ը, «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ»-ը, «Յուքոմ»-ը, «Արդշինբանկ»-ն ու «Գրանդ Քենդի»-ն։
Մեկնաբանել