Ի՞նչ է սոցիալական քարտը
Մետաքսե Պետրոսյան
Սոցիալական ապահովության քարտերի համակարգն աշխարհի զարգացած երկրներում շատ վաղուց է գտել իր գործնական կիրառությունը, նույնիսկ հարյուրամյակի պատմություն ունի: Համակարգի ներդրման նպատակներն ու կիրառման ոլորտները գրեթե նույնն են այդ երկրներում եւ միտված են մեկ հիմնական նպատակի` հնարավորինս հստակեցնել մարդու վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը նրա տարբեր տեղեկատվական բազաների միջեւ, նույնականացնել նրան ինքն իր հետ, հեշտացնել քաղաքացու սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված պետական կառավարման գործառույթները՝ կենսաթոշակ, բժշկական ապահովագրություն, հաշմանդամության կարգ, նպաստներ եւ այլն:
Մեզանում համակարգի ներդրումը հետապնդում է գրեթե նույն նպատակները եւ գտնվում է իր գործառույթների իրականացման սկզբնական փուլում: Ըստ սոցապ. նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանի մեր երկրում համակարգի ներդրումը հետապնդում է երկու հիմնական նպատակ` անձին նույնականացնել ինքն իր հետ եւ բարձրացնել պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետությունն ու հասցեականությունը: Այսինքն` ստեղծել անձին նույնականացնելու եզակի, միասնական եւ անփոփոխ միջոց, որը հնարավորություն կտա կյանքում նրա իրականացրած տարբեր գործառույթների վերաբերյալ ժամանակին, արագ, ճիշտ եւ հասցեական տեղեկատվություն ստանալ: Այսպիսով պետությունը կկարողանա առավել ճիշտ կազմակերպել իր գործառույթները, քանի որ հնարավորություն կունենա օգտվել ճիշտ տեղեկատվական բազաներից եւ նրանց միջեւ տեղեկատվության փոխանակումը կլինի առավել արագ, անսխալ ու հասցեական:
Սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման անհրաժեշտությունը նախարարության առջեւ ծառացել է դեռեւս հինգ տարի առաջ, երբ 1999թ. կառավարությունն ընդունեց սոցիալական ապահովության անհատական ծածկագրային համակարգ ներդնելու մասին որոշում: Ինչ-ինչ պատճառներով, սակայն, ժամանակին չի հաջողվել այն գործնական կիրառության մեջ դնել: 2002թ. սեպտեմբեր 24-ին ընդունվեց նոր օրենք անհատական ծածկագրերի մասին, որն ուժի մեջ մտավ միայն 2004թ. հունվարից: Սակայն համակարգի ներդրման վերաբերյալ առաջին իսկ հայտարարությունից հետո հասարակությունը երկփեղկվեց, սկսվեցին բուռն տարաձայնություններ տարբեր շրջանակներում, հասարակական որոշ կազմակերպություններ ակտիվ պայքար ծավալեցին համակարգի ներդրման դեմ եւ առ այսօր էլ շարունակում են՝ այն համարելով ազգակործան ու մարդկության բնաջնջմանը սպառնացող վտանգ: Չեն մոռանում Աստվածաշնչից մեջբերումներ անելով նախազգուշացնել ու սպառնալ համակարգի ներդրմանը նպաստող անձանց հետագայում դժոխքի կրակներում այրվելու դաժան պատժի մասին: Տպավորություն է ստեղծվում, որ շուտով ազգովին հայտնվելու ենք Նեռի իշխանության ներքո կամ մասոնական «հարձակումների» զոհ ենք դառնալու:
Մայր եկեղեցին անմիջական մասնակցություն ցուցաբերեց խնդրի շուրջ ծագած տարակարծությունները փարատելուն եւ ելնելով մեր կրոնական ու նույն Աստվածաշնչից թելադրված դավանաբանական սկզբունքներից, առաջարկեց որոշ շտկումներ մտցնել ընդունված օրենքի առանձին կետերում: Այսպես, «Անհատական ծածկագրային քարտի մասին» օրենքը նախատեսում էր, որ քարտին տրվող համարը՝ բաղկացած անձի ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի, անձնագրային համարի ու սերիայի համակցությունից, տվյալ անձի ծածկագիրն էր ու համարը: Եկեղեցին առարկություն ներկայացրեց, որ անձին համար չի կարող տրվել, այն պետք է տրվի փաստաթղթին, ինչպես դա արվում է մնացած բոլոր դեպքերում (անձնագիր, աշխատանքային գրքույկ եւ այլն): Մյուս առարկությունը վերաբերում էր անվանմանը:
Ըստ եկեղեցու՝ ծածկագիր բառն իր մեջ խորհրդավորություն էր պարունակում, որը եւս հաշվի առնվեց եւ օրենքով ամրագրվեց՝ այն վերանվանելով «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենք: Երրորդը վերաբերում էր երեք վեցերի հաջորդական կրկնությամբ կիրառմանը (չնայած` ի սկզբանե ծրագրով շրջանցված է եղել այդ համարի առկայությունը) եւ «Նեմրութ» անվանված տեղեկատվա-վերլուծական կենտրոնի անվանը: Վերջին պահանջն էր հստակեցնել համակարգի կիրառման ոլորտները: Ինչպես նախարարության աշխատակիցն է հավաստիացնում, այս բոլոր պահանջները հաշվի առնվեցին եւ համապատասխան փոփոխություններ կատարվեցին: «Նեմրութը» վերանվանվեց «Նորք», իսկ համակարգը որոշվեց կիրառել սոցիալական ապահովագրության պետական ու ոչ պետական ծրագրերում: Ի լրումն նշված բոլոր փոփոխությունների, օրենքով արդեն իսկ նախատեսված էր, որ մարդու մասին տեղեկությունները չեն հավաքվելու մեկ ընդհանուր տեղեկատվական բազայում, այլ այն օգտագործվելու է տարբեր տեղեկատվական բազաների միջեւ տեղեկատվության փոխանակման համար:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում բնական է անցումը համակարգչային տեղեկատվական բազաների վարման ինքնաշխատ համակարգերին, ինչը ենթադրում է թղթատարական գործընթացների կրճատում, դրանց կատարման առավել արագ ընթացք ու ճշգրտություն: Բացի այս, համակարգի ներդրումը հնարավորություն կտա բացահայտել թաքնված գործազրկությունը, անբարեխիղճ գործատուներին, որոնք թաքցնում են իրական աշխատուժը եւ վճարում ավելի քիչ հարկեր, ինչի արդյունքում տուժում է դարձյալ քաղաքացին: Չի գրանցվում նրա աշխատանքը, չեն կատարվում հարկային մուտքերը` ցածր են կենսաթոշակը, նպաստները, պետական աշխատավարձը: Մինչդեռ համակարգի ներդրումը կնպաստի թաքցված եկամուտների բացահայտմանը, որն էլ կբարձրացնի հարկային մուտքերն ու բյուջեի միջոցները, կնպաստի կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացմանը:
Ասվածը առավել հիմնավորելու համար ներկայացնենք այլ երկրների փորձը: Ֆրանսիայում սոցապահովության համակարգը ներդրվել է դեռեւս 1945-46թթ. (չնայած նրա առանձին ձեւեր կիրառվել են դեռեւս 19-րդ դարի վերջերից): Ինչպես այսօր ՀՀ օրենքն է նախատեսում, այնպես էլ Ֆրանսիայի սոցապահովության մասին օրենքով ամրագրված է յուրաքանչյուր քաղաքացու սոցապահովության քարտ ստանալու իրավունքը: Նույն կերպ է հարցին մոտեցել նաեւ ԱՄՆ-ը, որտեղ այն գործադրվել է 1933թ.: Նույն մոտեցումն է սահմանված նաեւ քարտի կիրառման սկզբունքի ու ոլորտների հարցում, այսինքն՝ այն պարտադիր է յուրաքանչյուր քաղաքացու համար իր իրավունքներն ու պարտականություններն իրականացնելու անհրաժեշտությամբ: Եթե խոսքը համակարգի ներդրման մասին է, խոսք չի կարող լինել կամավորության սկզբունքի մասին: Ինչ վերաբերում է համակարգի առավելություններին, մեր հասարակությանը գոնե քաջ հայտնի է նշված երկրներում աշխատողի բարձր աշխատավարձի ու կենսաթոշակի, սոցիալական ապահովագրությամբ նրա համար նախատեսված այս կամ այն արտոնությունների մասին:
Այլ բան է, որ համակարգի ներդրմանն ուղղված անհրաժեշտ բացատրական աշխատանքի պակասն այսօր զգացվում է եւ առաջացնում խուճապային տրամադրություններ հասարակության լայն շրջանակներում: Քարոզչամիջոցների մեծ հնարավորությունները օգտագործելու փոխարեն պետությունը համակարգը ներդնելու միջոց է ընտրել պետական ձեռնարկություններում տեղի ղեկավարության կողմից պարտադրանքի ու աշխատավարձ չվճարելու սպառնալիքը: Այն ոչ միայն չի օգնում մարդկանց ըմբռնելու նորարարության հնարավոր դրականն ու բացասականը եւ, ըստ այդմ, որոշում կայացնելու, այլեւ խորացնում է անորոշությունն ու լարվածության մթնոլորտը:
Պակասը լրացնում են սոցապ նախարար Ա. Վարդանյանի անունից ծրագրի երկրորդ փուլում մարդու մարմնի վրա չիպերի տեղադրման մասին մամուլում արված հիշատակումները: Մինչդեռ նախարարի փույթն էլ չէ ժխտել կամ հաստատել այն, գոնե բացատրություն տալ, թե ինչ է իրականում չիպ ասվածը կամ որն է նրա իրական գործածության ձեւը: Տիկին Խաչատրյանը քարոզչության կազմակերպման բավարար լինելու մասին մեր հարցադրմանը պատասխանեց, որ իրենք այն ապահովել են լիովին, «դեռ մի բան էլ ավելի»: Ներկայացրեց թվային տվյալներ, թե արդեն քանի հազար մարդ է դիմել սոցապապահովության քարտ ստանալու համար: Չիպերի մասին խոսակցություններն էլ համարեց անհեթեթ ու հիվանդ երեւակայության արդյունք` նշելով, որ իրենք հարկ չեն համարում նման երեւույթներին արձագանքել: Նրա կարծիքը չէր կիսում, սակայն, նախարարության մեկ այլ աշխատակից` սոցապահովագրության եւ կենսաթոշակային ապահովության վարչության սոցապահովագրության բաժնի պետ Սմբատ Սարյանը: Նա գտնում է, որ իրենց աշխատանքում բացթողումներ դեռեւս շատ կան եւ անելիքներ ունեն համակարգի լիարժեք կենսագործման առումով:
Ի՞նչ է չիպը իրականում: Դարձյալ անդրադարձ կատարելով Ֆրանսիայի սոցապահովության մասին օրենքին` հարկ է արձանագրել, որ այնտեղ ոչ մի կետ կամ խոսք անգամ չկար նման երեւույթի մասին: Փոխարենը, ԱՄՆ-ում համակարգի այդքան տարիների կիրառությունից հետո միայն սոցապահովության քարտերի կեղծման դեպքերից խուսափելու եւ կանխման նպատակով այսօր քննարկման է դրված վարորդական իրավունքների վրա չիպի տեղադրման տարբերակի մասին նախագիծը, որը կարող է լինել տվյալ անձի աչքի գույնի համանմանությամբ պատրաստված լենզի տեսքով` քարտի համարի պաշտպանվածությունը մեծացնելու համար: Սակայն, այն դեռեւս գտնվում է քննարկման փուլում ամերիկյան համապատասխան պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ու հասարակության ակտիվ մասնակցությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող որոշ կազմակերպությունների համար նրա հնարավոր տեղադրումը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է եւ միջամտություն անձնական կյանքին, ուստի դեռեւս վաղ է նրա գործնական կիրառության մասին խոսելը: ԱՄՆ քաղաքացի մասնագիտությամբ փաստաբան զրուցակիցս նշեց, որ ինքն անձամբ խնդիր չունի, եթե անգամ այն կիրառվի, որովհետեւ ինքը ոչ զեղծարար է, ոչ էլ որեւէ անօրինական քայլ է կատարել առ այսօր, իսկ դա միայն կբարձրացնի իր փաստաթղթերի ապահովությունն ու անձեռնմխելիությունը: Ինչ վերաբերում է մարդու մարմնի վրա դրանց տեղադրմանը, նա այն համարեց անհեթեթություն եւ հիմքից զուրկ:
Սոցապ. նախարար Ա. Վարդանյանի կողմից չիպերի տեղադրման մասին հիշատակումը համակարգի կիրառման երկրորդ կամ երրորդ փուլում գուցեեւ հապճեպ էր եւ անժամանակ, կամ էլ՝ նախարարն ինքը դեռեւս հստակ չէր պատկերացնում չիպ ասվածի բովանդակությունը եւ առաջին իսկ հայտարարությանը հետեւած բուռն արձագանքը հարցը օդում առկախ թողնելու պատճառ դարձավ: Համենայնդեպս այս է հուշում նախարարության կողմից հարցն անպատասխան թողնելը կամ ինչպես նախարարության աշխատակիցներն իրենք են հավաստում՝ այն չափազանց թանկ հաճույք է Հայաստանի նման երկրի համար: Իսկ գուցեեւ այն խայծ էր` նետված հենց պետական չինովնիկների կողմից համակարգի ներդրմանը խոչընդոտելու նպատակո՞վ:
Իրականում ի՞նչ է նախատեսում ծրագրի երկրորդ փուլը: Ըստ պրն Սարյանի՝ քանի որ առաջին փուլով նախատեսված էր սոցապահովության քարտերի հատկացումը քաղաքացիներին, բնականաբար, երկրորդ փուլով պետք է սկսվեր դրանց կիրառումը, ինչը նախատեսվում է սույն թվականի հուլիսի 1-ից օրենքով սահմանված տեղեկատվական համակարգերում, իսկ բաժանումներն արված են հնարավոր լուրջ ցնցումներից խուսափելու նպատակով: Մեր այն հարցադրմանը, թե արդյոք պետությունը երաշխավորում է համակարգի գաղտնիությունն ու անվտանգությունը, պրն Սարյանը մատնանշեց «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքը, որը երաշխավորում է միջազգային չափորոշիչներով անհատական տվյալների մշակման գաղտնիությունն ու անվտանգությունը:
«Կա պաշտպանության երկու մեխանիզմ՝ օրենսդրություն եւ տեխնիկական միջոցառումներ: Կան նաեւ ենթաօրենսդրական ակտեր, որոնք բխում են սոցապահովության քարտերի մասին ՀՀ օրենքից եւ այդ օրենքի հիման վրա ՀՀ-ում համակարգ ներդնելու մասին ՀՀ կառավարության 2003թ. դեկտ. 24-ի թիվ 17/83 որոշումից: Կան նաեւ որոշակի տեխնիկական չափորոշիչներ` սահմանված սոց. քարտերի տեղեկատվական բազայի համար, որոնք նվազագույնի են հասցնում չարաշահումների հնարավորությունները»,- ասաց պրն Սարյանը: Թվարկումները նա եզրափակեց հետեւյալ արտահայտությամբ՝ «իդեալական ոչինչ չի լինում»:
Արդեն բաժանված անհատական քարտերի եւ դրանք սոցապահովության քարտերի վերափոխվելուց հետո առաջացած խնդիրների հետ կապված պրն Սարյանը տեղեկացրեց, որ մինչեւ օրենքի փոխվելը շուրջ 160 հազար անհատական քարտեր տպագրվել ու տրամադրվել էին քաղաքացիներին: «Եթե քաղաքացին օրենքի փոփոխությունից հետո էլ անհրաժեշտ չի համարում փոխել իր անհատական քարտը սոցիալականի, բնականաբար, մենք իմաստ չենք տեսնում քաղաքացուն ստիպել, որ նա կրկին դիմի քարտ ստանալու համար»: Մատնանշելով օրենքը` նա հավելեց, որ երկու տարբերակն էլ վավերական են եւ քաղաքացու կողմից կարող են օգտագործվել այնքան ժամանակ, մինչեւ նրա անհատական տվյալներում տեղի չունենան փոփոխություններ կամ, ըստ անհրաժեշտության, կգա նորով փոխարինելու պահը, քանի որ բովանդակային առումով դրանք համասեռ երեւույթներ են:
Ստացվում է, որ զուր է ամբողջ այս աղմուկը: Մի կողմից նախարարության աշխատակիցները վստահեցնում են, որ իրենք օրենքը մշակելիս հաշվի են առել բոլոր դիտողություններն ու առարկությունները եւ վերջնական տեսքի բերել այն, մյուս կողմից ոչ մի խնդիր չեն տեսնում, որ քաղաքացին օգտագործի նախկին` անհատական ծածկագրային համակարգով նախատեսված քարտը, այսինքն` իր անձին տրված համարով եւ վերը նշված մյուս տվյալներով: Ինչպես հասկանալ այս ինքնահակասումը: Ի վերջո, եթե համակարգը ներդրվում է, ինչպես իրենք են հավաստում, ելնելով հասարակության շահերից, ուրեմն պետք է հաշվի առնվի նաեւ հասարակության կարծիքը, իսկ այն առավել հստակ կողմնորոշվում է դեպի սոցիալական ապահովության քարտը: Մնում է կարծել, որ նախարարությունը այս կերպ փորձում է փոխհատուցել անհատական ծածկագրերի համար կատարած իր ծախսերը, իսկ օրենքը՞.... օրենքը թող մի քիչ էլ սպասի:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել