
Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները եռապատկվել են
Այս տարվա առաջին կիսամյակում մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել շուրջ 1168 տոննա ապրանք: Դրա ընդհանուր արժեքը կազմել է 39.6 մլրդ դրամ կամ 82 մլն ԱՄՆ դոլար:
Հայաստանին հատկացված մարդասիրական օգնության ծավալները (արժեքը) 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ 3.3 անգամ աճել է։ Մասնավորապես, կտրուկ աճել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի ծավալները, որոնք Հայաստան են ներմուծվել որպես մարդասիրական օգնություն։
Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալներից, որոնք ստացվում են Պետական եկամուտների կոմիտեից։
Ստացված օգնության շուրջ 90%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը։ Այն նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ գրեթե հնգապատկվել է։
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների
Վիճծառայությունը նաև ներկայացնում է մարդասիրական օգնության ծավալներն՝ ըստ երկրների։ Այդ ցանկից, սակայն, պարզ չի դառնում, թե որ երկրներից ստացված օգնության ծավալների հաշվին է այն աճել առաջին կիսամյակում։ Ցանկում ներկայացված է նաև «մնացած երկրներ» տող, որտեղ չի մանրամասնվում, թե որ երկրների մասին է խոսքը։ Եթե 2016-ի առաջին կիսամյակում «մնացած երկրներից» Հայաստան է ներմուծվել 3.8 մլն դոլարի ապրանք, ապա այս տարի՝ շուրջ 56.9 մլն դոլարի։ Այսինքն՝ այն աճել է մոտ 15 անգամ։ Բացի այդ «անհայտ» երկրները, Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության կազմում երկրներից համեմատաբար զգալի կշիռ ունեն Շվեյցարիան, ԱՄՆ-ը, Չինաստանն ու Գերմանիան։
լուսանկարը՝ mil.am-ի
Մեկնաբանել