HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Համլետ Գասպարյանի գործով երկրորդ վկան տարակուսած է. ինչպե՞ս կարող էր փոքրամարմին Սարգիսն այդպես հարվածել Համլետին

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Համլետ  Գասպարյանի գործով այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ցուցմունք տված վկա Տարոն Հովհաննիսյանը դատական նիստից դուրս գալով, սպասել է Համլետ Գասպարյանին: Նա վկա Սարգիս Աբրահամյանի կողմից Համլետին հարվածելու վերաբերյալ իր տարակուսանքը հայտնեց.

«Ինձ համար աբսուրդ է ուղղակի, թե ոնց կարող էր այդպես պատահած լինել, - ասաց նա՝ դիմելով Գասպարյանին: - Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր Սաքուլիկը խփած լիներ էս մարդուն. մի հատ էս մարդու բոյին ու ջանին նայի ու Սաքուլիկին»:

Նա չի ժխտում. դիպվածն իսկապես տեղի է ունեցել, թեև չի կարող մտաբերել նույնիսկ կնոջ դեմքը, բայց պնդում է, որ խանութի դիմաց պատահածն իրականություն էր: Վկան, թեև դատարանի դահլիճում պնդում էր, որ «երկու շենք հեռավորության վրա» տեսել է, թե ինչպես է Սարգիս Աբրահամյանը հետապնդում հանցագործին, սակայն «Սարգսի առջևից վազողին չէր տեսել»:

Տարոն Հովհաննիսյանի ցուցմունքը

Դատարանում ցուցմունք տալիս Տարոն Հովհաննիսյանը  դժվարությամբ էր մտաբերում պատահածը: Նա ասաց, որ իր բանջարեղենի խանութում բակի տղաների հետ ֆուտբոլային խաղ էին դիտում, երբ լսել են կնոջ ձայներ: Սկզբում մտածել են, թե շուն է հարձակվել վրան, որովհետև այդ տարածքում շատ կան թափառող շներ, որոնք հարձակվում են մարդկանց վրա: Բայց հետո պարզվել է, որ «շղթա են գողացել»:  Ինքն անմիջապես դուրս չի եկել, քանի որ հաճախորդի է սպասարկել, բայց վկա Սարգիս Աբրահամյանը վազել է դուրս: Երբ Հովհաննիսյանը դուրս է եկել, խանութի առջև նկատել է մի կնոջ, որին հարևաններն արդեն օգնություն էին ցուցաբերում: Ըստ նրա՝ կինն ասել է, որ կախազարդը կամ շղթայի մի այլ հատվածը գտել է: Հետո ինչ-որ մեկը գտել է նաև շղթայի մյուս մասերը, իսկ դրանից առաջ մարդիկ հեռախոսի լապտերները միացրած փնտրում էին: Հովհաննիսյանը պնդում է, որ Սարգիս Աբրահամյանը վերադառնալուն պես իրեն ոչինչ չի պատմել, և միայն այն բանից հետո, երբ դատավորը կարդաց ցուցմունքը մտաբերելով հաստատեց, որ երբ Սարգիսը մոտեցել է մարդկանց խմբին նրան հարցուփորձ են արել, և այդ ժամանակ ասել է, որ հարվածել է փախչող հանցագործին, որն էլ ասել է նրան՝  շղթան գցել եմ, թող գնամ:

Փաստաբան Թամարա Հովհաննիսյանը հարցրեց վկային, թե երբ են ոստիկաններն իրեն դեպքի կապակցությամբ հարցաքննել, ինչին վերջինս պատասխանեց՝ դեպքից երկու թե երեք ամիս անց են եկել իմ հետևից: Այն հարցին, թե ինչպես է մտաբերել միջադեպի ժամը, վկան ասաց՝ ֆուտբոլի խաղով:

Պաշտպանը խնդրեց վկային մտաբերել, թե ինչ զանգեր է նա կատարել այդ օրը՝ 20:30-21:00-ի միջակայքում և թե ինչու է նրա հեռախոսահամարի վերծանումը  ցույց տալիս, որ վերջինս գտնվելիս է եղել Նորքի զանգվածի տարածքում:

«Մասնավորապես, հեռախոսային վերծանման վերաբերյալ կատարված զննության արձանագրության մեջ նշված է, որ 20:30-21:00-ը ժամանակահատվածում վկայի հեռախոսազանգերը սպասարկվել են հետևյալ հասցեներում գտնվող ալեհավաքներով, - Բաղդասարյանը կարդում է, - 20:39-ից 20:53-ը ընկած ժամանակահատվածում, 21:01-ին, 21:06-ին և 21:57-ին քաղաք Երևան, Բորյան 1 հասցեում գտնվող ալեհավաքը, ժամը 20:59, 21:00-ին և 21:23-ին՝ Գյուրջյան 14, իսկ 21:00-ին Միկոյան 2-ում հասցեում գտնվող ալեհավաքները: Բորյան 1-ը դա Նորքի 1-ին զանգվածում է, իսկ Գյուրջյան 14-ը և Միկոյան 2 հասցեները դա Նորքի 5-6-րդ զանգվածներում են»:

Փաստաբանը նշեց, որ  Գյուրջյան 14-ը և Միկոյան 2-ում գտնվող ալեհավաքները կարող էին սպասարկել միևնույն տարածքւմ եղած հեռախոսահամարը, սակայն դրանք երկուսն էլ բավականին հեռու են Յան Ռայնիս փողոցից:

Վկան նշեց, որ ամեն օր տասի կողմերը խանութը փակում էր ու գնում ապրանք բերելու: Նա ավելացրեց, որ երբեմն ապրանք բերելու է գնացել Նոր Նորքի տարածքով, քանի որ սովորաբար այդ ժամերին տեսակցել է նշանածին, որն ապրում է քաղաքի այդ հատվածում: Սակայն դա սովորաբար տեղի է ունենում ժամը 22:00-ից հետո, երբ փակում է խանութն ու դուրս գալիս:

Փաստաբանը հարցրեց վկային՝ «հնարավոր է Սարգիսն ուներ իր մոտ հեռախոս, բայց վկա տեղյակ չի եղել», ինչին վերջինս պատսխանեց՝ ոչ, հնարավոր չէ: Վկան մտաբերեց, որ երբ այդ օրը դուրս են եկել խանութից, ֆուտբոլի խաղը դեռ չէր ավարտվել:  

Դատավորը հարցրեց վկային, թե ինչու դատարանում չմտաբերեց, որ Սագիսն ասել է հարվածելու մասին, մինչդեռ նախաքննության  ժամանակ տված ցուցմունքում կար դրա մասին: Վկան պատասխանեց, որ Սարգիսն իրեն առանձին ոչինչ չի ասել, եղածի մասին նա պատմել է մարդկանց մոտ, այնտեղ լսածը փոխանցել է քննիչին, և քանի որ դեպքից ահագին ժամանակ է անցել, այդ մասը չի տպավորվել:

Համլետ Գասպարյանի ցուցմունքը

Հանցագործության մեջ մեղադրվող Համլետ Գասպարյանը հայտարարեց, որ դեպքի մասին տեղեկություններ չունի և ոչինչ չի կարող ասել, քանի որ չի եղել դեպքի վայրում:

Դատավոր Ա. Մկրտչյանը հարցրեց՝ հրաժարվո՞ւմ եք ցուցմունքից:

- Չէ՛, չե՛մ հրաժարվում, հարցե՛ր տվեք, Ձեր հարցերին կպատասխանեմ:

Դատավորը հարցեր տալու իրավունքը տվեց փաստաբանին:

-Որտե՞ղ եք գտնվել և ինչով եք զբաղված եղել 2016թ. սեպտեմբերի 4-ին, ժամը 20:00-ից մինչև 21:30 հատվածում:

Համլետ Գասպարյանը պատասխանեց. 

-Այդ ժամանակահատվածում եղել եմ Աբովյան և Թումանյան փողոցներում՝ Կենտրոնի հատվածում, քանի որ տաքսի եմ վարում, որից հետո բարձրացել եմ Նորքի զանգված, եղել եմ 8-րդ,  6-րդ, հետո 2-րդ զանգվածում, Մոլդովականի ամենավերջում: Ժամը 23:00-ի կողմերը եղել եմ ոչ թե Զեյթունում, այլ Քանաքեռում՝ 6-րդ փողոցում: Կոնկրետ էդ ժամանակահատածում եղել եմ Մասիվում:

- Իսկ ինչպե՞ս հայտվեցիք այս գործում հարցին Համլետ պատմեց դատարանին, որ հորաքրոջը այցելության էր գնացել՝ Դավիթ Անհաղթ փողոցում գտնվող հանրակացարան և դուրս գալիս սայթաքել է ու վայր ընկել: Նա դատարանին պատմեց Հետքի ընթերցողներին արդեն հայտնի տեղեկությունները:

- Քրեականի պետը հարցրեց՝ ով է խփել, - պատմում է Գասպարյանը, - ասեցի՝ չեն խփել, ընկել եմ, քիթս ջարդել եմ, հազար հոգի մարդ է տեսել:

Համլետը նշեց, որ խուզարկություն են եկել միայն ենթադրյալ դեպքից մոտ 10 օր հետո՝ 11-ին թե 12-ին: Ըստ նրա՝ խուզարկությունը միայն կարող էր ծիծաղ առաջացնել, որովհետև իրենք էլ գիտեին, որ փնտրելու բան չկա:

Հագուստի վերաբերյալ հարցին Գասպարյանը պատասխանեց, որ եղել է սեւ մայկայով ու սեւ, սպիտակ զոլերով սպորտային շալվարով, այնուհետև մոտավորապես 20:00-ի սահմաններում տուն է (Նորքի 8-րդ զանգված) բարձրացել, փոխել է վերնահագուստը՝ հագնելով սպիտակ կիսաթեւ շապիկ: Այն հարցին, թե ինչու էր տուժողը պնդում, որ Համլետն է եղել իրեն կողոպտողը, վերջինս պատասխանեց.

- Տուժողը քննչականում առերեսման ժամանակ դիմացս նստած լաց էր լինում, ասում էր՝ քեզ կարո՞ղ ա դատեն ասածներիս համար, Համլետ:

Համլետ Գասարյանը նշեց, որ ոստիկանների գործողությունների հետ կապված բողոք է ներկայացրել ՀՔԾ:  

Դուք հաստատապես պնդո՞ւմ եք, որ սեպտեմբերի 4-ին նշված ժամանակհատվածում Յան Ռայնիս փողոցում չեք գտնվել հարցին, Համլետ Գասպարյանը պատասխանեց, որ պնդում է, չի եղել այնտեղ: Նա ավելացրեց, որ պահանջել է  քննիչին ՃՈ տեսանկարահանման սարքերը վերծանել, մանավանդ որ եղանակի ու լուսավորության պատճառով  հնարավոր էր մոտեցնել և տեսնել, որ մեքենայի ղեկին ինքն է եղել նստած: Բացի այդ իր ճանապարհին կային մի քանի տեսախցիկներ:

- Մինչև 5-րդ մասիվի խաչմերուկներին տեսախցիկներ կան տեղադրված, քննիչը հանգիստ կարող էր այդ տեսախցիկները վերծանել: Բայց իրենց ձեռք չէր տալիս, դրա համար էլ 10 օր հետո էդ գործը սարքեցին: Սեպտեմբերին էլ, էդ շոգին հաստատ ապակիները փակ չէի քշելու, թող մոտեցնեին, տեսնեին, որ ղեկին ես եմ նստած: Եթե մարդը հանցագործություն արած լինի, հաստատ չի գա, ասի, վերծանե՛ք կամերաները, տեսե՛ք, թե ես որտեղ եմ եղել:

Մեղադրող կողմը խնդրեց նկարագրել, թե ինչ պայմաններում է ստացել վնասվածքը:

- Ժամը 23:00-ի կողմերը դուրս եկա, հանրակացարանի աստիճանները ջարդված են, եթե այնտեղ եղել եք: Ոտքս սայթաքեց, ընկա, քիթս կպավ գետնին: Լույս չկար: Գործում շտապօգնության ահազանգն էլ պիտի լինի գրանցված:

Դատախազի հաջորդ հարցը վերաբերում էր վնասվածքի դատաբժշկական փորձաքննությանը, որին Գասպարյանը պատասխանեց, որ այն եղել է դեպքից մոտ 20 օր անց, երբ վիրակապը արդեն հանված էր և վնասվածքն արդեն աչքի համար տեսանելի չէր:

Դատախազը հարցրեց՝ ի՞նչն էր պատճառը, որ տուժողն ու վկան ձեր դեմ մանրամասն ցուցմունք տվեցին, ինչին Գասպարյանը պատասխանեց՝ ոստիկանական բաժնում ստեղծված լարված վիճակը:

Դատախազը հարցրեց.

- Ունե՞ք ապացույց, որ կոնկրետ էդ ժամերին զանգահարել են ձեզ:

Հ․Գասպարյան - Ես օֆիսի հետ չեմ աշխատում, այլ անհատական, և դրա համար կանգնել էի բժշկականի դիմաց: Իսկ Ռոման Մախմուդյանին խնդրել եմ վերծանել կամերաները, սակայն վերջինս մերժել է:

Դատավոր - Մինչև ձեզ հայտնաբերելը, թե՛ Նաիրա Վարդանյանը և թե՛ Սարգիս Աբրահամյանը մատնացույց են արել ձեզ, ինչո՞ւ:

Հ․Գասպարյան- Իսկ որտեղի՞ց իրենց մոտ իմ նկարը մինչև ինձ հայտնաբերելը:

Դատավոր- Ես չգիտեմ, թե դա ինչ եղանակով են ձեռք բերել, բայց մինչև ձեզ կենդանի տեսնելը լուսանկարով ձեզ ճանաչման են ներկայացրել:

- Ո՛չ, - առարկեց Գասպարյանը, - Ասեմ, թե որ լուսանկարով են ինձ ճանաչման ներկայացրել. որով որ նկարել են ինձ հանրակացարանում, երբ ցույց էի տալիս ընկածս տեղը: Այդ լուսանկարն են դրել տուժողի դիմաց, հետո լուսանկարս փոխել են:

Դատավոր - Լա՛վ, կոնկրետ Նաիրա Վարդանյանը կամ Սարգիս Աբրահամյանը ձեր նկատմամբ որևէ թշնամանք ունեցել են:

Հ․Գասպարյան - Ես նրանց ընդհանրապես չեմ ճանաչում:

Դատավոր - Այդ դեպքում ինչու պիտի ձեր դեմ ցուցմունք տային:

Հ․Գասպարյան - Ասել եմ արդեն. քրեականի պետն է ուղարկել իրենց:

Դատախազ - Էդ մարդիկ նախազգուշացվել են ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, էդ պայմաններում նրանք ի՞նչ ակնկալիք ունեին, որ չի բացահայտվելու:

Հ․Գասպարյան  Ասեմ. որ մի հատ հոպար ունենայի՝ լավ ուժեղ, ներսում աշխատող ունենայի, կասեր՝ վեջդ չդնես, ես տեր եմ ամեն ինչին:

Դատավոր - Հիմա նրանք կեղծ ցուցմունքնե՞ր են տալիս:

Հ․Գասպարյան - Այո՛, կեղծ ցուցմունքներ են տալիս: Եթե մեղավոր եմ, ինձ դատե՛ք, ես չեմ խուսափում պատասխանատվությունից:

Դատավոր - Վկա Սարգիս Աբրահամյանը դատարանում ձեր ներկայությամբ ցուցմունք տվեց, որ ինքը ձեզ մարմնական վնասվածք է պատճառել: Դա ի՞նչ զուգադիպություն կարող է լինել:

Հ․Գասպարյան -Զուգադիպությո՞ւն, պարո՛ն դատավոր, ի՞նչ զուգադիպություն, սարքա՛ծ գործ է, բա ի՞նչ ասեր: Եթե քիթս ջարդած ինձ տարել են բաժին, հո՞ չէր ասելու, որ տվել, ուսն էր ջարդել: Քննիչն իրեն ուղղորդում էր, պարո՛ն դատավոր: Ես ի՞նչ անեմ, որ ներսում կամերաներ չկան, կմիացնեիք հիմա կնայեիք, թե ինչ էր կատարվում:

Փաստաբան Թամարա Բաղդասարյանը հրապարակեց հայտարարություն՝ մեջբերելով հեռախոսազանգերի զննության արձանագրությունից համապատասխան հատվածը, որտեղ ներկայացված էին նրա պաշտպանյալի հեռախոսային զանգերը.

- 20:19, 20:20, 20:36, 20:37, 20:44, 20:47, 20:48 ժամերին վերջինիս հեռախոսը սպաասարկվել է Մոլդովական 27 ալեհավաքի կողմից, դա Նորքի 2-րդ զանգվածի տարածքն էր: Այդ նույն ժամանակահատվածում իմ պաշտպանյալը ենթադրաբար փախչում էր, նրան բռնում էին, հարվածում: Այսինքն՝ օբյեկտիվորեն դա ուղղակի հնարավոր չէր կատարել: Այսինքն, զուտ նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված ապացույցով, որով զննվել է իմ պաշտպանյալի հեռախոսազանգերը և ստուգվել ալեհավաքնեի տեղակայումը, արդեն ակնհայտ է, որ անձը չէր կարող կատարել այդ կողոպուտը, փախչել և միաժամանակ հեռախսազանգեր կատարել կամ պատասխանել հեռախոսազանգերին և լրիվ այլ հասցեի տարածքում:

Դատախազն առարկեց՝ նշելով, որ պաշտպանը  մասնագետ չի, և ի կարող ասել, թե որ ալեհավաքը որտեղ կարող է սպասարկել:

Սրան ի պատասխան պաշտպանը մեջբերեց զննության եզրակացությունը, որտեղ նշված է, որ տվյալ ալեհավաքների կողմից Յան Ռայնիս փողոցի տարածքը սպասարկելը «գրեթե անհնար է»:

- Ես միջնորդում եմ, - ասաց դատախազը, - որ տուժողի ասածով, վկայի ասածով համեմատվի և պահանջվեն կոնկրետ վերծանումները, որ տեսնենք, անձը հնարավոր է լիներ Յան Ռայնիսի 7 հասցեում և սպասարկող ալեհավաքը լիներ Մոլդովական 27-ը:

Պաշտպանական կողմը չառարկեց՝ վստահություն հայտնելով, որ իր պաշտպանյալը չի ստում և մեկ անգամ ևս կարող են ստուգել, ու ավելացրեց.

- Այդ ժամանակահատվածում մարդը 10 զանգ է արել ու ընդունել, որն անհնարին կլիներ տվյալ միջադեպի ժամանակ:

Թամարա Բաղդասարյանը դատարանին միջնորդեց պահանջել նաև վկա Սարգիս Աբրահամյանի կողմից դատարանի դահլիճում նշված  հեռախոսահամարի վերծանումը:

Դատավորը խնդրեց կողմերին ներկայացնել միջնորդությունը գրավոր՝ նշելով, թե կոնկրետ ում հեռախոսահամարների ինչ ժամանակահատվածում կատարված զանգերի վերծանում են պահանջում, և թե արդյոք հնարավոր էր միջադեպի տարածքում եղած հեռախոսահամարների սպասարկումը նշված ալեհավաքների կողմից, թե ոչ:

Դատական նիստի ավարտին դատախազը միջնորդեց պահանջել նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը գտնվում է կարճված գործի նյութերում:

Հաջորդ դատական նիստը նշանակված է օգոստոսի 30-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter