HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նուբարաշենի խճուղում սպանված Եղիշե Խաչատրյանի մոր հարցաքննությունը դարձյալ չավարտվեց. վերջինս տեղափոխվեց հիվանդանոց

Նուբարաշենի  խճուղում սպանված 58-ամյա Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը դատարանում այսօր տեղի ունեցած միջադեպից հետո, ընդմիջման ժամանակ, վատացավ: Վերջինիս համար շտապօգնություն հրավիրվեց դատարան, որից հետո 77-ամյա Աբրահամյանը տեղափոխվեց հիվանդանոց:

Նման պայմաններում դատավոր Աննա Դանիբեկյանը ստիպված եղավ հետաձգել դատական նիստը:

Հիշեցնենք, որ այսօր դատարանում Էմմա Աբրահամյանի ցուցմունքի ժամանակ կողմերի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

Մինչ Աբրահամյանի հարցաքննությանն անցնելը ու դատական նիստը հետաձգելը ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը ձայնային կրիչի վրա դատարան ներկայացրեց նախորդ դատական նիստին լրագրողների կողմից արված տեսանյութեր` միջնորդելով դրանք կցել գործին ու ապացույց ճանաչել:

Ըստ Նադիրյանի և գործով մյուս ամբաստանյալների պաշտպանների` դատարան ներկայացված կրիչի վրա առկա տեսանյութերով հիմնավորվում է, որ նախորդ դատական նիստին Եղիշե Խաչատրյանի մայրը` Էմմա Աբրահամյանը Փառանձեմ Մեյթիխանյանի հուշումներից հետո է ճանաչել Նադիրյանի պաշտպանյալ Յուրի Հակոբյանին:

Մեղադրող դատախազը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ նախ նշելով, թե ինքը ծանոթ չէ տեսանյութերի բովանդակությանն, ապա ավելի ուշ իր խոսքում պնդելով, թե լրագրողների կողմից  հրապարակված տեսանյութերն ինքը ևս դիտել է, և եթե դրանցում հիմնավորվեր այն ամենն, ինչ պնդում են ամբաստանյալների պաշտպաններն, ապա իրենք՝ մեղադրող դատախազները, որ ամենամոտն են նստած եղել Էմմա Աբրահամյանին, կտեսնեին դա:

«Մենք ամբաստանյալների թշնամիները չենք»,- հայտարարեց դատախազ Վարդգես Սարգսյանը՝ նշելով, որ մեղադրող կողմը երբևէ միտում չի ունեցել ամբաստանյալներին վերագրել կեղծ մեղադրանք:

Դատավոր Դանիբեկյանը համարեց վաղաժամ:

Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանում դարձյալ ցուցմունք էր տվել Էմմա Աբրահամյանը:

Վերջինս մի քանի անգամ Յուրի Հակոբյանի մասին խոսելիս ձեռքն ուղղում էր դեպի ամբաստանյալները, սակայն ոչ դեպի Յուրի Հակոբյանը:

Այս հանգամանքը պաշտպաններից Վաչագան Քոսյանի մեջ կասկած էր  հարուցել, որ Էմմա Աբրահամյանը չի ճանաչում Յուրի Հակոբյանին, և հարց ուղղել թե ամբաստանյալներից ո՞րն է Յուրին: Աբրահամյանը սխալ ամբաստանյալի էր ցույց տվել, և այս հանգամանքը դահլիճում թեժացրել էր մթնոլորտը:

Վայրկյաններ անց Էմմա Աբրահամյանը մատնացույց  էր արել Յուրի Հակոբյանին, և ամբաստանյալների պաշտպանները բարձրաձայնել էին այն մասին, որ նկատել են, թե ինչպես է Փառանձեմ Մեյթիխանյանը հուշել սկեսրոջը, ինչը հերքում են և՛ Փառանձեմ Մեյթիխանյանը, և՛ ԷմմԱ Աբրահամյանը:

Այս նիստից հետո ևս  Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացել էր, և  նրա համար շտապօգնություն էր հրավիրվել դատարան:

Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016թ. հուլիսի 4-ին: Գործով մեղադրվում են 5 անձինք՝ Արտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Խաչիկ Կոսյանը, Արթուր Զաքարյանն ու Յուրի Հակոբյանը: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7 և 10-րդ մասերով (սպանություն մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով): Ըստ մեղադրանքի` սպանված Եղիշե Խաչատրյանը երթևեկության կանոնները խախտելու համար նկատողություն է արել ամբաստանյալներ Յուրի Հակոբյանին, Արտաշես Չիչոյանին ու Արարատ Միկողոսյանին,  որից հետո վերջիններս նրան հայհոյել են, ծեծի ենթարկել, ապա դեպքի վայր են եկել ևս երեք անձինք՝ Արթուր Զաքարյանը, Խաչիկ Կոսյանը և, ինքնությունը չպարզված, ևս մեկ անձ, ու ծեծկռտուքը շարունակվել է այնքան, մինչև Եղիշե Խաչատրյանը սպանվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter