
Բանտերի թափոնները՝ «պետական գաղտնիք»
Գրիշա Բալասանյան, Զարուհի Մեջլումյան
Պետական գումարները հոսում են կոյուղի կամ…
Ո՞ւր է «անհետանում» պատրաստված, բայց չիրացված բանտային սնունդը. այս հարցի պատասխանը շուրջ երեք ամիս մենք չկարողացանք ստանալ Քրեակատարողական վարչությունից, իսկ հետո նաև՝ Արդարադատության նախարարությունից:
Քրեակատարողական վարչությանը խնդրել էինք տրամադրել տեղեկություններ, թե 2013-ից մինչև հարցմանը պատասխանելու օրը որտե՞ղ է իրացվել և իրացվում ՔԿՀ-ներում պատրաստված, սակայն դատապարտյալների կողմից չսպառած սննդի թափոնը: Բացի այդ, հարցրել էինք՝ որ ընկերությունը ինչ հիմունքներով է իրականացրել ու իրականացնում պատրաստի սննդի թափոնների դուրս բերումը ՔԿՀ-ից:
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն՝ ընդդեմ ՔԿ վարչության դիմել է վարչական դատարան
Ամիսներ շարունակ փոխանակվող գրագրությունը, հեռախոսազրույցները արդյունք չտվեցին: Պատասխանատուներն ակնհայտ խուսափում էին այդ հարցերին պատասխանելուց, իսկ գրավոր հարցումներին պատասխանելիս այդ հարցերը պարզապես շրջանցում էին: Նույնիսկ արդարադատության նախարարությունն ի զորու չեղավ պատասխանել այդ հարցին: «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ստիպված եղավ տեղեկատվություն ստանալու պահանջով՝ ընդդեմ քրեակատարողական վարչության դիմել վարչական դատարան:
Այս հարցերի պատասխանները ստանալը շատ կարևոր է, քանի որ ներկա և նախկին դատապարտյալներից, ոլորտում աշխատողներից, իրավապաշտպաններից, դիտորդներից ստացել ենք ինֆորմացիա թափոնների օտարման տարբեր ձևերի մասին: Իսկ ՔԿՎ-ի ու ԱՆ-ի խուսափողական կեցվածքը ավելացնում են կասկածները, որ թափոնների իրացման հարցում իրոք համակարգը հանրությունից թաքցնելու բան ունի: Այս ինֆորմացիան, բնականաբար, ունի քրեակատարողական վարչությունը, մինչդեռ խուսափում է տեղեկատվություն տրամադրել, ինչն արդեն կասկած է հարուցում:
Տարբերակ 1-ին՝ սնունդը թափվում է կոյուղի
2016-ի նոյեմբերին ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբի 2014-2015 թթ. գործունեության հաշվետվության ներկայացման ժամանակ ՔԿՎ կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանը «Հետքի» հարցին պատասխանելով, նշեց, որ պատրաստված, սակայն ազատազրկվածների կողմից չիրացված սնունդը թափվում է կոյուղի:
Դատապարտյալ Գառնիկ Առաքելյանն ասում է, որ թափոնները «կալոդեցն էին ածում», մեկ-մեկ էլ «զիբիլանոց տանում»:
Տարբերակ 2-րդ՝ բանտային սնունդը դառնում է խոզերի կերակուր
Շրջանառվում է վարկած, որ այդ թափոններով կերակրում են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների խոզերին: Օրինակ՝ ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամ Ռուբեն Սարգսյանն ասում է, որ տեսել է, թե ինչպես է չիրացված կերակուրը լցվում հատուկ երկաթե մեծ տարաների մեջ: Ասում է նաև, որ լսել է, թե այդ կերակուրը ծառայում է որպես մասնավոր անձանց խոզերի կեր: Իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը խիստ կասկածում է, որ խոզերը կուտեն այդ կերակուրը, բացառությամբ հացի: Այդուհանդերձ, նա նույնպես լսել է, որ խոզերի կերակուր է դառնում թափոնը:
Նախկին դատապարտյալ Արամ Դավթյանը պատմում է, որ կարծես հատուկ սնունդը այնքան վատ է պատրաստվել, օրինակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որ ազատազրկվածները չօգտվեն: «Եթե մեզ տային մթերքը, մենք ավելի լավ կսարքեինք, բայց չէին տալիս»: Արամ Դավթյանը ընդգծեց՝ երբ շատ դատապարտյալներ չէին օգտվում բանտի նախաճաշից, ճաշից ու ընթրիքից, այդ թափոնները դուրս էին տեղափոխվում, բայց, թե կոնկրետ ուր՝ չգիտի: Ոմանք էլ ասում էին՝ մասնավոր խոզաբուծարաններ է առաքվում բանտարկյալների ուտելիքը:
Տարբերակ 3-րդ՝ թափվում է աղբավայր
Մեր զրուցակիցներից ոմանք նշում էին չիրացված սնունդը աղբավայր տեղափոխելու տարբերակը:
Տարբերակ 4-րդ՝ առհասարակ ՔԿՀ տարածքից դուրս չի գալիս
Ոմանք էլ ասում են, թե թափոնները քրեակատարողական հիմնարկից դուրս չեն գալիս, իսկ թե ինչ է արվում՝ ոչ ոք չգիտի:
Բանտերում սննդից հրաժարվողների թիվը զգալի է
Օրինակ՝ 2015թ.-ին բանտերի խոհանոցների աշխատակիցների հետ Դիտորդական խմբի հարցումների համաձայն՝ սննդից հրաժարվողների թիվը տարբեր ՔԿՀ-ներում տարբեր է եղել, այն տատանվել է 8- 60 տոկոսի սահմաններում: 8 տոկոսը եղել է «Գորիսում», 60 տոկոսը՝ «Նուբարաշենում»:
Բանտերում գոյացած սննդի թափոնը չի փաստաթղթավորվում
Թեպետ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը մեզ հետ զրույցում անթույլատրելի է համարում սննդի թափումը, այդուհանդերձ այն թափոն է դառնում, ավելին՝ չի փաստաթղթավորվում: Հանրությանն անհայտ է մնում, թե հարկատուներիս միջոցների որ մասն է դարձել թափոն՝ չծառայելով նպատակին:
Ոլորտի պատասխանատուները մեջբերում են 2015-ին կատարված փոփոխությունը, ըստ որի՝ սննդից հրաժարվողները մեկ օր առաջ ստորագրում են մատյանում, ինչն էլ կանխատեսելի է դարձնում պատրաստվող սննդի քանակը: Սկզբում ՔԿՎ-ից խուսափեցին ներկայացնել այդ մատյանները՝ պատճառաբանելով, որ կխախտեն անձնական տվյալների պաշտպանության իրավունքը: Խնդրել էինք տրամադրել 2015թ-ի հունիսի 9-ի արդարադատության նախարարի 251-Ն հրամանի շրջանակներում դատապարտյալների կողմից սննդից հրաժարվելու մատյանների պատճենները 1-2 ՔԿՀ-ների օրինակով: Հնարավորություն ընձեռել դրանց ծանոթանալ տեղում և անհրաժեշտության դեպքում լուսատեսանկարահանել:
ՔԿՎ-ն անտեսեց տեղում մատյաններին ծանոթանալու խնդրանքը: Փոխարենը տրամադրեց «Հրազդան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում պաhվող օրվա ճաշացանկից հրաժարված կալանավորված անձանց և դատապարտյալների ցուցակներից մի քանի էջ՝ բաց վիճակում թողնելով միայն ստորագրությունների հատվածը, որից ոչ մի կերպ չի հասկացվում, թե ինչ ցուցակ է: Երկու ՔԿՀ-ից ստացված մատյանների քաղվածքների 17 էջանոց պատճեներից յուրաքանչյուր էջում երևում են 7-8 միևնույն ստորագրությունները՝ իբր հիշյալ անձինք հրաժարվել են բանտի սննդից օգտվել: Իսկ կից ներկայացված տեղեկանքի համաձայն՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում հունիսի 21-ի ժամը 15-ի դրությամբ պահվել է 249 անձ, որոնցից 7-ը գտնվել են արձակուրդի մեջ, իսկ իսկ 43-ը հրաժարվել են սնունդից:
«ՔԿ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի համար կան բավական մեծ հնարավորություններ»
Ըստ պետական գնումների ուսումնասիրությամբ շուրջ 9 տարի զբաղվող փորձագետ Արտակ Մանուկյանի՝ պետության համար կարևոր պետք է լինի, որ բանտի 1 դրամը նպատակային ծախսվի: Նրա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ՔԿ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի դրսևորման համար կան բավական մեծ հնարավորություններ»:
Արտակ Մանուկյանը
«Օրինակ, տեսնում ենք, որ փաստաթղթով ձեռք են բերել միրգ, սակայն դա դեռ ապացույց չէ, որ այն բաշխվել է: Երբ տեսնում ես, որ նույն ձեռագրով ստորագրություն կա, թե ստացել ենք, էլի խնդիր է: Ասում են՝ որոշ դեպքերում դատապարտյալները չեն ցանկանում ստորագրել և երբեմն լրացվում է խոհանոցի պատասխանատուի կողմից, ինչը ռիսկ է»,- նկատում է Արտակ Մանուկյանը:
Ցավոք մեր հանրությունը դեռ այն գիտակցումը չունի, որ հարկերի ծախսերը դառնան համար մեկ խնդիր: «Պահանջատեր քաղաքացի չունենք: Հանրությունը չի եկել այն գիտակցման, որ պետք է պահանջի՝ ուր են գնում իր վճարած հարկերը: Վերևներին էլ սա ձեռք է տալիս: Իրենք անմասն չեն կոպիտ ասած, ծակ դույլից գումարների արտահոսքին: Խնդիրների մասին բարձրաձայնում են հասարակական կազմակերպությունները, ոլորտին մոտ կանգնած մարդիկ, բայց լայն հանրության համար իր հարկերի ռացիոնալ ծախսման պահանջը ձևավորված չէ»,- ասում է փորձագետ Արտակ Մանուկյանը:
Ազատազրկվածների մեծաքանակությունը ձեռնտու է
Իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցն ու Արայիկ Պապիկյանը կապ են տեսնում ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության, վերջին տարիներին համաներում չկիրառելու, կալանքը որպես խափանման միջոց 90 տոկոսով կիրառելու, պայմանական վաղաժամկետ ազատումները հազվադեպ երևույթ դարձնելու միջև։ Նրանք համոզված են, որ ինչքան շատ քաղաքացի լինի ՔԿՀ-ներում, այնքան շատ եկամուտ կունենան:
Առաջարկություններ
Փորձագետ Արտակ Մանուկյանն առաջարկում է տեսախցիկներ տեղադրել, օրինակ, ՔԿՀ-ների խոհանոցներում ու պահեստներում և այն միացնել առցանց, որպեսզի, օրինակ, վերադասները և հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները տեսնեն սննդի շարժը, պատրաստումը և այլն:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը պատրաստ է քննարկել հասարակական սեկտորի ներկայացրած ցանկացած կառուցողական առաջարկ, ինչը կբերի ոլորտում շոշափելի դրական փոփոխությունների:
Մեր ուսումնասիրությունները հանգեցրին նրան, որ քրեակատարողական վարչությունը չի ապահովում անհրաժեշտ թափանցիկություն, ինչը գրեթե անհնարին է դարձնում լայն զանգվածների կողմից հասարակական հսկողության իրականացումը: Այս առումով անհրաժեշտ է՝
1. Տեղադրել տեսախցիկներ բանտային խոհանոցներում և պահեստներում
2. Դատապարտյալները և կալանավորված անձինք ունենան սննդային քարտեր
3. Ամբողջությամբ փաստաթղթավորել սննդային թափոնները
4. ՄԻՊ գրասենյակը պարբերաբար իրականացնի սննդի փորձաքննություն
5. Բանտային սննդի գնումներն իրականացնել արտադրողից
6. Անփոփոխ սննդային ճաշացանկը դարձնել սեզոնային և ամառվա ամիսներին անազատության մեջ գտնվող անձանց տալ բանջարեղեն և մրգեր
7. Սննդային թափոնները չթափել, դրանք վաճառել թանկ գին առաջարկող անասնաբուծական ֆերմաներին և գումարներն ուղղել բացառապես անազատության մեջ գտնվող անձանց սննդային և հիգիենիկ կարիքները հոգալուն
8. Սննդային թափոնների ծավալը, ինչպես նաև դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից սննդից հրաժարվելու դեպքերը կրճատելու նպատակով քրեակատարողական հիմնարկներն ապահովել խոհարարներով
9. Քրեակատարողական վարչության կայքում հրապարակել դատապարտյալների և կալանավորների սնունդին, հիգիենիկ միջոցներին, հագուստին և այլ պարագաներին վերաբերող բոլոր պայմանագրերի պատճենները՝ կից հավելվածներով:
Սկիզբը՝ այստեղ, այստեղ և այստեղ
Լուսանկարները և տեսանյութը` Սարո Բաղդասարյանի, Դավիթ Բանուչյանի
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել