HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանի կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջի հետեւողական խախտման եւ այդ խախտումը մշակույթի նախարարի կողմից պաշտպանելու մասին

2017 թվականի հունիսի 29-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, չի պատասխանում ակումբի խորհրդի նախագահի տեղեկության հարցմանը:

Հայտարարության հրապարակումից հետո թանգարանի տնօրենը բարեհաճեց պատասխանել հարցմանը, սակայն հարցված տեղեկությունները տրամադրեց ոչ թե ամբողջությամբ, այլ մասնակիորեն: Մասնավորաբար, փաստացի չի տրամադրել թանգարանային առարկաների ցանկը. (Հարցմամբ.-1. Հայաստանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի տնօրինած թանգարանային բոլոր առարկաների անվանացանկը, նշելով, թե հարցմանը պատասխանելու դրությամբ որտեղ են գտնվում այդ առարկաներից յուրաքանչյուրը. ցուցադրություն թանգարանում, ցուցադրություն այլ վայրում, պահոց եւ այլն):

Դրա փոխարեն թանգարանի տնօրենը պատասխանում գրել է. «...Ելնելով թանգարանում գործող ներքին կանոնակարգից՝ հավելյալ ամբողջական տեղեկություն իրավասու չենք ներկայացնելու: Ձեզ հետաքրքրող որեւէ նմուշի մասին տեղեկույթ պատրաստ ենք տրամադրել՝ Ձեր դիմումի դեպքում, որտեղ նշված լինի նմուշի անվանումը եւ տեղեկույթ ստանալու նպատակը»:

Համարելով, որ այս պատասխանը եւ Հայաստանի պատմության թանգարանի ունեցվածքը քաղաքացիներից գաղտնի պահելը ակնհայտ ապօրինություն է, ինչը հակասում է գործող օրենսդրությանը եւ Հայաստանի ստանձնած միջազգային մի շարք պարտավորություններին, ակումբի խորհրդի նախագահը 2017 թ. հուլիսի 11-ին բողոք է հղել ՀՀ մշակույթի նախարարին: Նախարարը, սակայն, անկարող լինելով կամ չկարողանալով կարգի հրավիրել ՊՈԱԿ տնօրենին, պատասխանել է, թե տնօրենը հարցմանը պատասխանել է թանգարանի կանոնակարգին համապատասխան:

Այնինչ Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջը, ըստ որի պարտավոր էր հարցված եւ օրենսդրությամբ գաղտնիք չհանդիսացող տեղեկությունները տրամադրել հարցումը ներկայացնողին 5-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտության դեպքում՝ 30-օրյա ժամկետում: Թանգարանի տնօրինած թանգարանային առարկաների ցանկի տրամադրման մերժումը ակնհայտ ապօրինություն է, որը վերացնելու փոխարեն մշակութի նախարարը, փաստորեն, պաշտպանել է այն:     

Մշակույթի նախարարը ապօրինության այս սատարմամբ այլ ճանապարհ չթողեց տեղեկություններն ստանալու համար, քան դատական ճանապարհը: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը դատապարտում է այս իրավազանցությունը, եւ տեղեկացնում, որ բոլոր ջանքերը գործադրելու է ՀՊ թանգարանի բոլոր ցուցանմուշների մասին պատշաճ տեղեկություններ ստանալու,  հրապարակելու եւ ՀՊԹ ՊՈԱԿ տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter