HY RU EN

Արաքս Մամուլյան

«Իգլայի» գործով դատավորը՝ Սամվել Բաբայանին. «Մի՛ նեղսրտեք, ընդհանուր հարցեր են, բոլորին էլ տրվում են».

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուս 6 ամբաստանյալների վերաբերյալ գործի քննությունը։

Բացի Սամվել Բաբայանից՝ այս քրեական գործով անցնում են ևս  6 անձինք՝ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները։ Վերջիններս եղբայրներ են, իսկ Սանասար Գաբրիելյանը Սամվել Բաբայանի մանկության ընկերն է:

Այսօրվա նիստին ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորիա Կիրակոսյանը չէր ներկայացել և դատարանին գրավոր հայտնել էր, որ գտնվում է արձակուրդում:

Դատավոր Արշակ Վարդանյանն, այնուամենայիվ, դատավարության մյուս կողմերի համաձայնությամբ շարունակեց դատական նիստը՝ ընդգծելով, որ նիստը շարունակվում է՝ հաշվի առնելով, որ գործը գտնվում է նախապատրաստման փուլում:

Ամբաստանյալի աթոռին հայտնված ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ինքնությունը պարզելու նպատակով հարցեր տալիս դատավորը նրան բացատրեց, որ հարցերը, որոնք ինքը տալիս է, բոլոր ամբաստանյալներին տրվող հարցեր են:

«Մի՛ նեղսրտեք, շարքային հարցեր են բոլորին էլ տալիս են»,- դիմելով Բաբայանին՝ ասաց Արշակ Վարդանյանը:

 «Չէ, չեմ նեղսրտում»,-պատասխանեց Սամվել Բաբայանը:

Վերջինս, ի պատասխան դատավորի հարցին, ասաց, որ նախկինում դատվածություն ունեցել է։

 «Ներմա՞մբ է ազատվել»,- հարցրեց Արշակ Վարդանյանը:

 «Եթե իմ խոսքն եք լսում, ընդհանրապես հիվանդության պատճառով եմ ես դուրս եկել։ Բայց թե ինչ են ձևակերպել, դա արդեն իրենց խնդիրն է։ Այսօր որ այստեղ նստած եմ, սա էլ երկրորդ խնդիրն է»,- պատասխանեց Սամվել Բաբայանը:

Դատավորը ճշտեց նաև, թե արդյոք բոլոր ամբաստանյալները ստացել են իրենց վերաբերյալ մեղադրական եզրակացություններն ու ծանոթացել դրանց: Սանասար Կարապետյանը հայտնեց, թե ինքը լավ չի տեսնում, ստացել է, բայց չի կարդացել:

«Ձեզ  եմ հավատացել»,- դիմելով դատավորին`ասաց Կարապետյանը:

«Ես չեմ գրել»,- ժպտալով պատասխանեց դատավորը:

Դատավորն ամբաստանյալներին ծանոթացրեց  նաև իրենց իրավունքներին ու պարտականություններին, ապա Սանասար Կարապետյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց:

Պաշտպանը դիրքորոշում հայտնեց, որ պաշտպաններից մեկի բացակայության պայմաններում պետք է հետաձգել նիստը:

Հաշվի առնելով պաշտպանների ծանրաբեռնվածությունը`դատավորը հաջորդ նիստը նշանակեց շուրջ մեկ ամիս անց՝ օգոստոսի 28-ին:

«Դուք պաշտպանների կարծիքն եք հարցնում, բայց չե՞ն ուզում իմանալ՝  մեզ երբ է ձեռք տալիս, որ նիստը տեղի ունենա»,- դատավորին դիմելով՝ ասաց Սամվել Բաբայանը` նկատի ունենալով, որ ամբաստանյալներից ոմանք, այդ թվում ինքը, արդեն տևական ժամանակ գտնվում են կալանքի տակ:

Հետո դժգոհեց նաև Սանասար Կարապետյանը, և դատավորը հիշեցրեց, որ հենց Կարապետյանի պաշտպանն է միջնորդել, որպեսզի դատական նիստը հետաձգվի:

«Պաշտպանը հով տեղ է նստած»,-արձագանքեց Կարապետյանը:

Դատավորը պարզաբանեց, որ նիստ նշանակելն ինքնանպատակ չէ, և ինքը նիստն այնպիսի օր է նշանակում, որ այն կայանա, ոչ թե հետաձգվի:

Դատական նիստի ավարտին լրագրողները փորձեցին Բաբայանից ճշտել`արդյոք ինքն իրեն քաղբանտարկյալ համարում է, սակայն վերջինս չպատասխանեց հարցին:

Բաբայանի մարտական ընկեր Սանասար Կարապետյանն էլ «սարքոցի» անվանեց իրենց վերաբերյալ քրեական գործը:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանն, ինչպես նաև երկու այլ անձինք,  մարտի 22-ին` ԱԱԾ-ում մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում են ձերբակալվել: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ գործի շրջանակներում կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ, որ նշված զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով:

Գործի նախաքննության ընթացքում մաքսանենգության  հոդվածը հանվել է: